Մեր «հաջողված» իռացիոնալիզմը և դրանից հրաժարվելու հրամայականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 4, 2010 16:22

Ի տարբերություն Կոսովոյի, որն իր նպատակին հասավ` միջազգային հանրության շրջանակներում բավարար կապեր ու նպաստավոր քաղաքական պայմաններ ստեղծելով, հայությունն իր ազգային նպատակներին դեռևս փորձում է հասնել «բղավելու ու բողոքելուե ռազմավարությամբ:Ե՞րբ ենք ընկալելու համաշխարհային քաղաքականության իրական պատկերը, ե՞րբ ենք հասկանալու, որ հարցերը միջազգային հարաբերություններում լուծվում են միմիայն տնտեսական ու քաղաքական շահերի հիման վրա, ե՞րբ ենք գիտակցելու, որ հայկական այս կամ տարածքի վերադարձը կամ Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է լինել միայն իրական հզորություն (actual power) ունենալու պայմաններում:Ցավոք, իռացիոնալիզմը մեզ մոտ այնքան «հաջողվածե է (այլ կերպ ասած` այնքան հասունացած), որ ռացիոնալ գործունեության համար տեղ չկա, կամ գործում է դրա դեգրադացված` «տարածք հանձնենք, որ լավ ապրենքե տարբերակը:
Ցավոք, նույն իռացիոնալիզմով ամեն տարի անբնական ակտիվությամբ հետևում ենք ամերիկյան նախագահին, որ հնարավոր է` «ցեղասպանությունե բառը ասի: Ցավոք, մեր քաղաքական ուժերը, մեկնաբանելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին (որում հերթական անգամ նշված է տարածք հանձնելու մասին կետը), հայտարարում են, թե համանախագահ երկրները ձգտում են հասնել հարցի խաղաղ կարգավորման, ու որ դա ողջունելի է: Ցավոք, մեր արտգործնախարարը, փոխանակ խիստ դատապարտի Ադրբեջանի ռազմական դոկտրինով հաստատված ուժային ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու իրավունքը, հայտարարում է, որ «Ադրբեջանի ռազմական դոկտրինում ամրագրված ձևակերպումները հակասում են Ադրբեջանի սահմանադրությանըե: Ցավոք, հայ ազգայնականները օգոստոսյան պատերազմի ժամանակ պնդում էին «մտնել Ջավախքե: Եվ ցավոք, մեր պետական շրջանակները, վերլուծելով Կոսովոյի մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, պնդում են, որ դա նախադեպ է Ղարաբաղի համար, նույնիսկ առաջարկում համապատասխան հայցով դիմել դատարան:

Չենք փորձի բացատրել, որ ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող են դիմել միայն ՄԱԿ-ի անդամ պետությունները, և նույնիսկ եթե Հայաստանն էլ նման հայցով դիմի, ՄԱԿ-ում «Իսլամական կոնֆերանսե կազմակերպության անդամ երկրների պրոադրբեջանական դիրքորոշման պատճառով հայանպաստ որոշում ուղղակի չի կարող ընդունվել (և, իհարկե, ոչ միայն այդ պատճառով):

Խնդիրն այստեղ ոչ այնքան Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելու ուղիներ փնտրելը քննադատելն է, որքան այդ փնտրտուքի իրատեսության բացակայությունն ու փնտրողների` իրականությունից կտրված լինելու հիմնախնդիրն է:

Հասկացե’ք` Կոսովոյի դեպքը չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար ոչ այն պատճառով, որ այդ հակամարտություններն իրավաբանորեն նման չեն, և ոչ այն պատճառով, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման համար բավարար փաստարկներ չկան, այլ այն պատճառով, որ 21-րդ դարի հանրությունն այլևս հրաժեշտ է տվել իրավական ու պատմական սկզբունքներին, կամ այդ ոլորտի փաստարկները գործում են միայն այն դեպքում, երբ դրանց հեղինակ-գործադրողը կամ իրական հզորություն (ռազմական ներուժ), կամ պոտենցիալ հզորություն (այնպիսին, որն ապահովում է ռազմական հզորությունը, օրինակ` տնտեսական կամ մարդկային հզորությունը) ունի:

Բացի այդ, չափազանց կարևորվում է Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ համընդհանուր մոտեցում ունենալը: Բայց ազգի մի մասը, անտեղյակությունից կամ հիպերհայրենասիրությունից ելնելով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատկերում է Հայաստանի Հանրապետության հետ մի քարտեզում:
Հասկացե’ք` սրանով որևէ արդյունքի չեք հասնի, ընդհակառակը` ավելի եք ամրացնում Հայաստանի «ագրեսորե-ի պիտակը, թե «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղըե. տեսե’ք. քարտեզն էլ սարքել ենք:
Լեռնային Ղարաբաղը վաղուց ինքնորոշվել է, և այդ ինքնորոշման արդյունքում քվեարկել անկախության օգտին, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին:

Ուրեմն, պետք է խոսել միմիայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված անկախության միջազգային ճանաչման մասին, ու ոչ երբեք Ղարաբաղը Հայաստանին միավորելու մասին:

Ցավոք, ինչպես մնացած բոլոր հարցերում, ամենատարբեր կարծիքներն ունենք. այսօրինակ ազգային հարցերի շուրջ անթույլատրելի է ամենատարբեր կարծիքների առկայությունը. միայն համընդհանուր մոտեցում որդեգրելու պարագայում հնարավոր կլինի հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:

Ցավոք, իռացիոնալիզմը մեզ մոտ այնքան զարգացած է, որ այս փաստարկների իրացման համար բավարար տեղ չի մնացել. մարդիկ երազանքներով են ապրում` չգիտակցելով, որ նույնիսկ երազանքների հնարավոր է հասնել ռացիոնալ հաշվարկներով:

Ցավոք, նույն իռացիոնալիզմով ու ազգային երազանքներով սկսել ենք Ղարաբաղը Արցախ դարձնել ու պարտադրել, որ միջազգային շրջանակներում Արցախն օգտագործվի Ղարաբաղի փոխարեն: Սրանից հետո կփորձենք բացատրել միջազգային հանրությանը, որ Արցախը նույն Ղարաբաղն է, որ նույն Արցախն է, որի մասին այսքան տարիներ խոսում ենք, նույն Արցախն է, որ պատերազմում հաղթեց Ադրբեջանին, նույն Արցախում էր, որ ադրբեջանցիները խաչքարեր էին ավերում. «Ղարաբաղը նույն Արցա’խն էե:

Միջազգային հանրության դիտորդը առաջարկ է անում տարածքները հանձնել. 16 տարի է` չենք կարողանում ապացուցել դրա անարդարության ու անթույլատրելիության մասին, ինչպե՞ս կբացատրեք այս անհասկացող դիտորդին, որ Արցախն է Ղարաբաղի հայկական համանունը:
Բայց, այդուամենայնիվ և ի վերջո, սրա ժամանա՞կն է:

Անվանումները փոփոխելու ժամանակը չէ: Միջազգային հանրությանը հասկանալի լեզվով խոսելու անհրաժեշտությունն էլ մի կողմ թողնելով, այնուամենայնիվ, հասկանանք ժամանակն արդյունավետորեն օգտագործելու կարևորությունը. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք դեռ Ղարաբաղը Արցա՞խ ենք սարքում:

Լրջագույն հիմնախնդիր է ազգային հարցերում կարծիքների տարաբաժանված լինելու, ազգային այդ հարցերում գերակայությունների չգիտակցման ու ազգային հարցերի լուծման իռացիոնալ ուղիների գերագնահատման խնդիրը:

Ե՞րբ ենք հրաժարվելու այս վտանգավոր իռացիոնալիզմից. 21-րդ դարում իռացիոնալիզմով նույնիսկ արվեստաբանները չեն աշխատում, թեև, ինչպես գիտենք, նրանց էմոցիաներ են պետք, որպեսզի ստեղծագործեն:
«Ինչ պետքական ապրանք ունես. ես դա կգնեմե,- ասում է 21-րդ դարի տնտեսական մարդը:

Այնպիսի բաներ ստեղծեք, որ կարողանաք վաճառել, այնպիսի դիրքորոշում ընդունեք, որ ձեզ հետ խոնարհությամբ բանակցեն, կարևոր չէ` դեմոկրատական եք, թե ոչ. Իրանն էլ դեմոկրատական երկիր չէ, բայց նրա միջուկային քաղաքականության հետ հաշվի են նստում:
Խնդիրն այստեղ ահաբեկելու մեջ չէ, այլ` համաշխարհային քաղաքականության շարժընթացն ըմբռնելու ու դրա ուղղությամբ շարժվելու հրամայականի գիտակցման:

Հայրենասիրությունը վերացական զգացմունք է, որի համատեքստում զուգորդվում են սերն ու նվիրվածությունը հայրենի հողի ու ջրի նկատմամբ, և պետականություն ունեցող ազգերի համար (առավել ևս հայության համար, որ 2 պետություն ունի) ավելի կարևոր է ունենալ պետականասիրություն:

Իսկ 21-րդ տեխնիկական ու տնտեսական դարում պետականասիրությունը սահմանվում է որպես ռացիոնալ դերակատար-պետության ռացիոնալ քաղաքացիների գործունեություն:

Չե՞ք ուզում դառնալ ազգային նպատակների իրագործիչներ ու 21-րդ դարին հարիր քաղաքացիներ, զբաղվեք իռացիոնալ արվեստագործությամբ և ստեղծագործեք միայն ձեզ համար այն ինքնախաբեությամբ, թե արվեստը ձեր հոգու ներշնչանքն է, ու հոգ չէ, որ նկարը չի վաճառվում, կամ` արվեստագետի կյանքն էլ էդպես է, մեզ համար ենք ստեղծագործում, կամ այս բութ աշխարհում արվեստը չի գնահատվում ևն:

Չե՞ք կարող հրաժարվել անօգուտ իռացիոնալիզմից, դրա համար բարեկեցիկ երկրներում ձեզ համար միգուցե գործ գտնեք. այնտեղ մարդիկ իրենց նյութական պահանջմունքներն արդեն բավարարել են, հիմա միայն ճանապարհորդում են ու ստեղծագործում: Հայաստանի նման սոցիալ-տնտեսական պայմաններով երկրում հոգևոր պահանջմունքների բավարարման համար դեռևս վաղ է, կամ հոգեկան բավարարումը պետք է փոխլրացնել ազգային նպատակների իրականացմամբ:

Իսկ եթե ուզում եք լինել իսկական հայրենասեր, այն է` պետականասեր, ուրեմն վերջնականապես հրաժարվե’ք իռացիոնալիզմից, ադեկվատորեն պատասխանեք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ողջույնի խոսքեր մի’ հղեք համանախագահների հասցեին, որ տարածքի հանձնման մասին հայտարարություն են անում, մի’ դիմեք միջազգային դատարաններ Արևմտյան Հայաստանը վերադարձնելու խնդրով ու մի’ ներխուժեք Ջավախք ազատագրելու համար. դրա փոխարեն այնպես արեք, որ թուրք-հայկական սահմանը բացվի, և տնտեսապես ու մշակութապես հաստատվեք պատմական Արևմտյան Հայաստանում, դրա փոխարեն զարգացման սահմաններ ստեղծեք, նոր համարձակվեք հրաժարվել Վրաստանից, ու մի’ նայեք ամերիկյան նախագահի բերանին, որ հնարավոր է` «ցեղասպանությունե բառն արտասանի, ու մի քիչ հպարտ եղեք:

Դիտվել է 3164 անգամ:
Print Friendly

Leave a Reply