Ալերգիայի բուժումը թանկ է և հասանելի` ոչ բոլորին
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | August 4, 2010 14:19
Ալերգիան արտաքին միջավայրի տարբեր ազդակների ներգործության հանդեպ որոշ մարդկանց զգայունությունն ու դրանց նկատմամբ հակազդեցությունն է:
Ալերգիա առաջացնող նյութերը` ալերգածինները, բնույթով և ազդեցության տեսակով խիստ տարբեր են: Լինում են կենսալերգածիններ, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկական բնույթի ալերգածիններ: Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հիվանդության հարուցչի:
Ըստ մասնագետների, ալերգիկ երևույթները ի հայտ են գալիս կամ սրվում են հատկապես գարնանը և ամռանը. մաշկը չորանում է, ճաքճքում, առաջանում է ցան, քոր, որոշ մարդկանց մոտ` քթի փակվածություն, փռշտոցներ, արցունքակալում, գլխացավեր, դժվարաշնչություն և այլն:
«Էկզեմա» ալերգիական մաշկային հիվանդությունից խիստ տուժում են փոքր երեխաները. ախտահարվում են նրանց արմունկի ներսային մակերեսները և ծնկափոսերը: «Խոտատենդը» նույնպես ալերգիայի դրսևորումներից է. դրա նոպայի ժամանակ նկատվում է հարբուխ, արցունքահոսություն և նույնիսկ կարող է սկսվել հեղձուկի նոպա: Ալերգիան կարող է առաջացնել նաև բրոնխիալ ասթմա:
Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն ասում է, որ ալերգիկ հիվանդությունների աճի միտում կա ողջ աշխարհում, որի պատճառները պարզելու համար առայժմ հետազոտություններ են արվում:
Ըստ Բաղդասարյանի, ալերգիան շատ դեպքերում փոխանցվում է ժառանգաբար, սակայն շատ են նաև դեպքերը, երբ մարդ դառնում է ալերգիկ նաև մեծահասակ տարիքում:
«Ալերգիայի առաջին ախտանիշերը հանդիպում են դեռևս նորածին հասակում` դիաթեզի ձևով,-ասում է նա,-կա նաև հիգենայի հիպոթեզը, ըստ որի, ալերգիայի պատճառը մանկական հասակում օրգանիզմի ոչ բավարար շփումն է մանրէների հետ»:
Ալերգոլոգը նաև նշում է, որ Հայաստանում ալերգիայով տառապողների վերաբերյալ պաշտոնական տվյալները խիստ հակասական են, որովհետև դրանք հիմնված են բուժհաստատություններ դիմողների վրա, մինչդեռ շատերը ալերգիայի դեմ պայքարում են` առանց բժիշկներին դիմելու:
Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ դիմելու դեպքում, հնարավոր է բուժել կամ վիճակը թեթևացնել` չնայած որ բուժումը թանկ է և հասանելի` ոչ բոլորին:
«Եվրոպայում ալերգիայի դեմ բուժվելու համար տարեկան երեքից հինգ հազար եվրո է պահանջվում»,-ասում է նա` միաժամանակ նշելով, որ շատ դեպքում ալերգիան խրոնիկ բնույթ ունի և լիովին չի վերանում:
Բժիշկ- կոսմետոլոգ Լիլիթ Գևորգյանն էլ նշում է, որ հայերի մոտ 85-87 տոկոսն ունի յուղոտ մաշկ, որն էլ ամենաշատն է վնասվում արևից և մթնոլորտի մանրէներից (դա է պատճառը, որ հայ կանանց մեծամասնությունը տառապում է կորյակներից): Ուստի մաշկաբանը խորհուրդ է տալիս հատկապես ամռանը յուղոտ մաշկ ունեցողներին զերծ մնալ արևի տակ երկար մնալուց և օգտագործել համապատասխան քսուքներ:
«Ամռանը արևի տակ խորհուրդ է տրվում մնալ մինչև ժամը 11:00-ն կամ 17:00-ից հետո,-ասում է նա,-իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարտադիր է արևից պաշտպանվելու միջոցներ կիրառել` գլխարկ, պաշտպանիչ քսուքներ, հովանոց և այլն»:
Մաշկաբանը շեշտում է, որ արևի ճառագայթները կարող են առաջացնել նաև մաշկի քաղցկեղ:
Մասնագետները գտնում են, որ ալերգիայի դեմ պայքարը բարդ է. նախ պետք է որոշել պատճառը, ինչը շատ դեպքերում այդպես էլ անհայտ է մնում, ընդունել հակաալերգիկ դեղորայք: Երբեմն պետք է իրականացնել սպեցիֆիկ իմունաթերապիա:
Ամենատարածված ալերգեններն են ծաղկափոշին, բորբոսասնկերը, պենիցիլինները, սուլֆանիլամիդները, ցիտրուսները, մեղրը, մեղվի, մրջյունի, մոծակի թույնը, կենդանակամ ծագման նյութերը`մորթի և մազեր, քիմիական մաքրող նյութերը`լվածքի փոշի, օճառ և այլն: Ալերգիայի պատճառ կարող են լինել նաև մթնոլորտի աղտոտվածությունը, անորակ կոսմետիկ միջոցների օգտագործումը և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
