Կասկած կա, որ Ջեքսոնին գաղտնի են հուղարկավորել, իսկ դագաղը դատարկ է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 8, 2009 16:10
Երեկ Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունից հետո ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, թե փոփ արքայի աճյունը հարազատները գաղտնի են հողին հանձնել: Կա վարկած նաև, որ հրաժեշտի համերգ-արարողությանը դագաղը եղել է դատարկ:
Այս լուրերը չի հերքում նաև «TMZ.com» կայքը, որն աշխարհում առաջինը տարածեց փոփ արքայի մահվան լուրը:
Լոս-Անջելեսի քաղաքապետը պաշտոնապես հայտնել էր, որ հրաժեշտի արարարողությունը տեղի կունենա փոփ արքային նվիրված համերգից անմիջապես հետո, որը կանցկացվի «Staples Center» սպորտային համալիրի տարածքում: Թեև սկզբում մարդիկ կարծում էին, որ Ջեքսոնը կհանգրվանի իր ռանչոյում՝ Նեվերլենդում, այդուհանդերձ որոշվեց երգչին հուղարկավորել «Forest Lawn» գերեզմանատանը: Գերեզմանատան մուտքի մոտ հավաքված լրագրողների խումբը հիասթափություն է ապրել:
Ոստիկանության սպա Էյպրիլ Հանդրիգը Մայքլ Ջեքսոնի միլիոնավոր երկրպագուներին և լրագրողներին կոչ է արել ազատել շրջափակված «Forest Lawn» գերեզմանատունը`ակնարկելով, որ երգչի մարմինը սպորտային համալիրի տարածքից չի տեղափոխվելու գերեզմանատուն:
Մայքլ Ջեքսոնի` Լոս-Անջելեսում տեղի ունեցած հրաժեշտի շոու երեկոյին, որի ժամանակ երգեցին Լայնոլ Ռիչին, Սթիվի Ուանդերը, Մրայա Քերին և այլոք, մասնակցել է 18 հազար մարդ: Հրաժեշտի արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են աշխարհի բազմաթիվ հեռուստաալիքներ։
Ջեքսոնի հարազատները նստած էին առաջին շարքում և լսում էին Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի և երգչի ամենամտերիմ ընկերոջ` Դայանա Ռոսի ցավակցական ուղերձները: 25 հազար դոլար արժողությամբ ոսկեզօծ բրոնզե դագաղը բեմ բարձրացրին Ջեքսոնի եղբայրները, ովքեր մեկ ձեռքին կրում էին սպիտակ ձեռնոց:
Հանրահայտ երգչի վաղաժամ մահվան համար ափսոսանք հայտնեց նաև երգչուհի Մրայա Քերին: Ջեքսոնի գրեթե բոլոր հիթերը հնչեցին երեկոյի ընթացքում:
Իր ցավակցական ելույթում Սթիվի Ուանդրը մոտավորապես ասել է, որ Ջեքսոնն այս պահին հասել է իր փառքի գագաթնակետին. «Ես գիտեմ, որ մենք զգում ենք, թե ինչքան շատ է մեզ պետք Մայքլը, սակայն համոզված եմ, որ նա Աստծուն ավելի է պետք»:
Սգո արարողության եզրափակիչ մասում Ջեքսոնի ընտանիքի անդամները և արարողության հյուրերը միասին կատարեցին Մայքլ Ջեքսոնի ամենահանրահայտ երգերից մեկը՝ «Heal the World»-ը։
Վերջում խոսեց Ջեքսոնի 11-ամյա դուստրը` Փերիս Մայքլ Քեթրինը:
«Հայրս աշխարհի ամենալավ հայրիկն է, ես ուղղակի ուզում եմ ասել, որ նրան շատ եմ սիրում»,-աղջկա`բեմականացում հիշեցնող լացով ու սևազգեստ հարազատների սփոփանքով ավարտվեց հրաժեշտի շոուն:






Facebook
Tweet This
Email This Post
