«Կովկասյան վագրն» էլ չի մռնչում. 2010-2011թթ. ՀՀ արտաքին պարտքը կկազմի 38 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2009 17:21

Սերգեյ Երիցյան, Բեն ՍլեյԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը համարում է, որ հայկական տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար պետք է գնալ հարկային բեռի թեթևացման` խթանելու Փոքր ու միջին բիզնեսը (ՓՄՁ): «Իսկ բյուջեի ճեղվածքը պետք է լրացնել խոշոր բիզնեսի հարկման հաշվին: Խոշոր բիզնեսում հարկերի հավաքման գծով թերացում կա»,- այսօր՝ «Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովում ասաց Կապինոսը:

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվեցին թեմաներ` Հայաստանում ճգնաժամի ազդեցության հետևանքների հաղթահարման, կառավարության քաղաքականության արդյունավետության, տնտեսական աճի եւ մրցունակության բարելավման հեռանկարների վերաբերյալ: «Ճգնաժամը վեր հանեց Հայաստանի տնտեսության արմատական խոցելիությունը. դրանք են տրանսֆերտներին և շինարարությանը  ապավինումը և վատ հարկային քաղաքականությունը»,- ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության և քաղաքականության բաժնի պետ Լորենցո Ջիորջիանին:

«Իմ կարծիքով` կառավարությունն ամեն ինչ անում է` մարտահրավերներին դիմակայելու համար, և այդ ձեռնարկները գովեստի են արժանի,- ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլխավոր տնտեսագետ Բեն Սլեյը,- սակայն պետք է ամեն ինչ անել խոցելի դասը պաշտպանելու համար, դրանք այժմ դժվար լուծելի հարցեր են»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Սերգեյ Երիցյանն ասում է, որ սոցիալապես անապահով խավին ճգնաժամային իրավիճակում օգնելու համար կառավարությունը գործազրկության նպաստ կամ այլ տիպի սոցիալական փաթեթեների փոխարեն պիտի խթանի հանրային աշխատանքները: «Ես անպայման հետամուտ կլինեմ, որպեսզի կառավարությունում այս հարցը քննարկվի»,- խոստացավ Երիցյանը:

Ըստ Ասիական զարգացման բանկի Ռազմավարական հետազոտությունների բաժնի ղեկավար Ջեսուս Ֆիլիպի՝ միջազգային կազմակերպությունները կարող են խորհուրդ տալ, սակայն չեն կարող դրանք իրագործել Հայաստանի փոխարեն: «Հայաստանը պետք է գտնի բարեփոխումների սեփական մոդելը՝ ձևավորելով ռազմավարական մոտեցում,- ասում էՖիլիպը,- պետք չէ միանգամից 50 ծրագիր իրականացնել, այլ մեկն իրականացնելով՝ անցնել մյուսին: Պատմությունն ասում է, որ դժվար է զարգանալ, առանց  կուռ արտադրություն ունենալու: Հետևաբար պետք է զարկ տալ այս ուղղությանը»:

Համաշխարհային բանկի տնտեսագետ Կարեն Գրիգորյանը նկատեց, որ Կովկասյան վագրը (2002թ.-ից Հայաստանում արձանագրված երկնիշ տնտեսական աճով պայմանավորված` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը  Հայաստանի տնտեսությունը համեմատեց կովկասյան վագրի հետ) էլ չի մռնչում. «Ոչ միայն այն պատճառով, որ վարակվել է միջազգային ճգնաժամով, այլ նաև զգացնել է տալիս առողջական վիճակը»:

Կառավարության ձեռնարկած երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ Երիցյանն ասաց, որ պետք է արտաքին պարտքի բալանսը ճիշտ պահել:

Տարեսկզբին Հայաստանի արտաքին պարտքը 13.8 տոկոս էր (ՀՆԱ-ի նկատմամբ): Բյուջեի դեֆիցիտը փակելու համար 80 մլն դրամ Ասիական զարգացման բանկից, 60մլն ՀԲ-ից, 24 մլրդ դրամ Ռուսական կայունացնող վարկից և 150մլն դոլար Արժույթի միջազգային հիմնադրամից ստացած գումարները  ստանալուց  հետո 2010-2011թթ համար ՀՀ արտաքին պարտքը կկազմի 38 տոկոս:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply