Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուղևորվեց Ղրիմ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2009 15:29

Լևոն ՋուլֆալակյանՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր ուղևորվեց Ալուշտա, որտեղ մինչև հուլիսի 22-ը ուսումնամարզական պարապմունքներ կանցկացնի Ուկրաինայի ընտրանու հետ համատեղ: Այս մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիայկան խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է Ռոման Ամոյանին, Շավիղ Գրիգորյանին (երկուսն էլ` 55 կգ), Արտակ Հարությունյանին, Արմեն Անտոնյանին (երկուսն էլ` 60 կգ), Սասուն Ղամբարյանին, Խոսրով Մելիքյանին, Վահրամ Խաչատրյանին (բոլորն էլ` 66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին, Արման Ադիկյանին (երկուսն էլ` 74 կգ), Դենիս Ֆորովին, Տիգրան Սահակյանին, Արթուր Շահինյանին (բոլորն էլ` 84 կգ), Արման Գեղամյանին (96 կգ), Յուրի Պատրիկեևին (120 կգ):

Լեւոն Ջուլֆալակյանը մեկնելուց առաջ «Անկախ»-ին հայտնեց, որ ուսումնամարզական այս հավաքի ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվելու է ըմբիշների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականության բարելավմանը, ինչպես նաև աշխատանք է կատարվելու նրանց տեխնիկատակտիկական ունակությունները զարգացնելու ուղղությամբ:
«Ուսումնամարզական հավաքի ավարտից հետո մեր ընտրանին կուղևորվի Մարիուպոլ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Իսկ մեր գլխավոր խնդիրն է լավ նախապատրաստվել սեպտեմբերի 24-27-ը Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
2008 թ• աշխարհի առաջնություն չ կազմակերպվեց. պատճառն այն էր, որ անցկացվել էին «Պեկին 2008» օլիմպիական խաղերը: Իսկ 2007 թ• Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Յուրի Պատրիկեևը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply