2011-ին Ավետարանոց գյուղը եւս ջուր կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 3, 2010 13:24
Արցախում ջրի խնդրի լուծումը ՙՀայաստան՚ հիմնադրամի գերակա նպատակն է
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Նախորդ դարի 60-ականներին կառուցված ջրամատակարարման համակարգը շարքից դուրս է եկել: Խողովակները քայքայված են ու հողի մակերեւույթին շատ մոտ են գտնվում, ուստի հաճախ վնասվում են, եւ ջրի կորուստն անխուսափելի է դառնում: Գյուղապետ Հովիկ Գաբրիելյանի խոսքով` գյուղի մի մասը օրական մեկ ժամ է ջուր ստանում, իսկ նորաստեղծ տնտեսություններն ընդհանրապես ջուր չունեն: Կենցաղային կարիքները հոգալու համար գյուղացիները ստիպված են ջուր կրել գյուղի աղբյուրներից:
ՙՁմռան ցրտին ու ամառվա շոգին հերթ ենք կանգնում աղբյուրի մոտ, որ մի քանի դույլ ջուր տանենք տուն: Էս երեխեքն էլ են մեղք՚,- մատնացույց անելով աղբյուրի մոտ դույլը ձեռքներին կանգնած դպրոցահասակ երեխաներին` ասաց գյուղացի մի կին:
ՙԱրցախցի գյուղացու կողքին կանգնելը մեր ամենակարեւոր պարտականություններից մեկն է: Կանոնավոր ջրամատակարարումը անհրաժեշտություն է բնակիչների բարօրության եւ տնտեսական զարգացման համար: Սա մեր երրորդ ջրի ծրագիրն է Ասկերանի շրջանում. ընթացքում են նաեւ Ասկերան քաղաքի ու Նորագյուղ համայնքի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրերը՚,-ասաց Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Այժմ ընթանում են հողային աշխատանքները. ճանապարհ է բացվում դեպի աղբյուրներ:
Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է գյուղից 5 կմ հեռավորության վրա` Քիրսի սարի ստորոտում գտնվող երեք աղբյուրների մոտ կառուցել ջրհավաք կառույցներ: Նոր անցկացվող ջրատարով ջուրը կհասցվի գյուղ: Գյուղի բարձրադիր մասում կկառուցվի 100 մ3 օրական կարգավորման ջրամբար: Որպես համակարգի մաս, կօգտագործվեն նաեւ ներկայումս շահագործվող երեք ջրամբարները (ընդհանուր առմամբ 160 մ3 տարողությամբ), որոնք մի քանի տարի առաջ են վերանորոգվել:
Երկրորդ փուլով կկառուցվի 15 կմ երկարությամբ ներքին ցանց. խողովակների տրամագիծը հաշվարկվել է` հաշվի առնելով գյուղի հեռանկարային ընդլայնումն ու զարգացումը: Տների մուտքագծերի վրա կտեղադրվեն զտիչ սարքեր ու ջրաչափեր:
Արդեն 2011 թ. ամռանը գյուղի բոլոր 260 ընտանիքները (շուրջ 1130 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
