Կստեղծվի Համահայկական երիտասարդական խորհրդարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2010 21:14
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ստեղծման առաջին օրից սփյուռքում իրականացվող երիտասարդական քաղաքականությունը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Հրանուշ Հակոբյանի խոսքով` սփյուռքահայերի նախորդ սերունդները կարողացել են իրենց հայ պահել, սակայն ներկայումս ընթացող համաշխարհայնացման եւ ազատականացման դարաշրջանում երիտասարդությունը դառնում է առավել խոցելի ուծացման վտանգի առաջ:
«Հենց սա է պատճառը, որ մենք ամեն կերպ ցանկանում ենք խրախուսել սփյուռքի երիտասարդությանը` այցելել հայրենիք, զգալ այս հողի ուժը: Դրա վառ օրինակներն են «Արի տուն» ծրագիրը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը»,- նշեց Հ. Հակոբյանը: Նա ավելացրեց, որ սփյուռքում գործող երիտասարդական շարժումներն ու կազմակերպությունները իրար կապելու խնդիր կա, որի իրականացման նպատակով սփյուռքի նախարարությունը պատրաստվում է ստեղծել Համահայկական երիտասարդական խորհրդարան:
«Սփյուռքի նախարարությունը տարբերվում է այլ նախարարություններից նրանով, որ նախարարը չի կարող հրաման տալ եւ այդ հրամանը միանգամից կիրականացվի: Եթե սփյուռքը համաձայն չլինի մեր որոշումների հետ, ապա դրանք իրականություն չեն դառնա, ուստի մեր աշխատանքի հիմքը համագործակցությունն է»,- ասաց նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
