«Կենգուրու 2010» մրցույթի հաղթողները կուղեւորվեն Բուլղարիա

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2010 21:10

«Կենգուրու 2010» մաթեմատիկական մրցույթի հաղթողներ Էդգար Մինասյանը` Երեւանից, եւ Աբրահամ Գրիգորյանը` Արարատի մարզի Վանաշեն գյուղից, այսօր հյուրընկալվեցին «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր գրասենյակում, որտեղ բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նրանց հանձնեց պատվոգրեր ու Բուղարիայում օգոստոսի 7-15-ը անցկացվելիք ամառային միջազգային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր:

Վ. Օվսյաննիկովը նշեց, որ իրենց բանկը հերթական անգամ է մասնակցում եւ աջակցում այս իրադարձությանը, որի արդյունքում բացահայտվում են շատ ու շատ շնորհալի ու տաղանդավոր երեխաներ: «Մրցույթի մասնակցության այսքան շատ հայտերը վկայում են այն մասին, որ Հայաստանում կրթական մակարդակը տարեցտարի բարելավվում է»,- ասաց նա` ավելացնելով, որ հենց այս մրցույթի մասնակիցներն են ապահովելու Հայաստանի բարեկեցիկ ապագան: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՄԵսրոպ քահանա Արամյանը խորհրդի անդամների կողմից շնորհակալություն հայտնեց բանկին կրթության ոլորտին աջակցելու համար եւ կարեւորեց կրթություն-բիզնես համագործակցությունը: Քահանան բանկին նվիրեց հայկական մշակույթի մասին պատմող պատկերազարդ ալբոմ:

Պարգեւատրումից հետո հաղթողները այցելեցին «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Մոսկվա» մասնաճյուղ, որտեղ ծանոթացան բանկի առօրյա աշխատանքին: Նշենք, որ արդեն երկրորդ տարին «ՎՏԲ-Հայաստան» բանկը «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի գլխավոր գործընկերն է եւ արդեն երկրորդ տարին մրցույթի հաղթողներին շնորհում է ամառային միջազգային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր: Հիշեցնենք նաեւ, որ թեեւ այս տարի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանում չունեցավ բացարձակ հաղթող, մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամը որոշեց լրացուցիչ հնարավորություն ընձեռել մրցույթում լավագույնը ճանաչված երեխաներին` ստանալու հաղթողի մրցանակը` ուղեգիր դեպի միջազգային ճամբար: Էդգար Մինասյանն ու Աբրահամ Գրիգորյանը դարձան լրացուցիչ մրցույթի, այսպիսով նաեւ «Կենգուրու 2010»-ի հաղթողներ:

Դիտվել է 1761 անգամ:
Print Friendly

Leave a Reply