Կոսովոյի վերաբերյալ դատական որոշումը բացում է «Պանդորայի արկղը» Կովկասում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 2, 2010 20:33

Պետությունների և ինքնահռչակ հանրապետությունների կարծիքները ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի`Կոսովոյի անկախության հռչակման օրինականության որոշման վերաբերյալ տարբեր են:

Հարավային Կովկասի քաղաքական շրջանակներին ապշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)`Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ ընդունած որոշումը, իսկ վերլուծաբաններից մեկի խոսքերով` այս որոշմամբ անհանգիստ տարածաշրջանում բացվել է «Պանդորայի արկղը»:

Քարտեզների մեծամասնության համաձայն`Հարավային Կովկասում ընդամենը երեք պետություն կա: Սակայն դրանց գումարվում է ևս 3 ինքնահռչակ պետություն, որոնք մեծ մասամբ կամ ընդհանրապես չեն ճանաչվել արտաքին ուժերի կողմից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի`Սերբիայի դիմումի վրա հիմնված պահանջով` Հաագայի միջազգային դատարանը պետք է որոշում կայացներ` արդյոք «2008 թ. Կոսովոյի ժամանակավոր կառավարության`անկախության վերաբերյալ հայտարարությունը համապատասխանո°ւմ էր միջազգային իրավունքին: Հուլիսի 22-ին դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն`անկախության հռչակմամբ «միջազգային իրավունքի խախտում չի արձանագրվել»»:

Դատարանի այս որոշումը մեծ գոհունակություն է պատճառել Վրաստանից անկախություն պահանջող Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանություններին, ինչպես նաև հայկական կառավարություն ունեցող, սակայն միջազգայնորեն Ադրբեջանի մասը համարվող Լեռնային Ղարաբաղին:

Սերբիայի նման, որը պնդում է, թե Կոսովոն շարունակում է օրինականորեն իր տարածքի մի մասը համարվել, Վրաստանը և Ադրբեջանն ամենևին էլ երջանիկ չեն այս որոշման կապակցությամբ:

«Չէի ասի, թե Հաագայի դատարանի որոշման պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը երկրորդ պլան է մղվել, սակայն փաստ է, որ այս որոշման շնորհիվ «Պանդորայի արկղը» բացվել է: Այժմ ամեն տեսակի անջատականները կկառչեն այս որոշումից», – նշում է ադրբեջանցի ազդեցիկ քաղաքական վերլուծաբան և լրագրող Ռասիմ Մուսաբեկովը:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հատկապես շեշտել էր, որ այս որոշումը վերաբերում է միայն Կոսովոյի անկախության հռչակմանը և ոչ անկախության խնդրին` որպես այդպիսին: Բացի այդ, դատարանի որոշումը կիրառվում էր ոչ թե աշխարհի այլ տարածաշրջանների նկատմամբ, այլ միայն Սերբիայի նախկին շրջանի:

Այնուամենայնիվ, այս որոշման նկատմամբ արձագանքը Ղարաբաղում, որը դուրս էր եկել Բաքվի վերահսկողությունից հետխորհրդային արյունալի պատերազմի ժամանակ, գերազանցեց Մուսաբեկովի կանխատեսումները:

«Այս որոշումը խիստ կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյունից. այն նախադեպի նշանակություն ունի և չի կարող սահմանափակվել միայն Կոսովոյի օրինակով», – նշվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս այն համոզմունքին է, որ այս նախադեպը պետք է կիրառվի նաև Ղարաբաղի նկատմամբ. «Մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված մեր գործունեությունը, սակայն արդեն նոր քաղաքական իրադրության շրջանակներում, և մեր կյանքում նոր զարգացումներ կլինեն»:

Իրադրությունն Աբխազիայում և Հարավային Օսիայում

Երկու երկրամասերի անջատական ուժերը հաղթանակ են տարել վրացական զինված ուժերի նկատմամբ վաղ հետխորհրդային տարիներին և իրենց անկախ հայտարարել: Նրանց ինքնիշխանության հավակնությունները հիմնականում անտեսվում էին մինչև 2008 թ., երբ Ռուսաստանը խափանեց Վրաստանի` Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու փորձերը, իսկ այնուհետև անակնկալ մատուցեց աշխարհին`ճանաչելով երկու տարածքների անկախությունը:

Մոսկվայի օրինակին առ այսօր ընդամենը երեք երկիր է հետևել: Անցյալ ամսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է վրացական կողմի դիրքորոշումը`«բռնազավթված» անվանելով Աբխազիան և Հարավային Օսիան:

Այժմ երկու հանրապետությունների կառավարությունները հույս ունեն, որ ԱՄԴ-ի որոշումը կդրդի այլ երկներին նույնպես ճանաչել իրենց անկախությունը:

Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան, սակայն, ընդունում է, որ այս նախադեպը կարող է միջազգայնորեն չընդունվել:

«Հաշվի առնելով Արևմուտքի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունը` համոզված չեմ, որ եթե Աբխազիան դիմեր Հաագայի դատարան, ապա նույնպիսի որոշում կընդունվեր: Եվ սա չնայած այն փաստին, որ մեր ճանաչման օգտին ոչ պակաս [եթե ոչ ավելի] պատմական, իրավական և բարոյական հիմքեր և փաստարկներ կան», – նշում է Շամբան:

Այժմ ԱՄԴ-ի որոշումը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և Հարավային Օսիայի քաղաքական շրջանակները հույս ունեն, որ անկախության իրենց հավակնությունները նույնպես կբարձրացվեն այստեղ:

«Չնայած Միջազգային դատարանի որոշումը միայն խորհրդակցական բնույթ ունի, այն համապատասխան նախադեպ է ստեղծել միջազգային իրավունքում», – մեջբերում է հարավօսական պետական լրատվական «Res» գործակալությունը փոխարտգործնախարար Կազբուլաթ Ցխովրեբովի խոսքերը:

«Իմ կարծիքով`այս որոշումը կարող է դիտվել որպես Կոսովոյի անկախության անուղղակի ճանաչում և կստիպի այլ երկներին ճանաչել այն: Կուզենայի հուսալ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հռչակումները նույնպես կքննարկվեն Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում, և մեզ նույնպես հնարավորություն կտրվի ապացուցել, որ Հարավային Օսիայի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի չափանիշները»:

Թբիլիսիի քաղաքական շրջանակները, սակայն, ընդհանրապես բացառում են սա`նշելով, որ Կոսովոյի իրադրության և իրենց սեփական անջատական տարածքների միջև ընդհանուր եզրեր չկան: Նրանք պնդում են, որ Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված հարյուրհազարավոր վրացիները պետք է իրավունք ունենան վերադառնալու իրենց տները նախքան հակամարտությունների լուծումը:

Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին ասում է. «Սրանք միանգամայն իրար հակասող իրադրություններ են: Կոսովոյում միջազգային հանրությունը միջամտեց, որպեսզի դադարեցնի Միլոշևիչի ռեժիմի էթնիկական մաքրումներն ալբանացիների նկատմամբ: Մեր դեպքում Ռուսաստանի Դաշնությունը և բռնազավթող զինված ուժերն էթնիկական մաքրումներ իրականացրին վրացիների նկատմամբ»:

Ըստ Մինաշվիլու`ԱՄԴ-ի որոշման մեջ նշվում է, որ անցյալում Անվտանգության խորհուրդը դատապարտում էր անկախության այլ հռչակումներն այն պատճառով, որ դրանք զինված ուժերի ապօրինի կիրառման կամ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների հետևանք էին:

«Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը`էթնիկական մաքրումները և սահմանների փոփոխությունն օրինականացնելու համար», – համոզված է նա:

Եթե Կովկասում կողմերը հստակ դիրքորոշում ունեին ԱՄԴ-ի որոշման վերաբերյալ`համապատասխանաբար այն որպես նախադեպ ողջունելով կամ հերքելով դրա կիրառումն իրենց դեպքում, ապա Մոսկվան, կարծես, բարդ իրավիճակում էր հայտնվել:

Մի կողմից, Ռուսաստանն ընդհանուր առմամբ պահպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը`այսպիսով արդարացնելով իր վարած պատերազմները Չեչնիայում և պաշտպանելով դաշնակից Սերբիայի հավակնությունները Կոսովոյի նկատմամբ: Մյուս կողմից` ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի`Վրաստանի տարածքից դուրս գալու իրավունքը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության զգուշավոր հայտարարության մեջ, Աբխազիան և Հարավային Օսիան շրջանցելով, նշվում էր միայն. «Մեր դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ մնում է անփոփոխ»:

Հայտարարությունը պնդում է, որ ԱՄԴ-ի որոշումը վերաբերում է միայն Կոսովոյի անկախության հռչակման օրինականությանը, և այնտեղ «հատկապես շեշտվել է, որ Կոսովոյի`Սերբիայից միակողմանիորեն անջատվելու իրավունքի վերաբերյալ առավել գլոբալ խնդիրը չի դիտարկվել»:

Նման հանգամանքներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հավանաբար ամենաիրատեսական գնահատականը տվել է Ստեփանակերտի 68-ամյա բնակիչ Ալֆրեդ Գրիգորյանը, որ մասնագիտությամբ տաքսու վարորդ է: Նա հստակ գիտակցում է Հարավային Կովկասի և Բալկանների միջև եղած տարբերությունը.

«Եթե մենք էլ Եվրոպայի տարածքում լինեինք, մեզ էլ կճանաչեին: Իսկ այս դեպքում, մեր հակամարտությամբ միայն մենք ենք հետաքրքրված և պետք է պայքարենք մեր անկախության միջազգային ճանաչման համար, ինչպես պայքարել ենք հենց անկախության համար»:

Կարինե Օհանյան, Շահին Ռզաև, Անահիտ Գոգորյան, Նինո Խարաձե, Կովկաս

Կովկասյան լրատու # 552

30-ը հուլիսի, 2010 թ.

Կարինե Օհանյանն ազատ լրագրող է Ստեփանակերտում, Շահին Ռզաևը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի տնօրենն է, Անահիտ Գոգորյանը «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է Սուխումում, Նինո Խարաձեն «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է Թբիլիսիում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply