«Սովորական ազգը»` Չարենցից Տեր Պետրոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | August 2, 2010 16:26
«Սովորական ազգի» գաղափարախոսությունը էսօր շատերի կողմից ընկալվում ա իբրեւ Տեր-Պետրոսյանի քաղաքական կարգախոսներից մեկը, ինչը նրա հետեւորդները փորձում են ներկայացնել իբրեւ ազգայնականությանը հակադրվող գաղափար: Բայց էդ ձեւակերպման հեղինակը ոչ թե Տեր Պետրոսյանն է, այլ… Չարենցը: Իր «Երկիր Նաիրի» վեպում Չարենցը, փորձելով մի կերպ մարսել իր հայրենի քաղաքի` Կարսի հանձնումը, փարվում էր բոլշեւիզմին: Վեպի առաջաբանում նա գրում է.
«Գուցե ճիշտ որ` միրաժ է Նաիրին. Ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն- կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երեկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ` սովորական մարդու սովորական հատկություններով:… Ոչ մի «երկիր Նաիրի»- այլ միայն- մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որը հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»:
«Սովորական մարդիկ` սովորական մարդու սովորական հատկություններով» ձեւակերպումը, այսինքն` «սովորական ազգը», բոլշեւիկյան էն կերն էր, որով կարելի էր Խորհրդային Հայաստանի բնակիչներին ոչ թե կշտացնել, այլ ախորժակը փակել: Մինչդեռ նույն ժողովուրդը, հայտնվելով ամերիկացի բանաստեղծ, դեմոկրատիայի բանաստեղծական Սահմանադրության պապայի` Ուիթմենի ազգերի կատալոգում («Ողջույն աշխարհին»), բոլորովին էլ «սովորական» չէր, այլ յուրահատուկ, ինչպես յուրաքանչյուր այլ ժողովուրդ.
Ես ողջունում եմ երկրի վրա ապրող բոլոր մարդկանց:
Ով էլ որ լինես-
Դու` անգլուհի կամ անգլիացի,
Դու` սլավոնական հզոր ցեղերի ու թագավորությունների որդի:
Դու, Ռուսաստանում ապրող ռուս:
Դու` Հռոմի բնակիչ: Նեապոլի: Հունաստանի:
Դու` Սեւիլիայի մրցաբեմի բարեկազմ ու ճկուն ցլամարտիկ:
Դու` օրենքներին չենթարկվող
Տավրոսի կամ Կովկասի լեռնցի:
Դու` հրեա, որ ծերության շեմին դուրս ես գալիս վտանգավոր թափառումների,
որ գեթ մի անգամ հայես սիրիական հողերին:
Դուք` հրեաներ բոլոր երկրների, որ սպասում եք ձեր մեսիային:
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ,
Երազկոտ նայում Նինվեի ավերակներին,
բարձրանում դեպի լյա~ռն Արարատ…
Ողջո~ւյն: Ողջո~ւյն եւ սե~ր իմ եւ Ամերիկայի կողմից:
Մեզնից յուրաքանչյուրը անփոխարինելի է:
Մեզնից յուրաքանչյուրը` անսահման…
Մեզնից յուրաքանչյուրը հավասարապես աստվածային է:
Ի տարբերություն «սովորական ազգի» չարենցյան բանաձեւի` Ուիթմենը առանձնահատուկ էր դարձնում բոլոր ազգերին ու հենց նաեւ Չարենցի ազգին` որպես «հավասարապես աստվածային»: Ի տարբերություն պրոլետարիատի դիկտատուրա հաստատած բոլշեւիզմի, որ բոլոր ազգերին հավասար իջացնում էր, դարձնում «օբշի վագոնի» անդեմ «պասաժիրներ» ու ղրկում «եղբայրական» գերեզմանոց, Ուիթմենն ասում էր` «ես արտասանում եմ դեմոկրատիա բառը», ու բարձրացնում էր ազգերին անդեմ հավասարության գերեզմանոցից, անանուն ու պատահական «պասաժիրներից» յուրաքանչյուրին «անփոխարինելի» դեմք տալիս:
Եվ սա սովետական ու ամերիկյան մտածողության կարեւոր տարբերություններից մեկն ա: Սովետական գաղափարախոսությունը թեւաթափ էր անում ու հնազանդեցնում մարդուն` «սովորական» դարձնելով, իսկ ամերիկյանը ոգեւորում ու արտասովոր դարձնում` զանգվածային սպառման գրքերում ու հաղորդումներում քարոզելով` «Դուք ձեր Միքելանջելոն եք, Դավիթը որ դուք կերտում եք, հենց դուք ինքներդ եք» (ինչպես լսեցի մի հաղորդման մեջ), կամ ինչպես «Մատրիցայում» ներշնչելով, որ «դուք ընտրյալ եք դառնում` հենց հավատում եք դրան ու որոշում» (ընտրյալության գաղափարը, որ դու քո կյանքով պիտի ապացուցես ընտրյալ լինելդ, գալիս է պուրիտաններից, որ ԱՄՆ-ի հոգևոր ակունքում էին):
Ամերիկյան դպրոցում աշակերտին դեռ առաջին դասարանից սովորեցնում են, թե ինչքան առանձնահատուկ ա ինքը: Ու սրա ազդեցությունը ես անձամբ տեսել եմ մեր գերդաստանում:
97-ին, երբ Ամերիկայում էի ապրում, հորքուրիս առաջին դասարանցի թոռան հետ իրա դասերն էի պարապում: Կարենը ծնվեց Հայասատանում, հերը, որ երկրաշարժի ժամանակ կորցրել էր կին ու երկու որդիներին, ամուսնացավ հորքուրիս աղջկա` Ժենիկի հետ: Իրանք ապրեցին երկրաշարժից հետո շարունակվող հայկական մղձավանջում, Ժենիկը հղի էր, երբ պայթեցվեց Բալահովտի զինանոցն, ու աբովյանցիներիս միթոմ էվակուացնում էին: Մինչեւ հիմա հիշում եմ Ժենիկի խելագար դեմքն ու գոռոցները, երբ գլխապատառ հարայհրոցի ու քաշքշուկի մեջ մի կերպ իրան իր հսկայական փորով բարձրացնում ու խցկում էինք ինչ-որ բեռնատարի թափքի մեջ… Հետո էլ Աբովյանի եռակի դաժան ցուրտ ու մութի մեջ ընտանիքը մի կերպ նորածին էր պահում:
93-ի նոյեմբերին Ժենիկենք գնացին Ամերիկա, ու ավելի ուշ իմացանք, որ երեխան կակազում ա, դե ողջ էդ ծանր ու ներվային կյանքը անհետեւանք չէր մնալու: Իսկ երբ ինքս էլ գնացի էնտեղ ու սկզբի ամիսներին իրանց տանն էի ապրում, ամեն անգամ Կարենի հետ դասերը պարապելիս շշմում էի, թե ոնց տանը ահավոր կակազող երեխան, դպրոցից վերադառնում ու սահուն խոսում էր, դասն էր կարդում` ես սիրում եմ կապույտ երկինքը, ես սիրում եմ կարմիր ծաղիկները, ես սիրում եմ շողշողուն արեւը…. Ու էսպիսի սովորական հատկանիշներ թվարկող ամեն դաս ամփոփվում էր նույն նախադասությամբ` այ սենց առանձնահատուկն եմ ես` I’m so special: Իսկ սովետական դպրոցում ճիշտ հակառակն էր, մի երկու լյուբիմչիկ գերազանցիկ, մյուսները` գորշ «միջակություն»: Դրա համար էլ Ժիրինովսկին ձեն հավաքելու համար ասում էր` մի վսե տռոիչնիկի. միջակների երկիր, այսինքն ստվար մասը միջակ են ու ձայն կտան իրեն(թեև, գուցե ինքը գերազանցիկ է եղել):
Ու էսպես «սովորական» հայը դառնում ա առանձնահատուկ ամերիկացի: Իսկ մենք էստեղ դեռ բոլշեւիկյան «սովորական» ազգն ենք, չնայած Չարենցի իրականացած պրայեկտ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վաղուց արդեն չկա:
Բայց Չարենցը «Երկիր Նաիրի» վեպ-մահախոսականը գրելուց առաջ ինքն էլ էր իր ռադիո-պոեմներում ուիթմենյան շնչով ողջունում աշխարհին.
Ու կանգնել եմ ես`
Լեռների վրա իմ ավեր երկրի,
Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում
Խնդասիրտ, արի,
Եվ նետում եմ իմ երգը հողմաձայն
Ժողովուրդներին բոլո~ր կողմերի…
Ընդ որում, էդ երգը «նետում» էր հենց էն երկրի անունից` «Նաիրի երկրից», որը հետո պիտի թաղեր իր վեպում, մինչդեռ այստեղ.
Եվ ո՞վ, ո՞վ կասի`
Նետե՞լ է արդյոք մեկը աշխարհում
Այսօրվա կարմի՛ր, կարմիր ձեր երթին
Ողջույն- ավելի՛ առնական, արի,
Քան ողջույնը քո, երկիր արնաքամ,
Կարմի՛ր Նաիրի…
(«Նաիրի երկրից»)
Ինչպե՞ս Չարենցը դարձավ «սովորական ազգի» ջատագով, երբ դրանից ընդամենը մեկ-երկու տարի առաջ այսքան բացառիկ էր համարում Նաիրին: Որովհետեւ Չարենցի «սովորական ազգ» բանաձեւը ծնվել էր պարտությունից, Կարսի հանձնումից, պարտությունից ծնված կոնցեպցիա էր` հանուն իր ավերված ծննդավայրի սահմանից այս կողմ կյանքը շարունակելու:
Ճիշտ ա, Կարսի սահմանը փակ ա մինչեւ հիմա, բայց չէ՞ որ էսօր Հայաստանը ոչ թե պարտված, այլ պատերազմում հաղթած երկիր ա, էլ ինչի՞ էր Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման ու հաղթանակի օրերին կրկին ոգեկոչվում էն կարգախոսը, որ ծնվել էր պարտության դառնությունից: Երեւի միայն նրա համար, որ «սովորական» դարձնելով ա հնարավոր մարդկանց հաշտեցնել ու համակերպել հերթական Կարսի, Ղարաբաղի հանձնման գաղափարի հետ:
Վիոլետ
http://www.tert.am/blog/?p=1203






Facebook
Tweet This
Email This Post
