Եթե բերքը լավ սպառվի, Տավուշի սահմանամերձ գյուղերում ամեն տուն ինտերնետ կունենա

Օրվա լուր | | July 8, 2009 13:33

arcvaberdԱրդեն 2-3 ամիս է` ինտերնետից օգտվում են նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը. Տավուշի մարզպետարանի օժանդակությամբ տեղադրվել են ալեհավաքներ, և ինտերնետ կապը հասանելի է դարձել Բերդ ավանի (Շամշադին), Վերին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Չոչաթան գյուղերում:

Արծվաբերդի գյուղապետ Վոլոդիա Ուզունյանն ասում է, որ կապը հասանելի չէ գյուղերի բոլոր բնակիչներին, քանի որ մալուխը տուն հասցնելու համար գյուղացու գրպանի համար բավական մեծ գումար է անհրաժեշտ` միջինը 50 000 դրամ, ինչպես նաև համակարգիչ:

Արծվաբերդում այսօր 810 ընտանիքներից ընդամենը 18-ն է կարողացել ինտերնետը տուն «բերել»:

Արծվաբերդի երկու դպրոցներն ու գյուղապետարանն ունեն ինտերնետ կապ, թեև այնքան էլ որակյալ չէ: Ըստ գյուղապետի` դեռևս տեխնիկական վերազիման խնդիր կա:

Ուզունյանը կարծում է, որ չնայած գնին, գյուղացիները, մեկը մյուսից ետ չմնալու համար, կսկսի համակարգիչ գնել:

«Շատ տարիներ առաջ երբ գյուղում հայտնվեցին առաջին գունավոր հեռուստացույցները, մարդկանց մեջ մրցակցություն մտավ. կարտոֆիլ, խաղող, մեղր վաճառելով` նրանք բոլորն էլ ունեցան հեռուստացույց,-ասում է գյուղապետը,-շուտով համակարգիչ էլ կունենան, հատկապես եթե բերքը լավ վաճառվի»:

Գյուղապետի դուստրը`16-ամյա Անին, ասում է, որ իրենց տունը վերջերս ինտերնետ ակումբ էր դարձել. «գյուղի շրջանավարտները գալիս էին, որ ինտերտետի միջոցով իմանան, թե ընդունելության քննություններն ինչ են ստացել»:

«Ամբողջ օրը ինտերնետում եմ, մաման ասում է`էտ ինչ ցավ բերինք, տուն գցինք, բայց ես շատ ուրախ եմ, քանի որ դա ինձ համար նոր և հետաքրքիր աշխարհ է, սովորելու շատ բան կա»,-գոհունակությամբ ասում է Անին:

Գայանե Ասրյան


Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply