Չպետք է վարկաբեկել մեր բանակը մեկ դեպքով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 2, 2010 14:52

Ըստ հետազոտական տվյալների, մարդկանց 80 տոկոսը ինքնասպանություն գործելու մտքեր ունենում է, սակայն նրանցից քիչ մասն է համարձակվում իրագործել այն: Մեկ այլ տվյալի համաձայն, ողջ աշխարհում ինքնասպանություն գործողների մեծ մասը մինչև 25 տարեկան  երիտասարդներն են:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների համաձայն, 2010թ. հունվար-հունիսին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 317 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի 25.8 %-ի աճ:

2010թ. հունվար-հունիսին արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձեր կատարած անձանց 49.2%-ը կազմել են գործազուրկները, 19.2%-ը` կենսաթոշակառուները, 9.5%-ը` ուսանողները, 9.8%-ը` աշխատանք և զբաղմունք ունեցողները, իսկ 12.3%-ը` այլ կարգավիճակ ունեցողները:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը համոզված է, որ այն մշակույթներում, որտեղ մարդկային շփումներն ավելի շատ են, ինքնասպանություններն ավելի նվազ թիվ են կազմում: Ըստ հոգեբանի, մեր մշակույթն այդ իմաստով, արգելքներ է դնում ինքնասպանությունների տարածմանը. հարազատների, բարեկամների, ընկերների, հարևանների հետ սերտ շփումները նպաստում են, որպեսզի մարդիկ հեշտությամբ դուրս գան դեպրեսիայից և կրկին ինտեգրվեն հասարակության մեջ:

Բանակում տեղի ունեցած վերջին իրադարձություններով հոգեբանը չի ուզում բնորոշել ողջ բանակը.

«Ճիշտ է, լուրջ սխալ է տեղի ունեցել, ինչ որ մեկը վատ է աշխատել, սակայն վարկաբեկել մեր բանակը, օբյեկտիվ չէ»,-կարծում է Նալչաջյանը` ասելով, որ դրանով մենք թուլացնում ենք մեր ազգային անվտանգության երաշխիքը:

Բացի այդ, հոգեբանը համոզված է, որ այդ երևույթները միայն մեր բանակին բնորոշ չեն, այլ ընդհանրապես բանակներին.

«Բանակներում ագրեսիայի հնարավորությունը շատ մեծ է և դա ինչ որ առումով բնական է, քանի որ մի վայրում հավաքվում են մեծ թվով երիտասարդ տղամարդիկ`այն էլ զենքը ձեռքներին»,-ասում է նա:

Հոգեբանը վստահ է, որ եթե համապատասխան վայրերում օգտագործվեն հոգեբան- մասնագետների ուժերը, ապա այդ երևույթը զգալիորեն կնվազի:

Կարինե Նալչաջյանը դեմ է այն կարծրատիպային մտածողությանը, թե ինքնասպանության են դիմում հոգեպես անառողջ մարդիկ.

«Ընդհակառակը, շատ դեպքերում ինքնասպան են լինում այն մարդիկ, ովքեր շատ են սիրում կյանքը, -ասում է հոգեբանը` այդ պարադոքսային փաստը բացատրելով հետևյալ կերպ,-եթե մարդը սիրում է կյանքը, իր առջև դրված մեծ նպատակներ ունի և ուզում է հասնել դրանց, սակայն դա նրան չի հաջողվում, նա չի կարողանում համակերպվել այդ իրողության հետ և ինքնասպան է լինում»:

Ինքնասպան լինելուց առաջ մարդիկ ազդանշաններ են թողնում, որոնք շրջապատի մարդիկ պետք է զգան ու կանխարգելեն այդ քայլը: Ըստ հոգեբանի, ազդանշան կարող են լինել մահվան, կյանքի անիմաստության մասին հաճախակի խոսակցությունները, չարագուշակ տրամադրությունը, հարազատներից անընդհատ ներողություն խնդրելը, իր համար թանկարժեք իրերը մերձավորներին նվիրելը և այլն:

Հոգեբանի խոսքով, մեր հասարակությունը շատ կոպիտ է վերաբերվում ինքնասպանության փորձ կատարողի նկատմամբ.

«Ընդհանրապես մեր հասարակությունը վարկաբեկում է ինքնասպանություն երևույթը,-ասում է նա,-մարդուն ավելի են նվաստացնում, ասում, որ ինքը թույլ է, նրա փոխարեն իրենք այդ քայլին չէին դիմի և դրանով ավելի են խորացնում խնդիրը: Մենչդեռ շատ կարևոր է այդպիսի մտադրություն կամ տրամադրություններ ունեցող մարդուն լսել ու փորձել հասկանալ»:

Դիտվել է 3568 անգամ:
Print Friendly

Leave a Reply