Այլասերում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 2, 2010 10:20

2008 թ. հրապարակված «Մահ կամ իշխանություն» (168ժամ,մայիսի 30) հոդվածում հատուկ չէի անդրադարձել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մերձավոր շրջապատի մոտեցումներին Ղարաբաղի խնդրին: Ու չնայած և’ 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդայի» հարցազրույցում, և’ «Պատերազմ թե խաղաղություն» ծրագրային հոդվածում Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում էր միայն Ադրբեջանի կազմում, նախագահական ընտրություններում և հետո լեվոնական ծանոթներս կամ դրան չէին հավատում, կամ հավատացած էին որ նա փոխվել է: Վերոնշյալ հոդվածիս ամենաթունդ ընդդիմախոսներից մեկը, որն այժմ իրավացիորեն գրում է, թե Տեր-Պետրոսյանի հայացքներում որևէ փոփոխություն չի եղել, 2007թ. ինձ փորձում էր համոզել, որ հիմա նա փոխվել է, և ինքն էլ չի պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը:

Այժմ, արդեն, կարծում եմ ոչ-ոք, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ երկպագուները, չեն կարող հերքել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր ղեկավարած ՀՀՇ-ն /նաև ՀԱԿ-ը/ հնարավոր իշխանության գալու դեպքում պատրաստ էին և են առնվազն Ղարաբաղը զիջել Ադրբեջանին(«բարձր կարգավիճակով»):

Հարց է առաջանում. արդյո՞ք նման տեսակետ «ժողովրդարական երկրում» գոյության իրավունք չունի, նաև քաղաքական կուսակցությունների ծրագրում: Մինչ այս հարցին անդրադառնալը հետհայաց դիտենք 1988-1991 թթ:

Հիշեցնեմ, որ Հայոց Համազգային շարժման նախաձեռնողը «Ղարաբաղ» կոմիտն էր իր 11+ 5 անդամներով: Հիշեցնեմ նաև, որ սկզբնական շրջանում «Ղարաբաղ» կոմիտեի միակ նպատակը Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելն էր:

Հետո, շատ հետո ղարաբաղյան շարժմանը գումարվեցին լեզվի, բնապահպանական, ժողովրդավարական և վերջապես կոմիտեի փոքրաթիվ անդամների ջանքերով անկախության գաղափարը: Սակայն, նույնիսկ 1990-91թթ եթե Ղարաբաղի հարցը հանեիր, շարժումը կփլուզվեր: Հիշեցնեմ նաև, որ ՀՀՇ առաջին ծրագրային դրույթներում հստակ գրված էր. «Մեր առաջնահերթ նպատակը եղել և մնում է Արցախի և Հայաստանի վերամիավորումը, որի իրականացումը սերտորեն կապված է հայ ժողովրդի մյուս չլուծված խնդիրների հետ»:

Իսկ այսօր նույն ՀՀՇ համագումարում նրա առաջնորդն ասում է. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։…

Ըստ այդմ, եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը»։

Այս խոսքերը Հայաստանի և տարածաշջանային իրականությունից կտրված արտասահմանյան քաղաքագետի տեսական վերլուծություններ չեն: Կարծում եմ, որ Հայաստանում քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվող ցանկացածի համար Ղարաբաղյան հակամարտության լուծում, հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այլնի, նշանակում է Ղարաբաղի հարցի լուծում Ադրբեջանի կազմում:

Սա, առնվազն, 1997թ սկսած, և 1998թ. առավել բացահայտ տարբեր տեղական և միջազգային սեմինարներում ՀՀՇ վերնախավի հնչեցրած Ղարաբաղը փուլ առ փուլ հանձնելու արդեն համոզմունքի կրկնությունն է:

Հիշում եմ 1998-ից սկսած ՀՀՇ-ի տարբեր ձևաչափերով քննարկումներում, սկզբում վախվորած, հետո առավել համարձակ ասվում էր այսպես կոչված «փուլ առ փուլ» Ղարաբաղը հանձնելու (Ադրբեջանի կազմում բարձր կարգավիճակով ) տարբերակները, հետո Ալանյան կղզիներ և այլն: Եվ այդ 10 տարիների ընթացքում, տարբեր սեմինարներում ակտիվ երիտասարդների գլուխն էին մտցնում Ղարաբաղից և ղարաբաղցիներից ազատվելու գաղափարը:

Իսկ գուցե մարդիկ վերջապես գիտակցե՞լ են, որ Հայաստանն ապագա չունի առանց Ղարաբաղի հարցի լուծման (այն է Ադրբեջանի կազմում): Այդ դեպքում, հարգելիներս, եկեք գնահատական տանք 1988թ ղարաբաղյան շարժմանը, երբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր, ընդունենք, որ ղարաբաղյան շարժումը կործանարար էր, և ընդունենք մեր պատասխանատվությունը այսօրվա իրավիճակի համար:

Այստեղ, իհարկե, առաջանում է երկրորդ հարցը. ժամանակները փոխվել են, այն ժամանակ այդպես էր ճիշտ, անկախության ժամանակ’ այսպես: Սա ընդունելի կլիներ, մտածողություն է, միայն մեկ պայմանով’ եթե սույն քաղաքական ուժը ազնիվ է, ապա պետք է ներողություն խնդրի ժողովրդից և հեռանա քաղաքական ասպարեզից: Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնող գոնե Ղարաբաղ կոմիտեի որևէ անդամ բարոյական իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ, էլ չեմ ասում ձգտել իշխանության: Թե՞ քաղաքականությունը բարոյական կատեգորիա չէ:

Ճշմարտությունը հետևյալն է. Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու կարգախոսով գալ իշխանության, հետո, իշխանությունը պահելու, կամ նորից իշխանության հասնելու համար, Ղարաբաղը հանձնել և օգտվել իրենց իսկ ստեղծած,այժմ ուրիշների ձեռքին գտնվող «ավազակապետության» բարիքներից: Իսկ այն, որ ղարաբաղյան պատերազմում հազարավոր զոհեր ու փախստականներ ունեցանք, որ հանձնելու դեպքում Ղարաբաղն առնվազն կդատարկվի’ ի՞նչ փույթ:

Վաղը եթե իշխանության գալու, կամ այն պահելու համար անհրաժեշտ լինի զոհել Հայաստանի անկախությունը’ կբերվեն առավել զորեղ փաստարկներ: Պատահական չէր 1997թ իշխանությունների աջակցությամբ Ռուսասատանին միանալու նախաձեռնությունը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես բնականոն հարաբերություններ ունենալուն բոլոր հարևանների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կարծում եմ Հայաստանում միայն նեղ ազգայնական ուժերը կարող են սրան ընդդիմանալ: Իմ անձնական կարծիքով, հատկապես Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունները կամրապնդեն Հայաստանի անկախությունը: Սակայն ոչ ամեն գնով, ոչ Ղարաբաղի հաշվին: Ամեն, նույնիսկ ազգային և մարդկային արժանապատվության նվաստացման գնով բարեկամության ջատագովներին դիպուկ բնորոշել է Թումանյանը. «Ոչ թե գաղափարն են մտցրել գլուխը,այլ գլուխն են մտցրել գաղափարի մեջ»:

Ղարաբաղը միայն հրաշք տարածք և այնտեղ ապրող հրաշք ժողովուրդ չի (չփշոթել ղարաբաղցիներին ՀՀ-ի որոշ պաշտոնյաների հետ), այն հոգեբանություն է, ողջ Հայաստանի և հայության ապագան: Կպահենք Ղարաբաղը’ կունենանք ապագա, հակառակ դեպքում արհամարհված կլինենք ողջ մարդկության և առաջին հերթին ինքներս մեր կողմից: Եվ դա այնպիսի հոգևոր հարված կլինի, որ ոչ մի խողովակաշար, երկաթգիծ, միլիարդներ չեն կարող այլևս ոտքի կանգնեցնել Հայաստանը: Ու այդ ժամանակ իսկապես կկատարվի ցարերի և սուլթանների երազանքը…

Եվ վերջապես համեմատությունը 1920թ հետ: Ես ել եմ տեսնում համեմատության եզրեր. «Եթե ոչ Հայաստանը, ապա Ադրբեջանը չի կարող իր հաշիվների մեջ չունենալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Այս պնդման դեմ բերվում են հետեւյալ փաստարկները. Ադրբեջանն ի վիճակի չէ զենքի ուժով ծնկի բերել Հայաստանին ու Ղարաբաղին, հայկական բանակի մարտունակության եւ ոգու ամրության շնորհիվ հակառակորդը ջախջախիչ պարտություն կկրի, աշխարհը թույլ չի տա վերսկսել պատերազմական գործողությունները, եւ վերջապես, պատերազմի սանձազերծման պարագայում ՀԱՊԿ-ը արժանի հակահարված կտա Ադրբեջանին։ Թե որքան լուրջ են այս փաստարկները, թողնում եմ ձեր դատողությանը։

Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկ առ մեկ քննել դրանց հիմնավորվածությունը։ Իսկ այժմ կբավարարվեմ նշելով, որ պատերազմի վերսկսման վտանգը նույնքան իրական է այսօր, որքան էր երեկ, եւ լինելու է վաղը։ Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»։

Սա հատված էր Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:

«Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) Կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցական բոլոր կազմակերպոթյուններին,թե թիկունքում, թե ռազմական գոտիներում և հատկապես Կարսի գարնիզոնը մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի,հիմնական խնդիրը դարձնելով’ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի…» և այլն…Սա էլ հատված էր 1920թ բոլշևիկների որոշումից: Համեմատությունները թողնում եմ ընթերցողին:

Ավետիք Իշխանյան

Հ.Գ.

Հնարավոր ընդդիմախոսներիս կառաջարկեի, նախ հստակ պատասխանել հետևյալ հարցին. ՀՀՇ-ն և նրա առաջնորդը Ղարաբաղը պատկերացնում են Ադրբեջանի կազմում թե՞ ոչ(խնդրում եմ անորոշ ձևակերպումներից’ արդարացի լուծում,հայանպաստ որոշում,փոխզիջումներ և այլն զերծ մնալ), և եթե այո, արդյո՞ք իրենք համաձայն են նրանց հետ:

http://www.7or.am/

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply