Սոնա Շահգելդյանը` ՙՆովայա վոլնա-2010՚ երաժշտական մրցույթի հաղթող

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 1, 2010 13:15

Յուրմալայում (Լատվիա ) անցկացվող ՙՆովայա վոլնա-2010՚ (ՙՆոր ալիք՚) երիտասարդ կատարողների երաժշտական միջազգային մրցույթի երեք օրերի արդյունքներով հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Հուլիսի 31-ին` մրցութային երրորդ օրը, նա ստացավ աննախադեպ բարձր միավորներ. ժյուրիի բոլոր անդամները նրա կատարումը գնահատեցին առավելագույն` 11 միավոր:

Երկրորդ տեղում Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոն է, երրորդում` Էստոնիայից Ուկու Սուվիստեն:

Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 17 կատարողներ 12 երկրներից` Բրազիլիայից, Իսրայելից, Ֆինլանդիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից: Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնում էին 3-ական կատարողներ, Լատվիան` երկու:

Օգոստոսի 1-ին Յուրմալայում կկայանա գալահամերգ և մրցանակների հանձնում:

Մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է, որից 50 հազարը տրվելու է առաջին տեղը զբաղեցրածին, 30 հազարը` երկրորդ տեղին, 20 հազարը` երրորդին: Բացի այդ, կհանձնվեն նաև ՙՀանդիսատեսի համակրանք՚ և հատուկ մրցանակներ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 3678 անգամ:
Print Friendly

Leave a Reply