«Լիարժեք պահպանության իրականացման դեպքում հայկական վտանգված կենդանական աշխարհը կվերականգնվի»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 31, 2010 20:31
Հայաստանն ունի բավականին յուրատեսակ բնություն. եթե ամբողջ Եվրոպայում հաշվառված է շուրջ 500 թռչնատեսակ, ապա Հայաստանում` 351: Հայաստանում գրանցված է կաթնասունների` 83, սողունների` 53, երկկենցաղների 7 տեսակ: Ինչպես ասաց Երեւանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր, հրատարակվելիք «Հայաստանի Կարմիր գրքի» համահեղինակ, Ֆելիքս Դանիելյանը, նախկին «Կարմիր գրքում» տեղ գտած կենդանատեսակների համամատ այժմ բավականին ավելացել են անհետացման վտանգի տակ գտնվողները:
«Բավականին շատ տեսակներ ունեն պահպանության անհրաժեշտություն»,- ասաց Ֆ. Դանիելյանը` շեշտելով, որ պետք է բոլորին խնամել, ուշադրություն դարձնել, եթե ոչ` կվերանան: «Կենդանատեսակներից շատերի անհետացման վտանգի տակ հայտնվելուն մեծապես խթանել է մարդկային գործոնը: Մարդկային վերաբերմունքի` բնության նկատմամբ դրական փոփոխության դեպքում ուշագրավ արդյունքների կհասնենք»,- ասաց Ֆ. Դանիելյանը` նշելով, որ այժմ շատացել են բնության պահպանվող տարածքները եւ դրանց լուրջ պահպանության դեպքում սա իր մեծ ազդեցությունը կթողնի կենդանատեսակների վերականգնման վրա:
Վերջիններիս վտանգմանը նպաստել են նաեւ անտառահատումները, որսագողությունը, ոչ բավարար պայմանների առաջացումը: «Պետք է վաղ տարիքից դաստիարակել բնության նկատմամբ սիրով»,- նշեց Ֆ. Դանիելյանը` ընդգծելով հասարակության` բնության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի մեծ կարեւորությունը: Նախկին «Կարմիր գրքում» գրանցված էին 94 կենդանատեսակներ, իսկ նոր գիրքը կներկայացնի վտանգված տարատեսակների ավելի մեծ քանակ: Այժմ անհետացման եզրին գտնվող ամենավտանգված կենդանատեսակներից են Հայկական մուֆլոնը, Բեզուարյան այծը, Գորշ արջը:
Անհետացման եզրին է նաեւ ցերեկային գիշատիչ թռչունների բավականին ստվար հատված, որոնցով ժամանակին հարուստ էր Հայաստանը: Գիշերային գիշատիչներից վտանգված են հատկապես բվերը: Լրջորեն ստվարացել է նաեւ ճնճղուկազգիների ու Կովկասյան հնդուհավերի, նաեւ սողունների եւ օձերի տեսակների թիվը: Օձերից հատկապես վտանգված են Հայկական իժը, Լեռնատափաստանային իժը: Չվող թռչունների մեծ մասը եւս արդեն չի բնադրում Հայաստանում: Սեւանա լճի ջրի մակարդակի իջեցման եւ որսագողության հետեւանքով անհետացման եզրին են հայտնվել նաեւ Իշխանի տարատեսակները:






Facebook
Tweet This
Email This Post
