Ադրբեջանում իշխանական երկու կլանների միջեւ արդեն սկսվել է ընտրական մարտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 31, 2010 11:24

Խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ ներիշխանական իրարանցումն Ադրբեջանում ավելի է ուժեղանում: Կասկած չկա, որ նման կերպ շարունակվելու դեպքում իշխանության մեջ լուրջ բաժանումներ կլինեն: Տեղի ունեցող իրադարձություններից այլեւս սկսել են անհանգստանալ իշխանության գաղափարախոսները եւ մոբիլիզացրել իրենց բոլոր ուժերը՝ հակասությունները վերացնելու ուղղությամբ:

Սակայն, երեւում է ցուցադրվող ջանքերն անարդյունավետ են: Նվազագույնն այն պատճառով, որ հակասությունների գլխին իշխանության երկու հսկա խմբավորումներն են կանգնած: Դրանիցից մեկը «Նախիջեւան» խմբավորումն է, որի «կնքահայր»-ը իշխանության քաղաքական-գաղափարական կուրսը ղեկավարող նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Ռամիզ Մեհդիեւն է, մյուսն էլ իշխող ընտանիքի մերձավոր Փաշաեւներն են (Ադրբեջանի առաջին տիկնոջ հայրական կողմը): Երկու թեւերն էլ բավարար չափով հզոր հենարաններ ունեն իշխանության մեջ եւ հավատալու չէ, որ նրանցից մեկը կարող է հեշտությամբ հետ կանգնել իր հավակնություններից:   Նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ժամանակ աննկատելի Փաշաեւները առաջին շարքեր մտան Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո: Հեյդար Ալիեւի մահվանից հետո իրենց ձեռքն առնելով հզոր իշխանական լծակներ, այդ խմբավորումը պայքարում է իշխանությունն ամբողջությամբ ղեկավարելու համար:

Դա է պատճառը, որ իշխանության ամենաուժեղ թեւը համարվող «Նախիջեւան» կլանի ղեկավարներից մեկը հանդիսացող Ռամիզ Մեհդիեւը «ճակատամարտ» է սկսել Փաշաեւների դեմ: Անցյալ խորհրդարանական ընտրություններից առաջ նրան հաջողվել էր մասնատել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը (YAP) որպես այլընտրանք Փաշաեւների կողմից ստեղծված Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ կուսակցությունը (DADP) եւ հետաձգել տալ Փաշաեւների այդ նախագծի իրագործումը: Նրան հաջողվել է նաեւ կասեցնել 2013 թ-ի նախագահական ընտրությունների հետ կապված՝ Փաշաեւների պլանները:

Իշխող ընտանիքին մոտ խմբավորումը լրջորեն էր պատրաստվում 2013 թ-ի նախագահական ընտրություններին եւ որպես թեկնածու մտադիր էր առաջարկել Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային: Այդ ծրագրի իրագործումը «Նախիջեւան» կլանի վերջը կնշանակեր: Այդ պատճառով, գործի դնելով իր բոլոր քաղաքական կարողություները` Ռամիզ Մեհդիեւը լուծեց Իլհամ Ալիեւի ցմահ նախագահ լինելու հարցը՝ մարտի 18-ի հանրաքվեի միջոցով փոփոխություններ հաջողացնելով Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Խնդրի նման լուծումը ձեռնտու էր նաեւ Իլհամ Ալիեւին: Չնայած Փաշաեւները նրան ավելի մոտ են, պետության ղեկավարը դժվարանում էր հենվել նրանց վրա, քանի որ այդ ժամանակ կարող էր իշխանությունը բաժանվել եւ ձեռքից գնալ:

«Այժմ այդ երկու կլանների միջեւ պայքարը թեժացել է կապված՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածուներ առաջադրելու հետ: Իրավիճակն այնքան լարված է, որ անգամ հարցականի տակ է «YAP» ղեկավարության մեջ ներկայացված անձանց թեկնածու առաջադրվելը: Փաշաեւները մտադիր են խորհրդարանում ներկայացված լինել նվազագույնը 30-40 պատգամավորներով՝ առաջ քաշելով խորհրդարանը երիտասարդացնելու գաղափարը: Ռամիզ Մեհդիեւն էլ աշխատում է «YAP»-ի անդամների բերանով շանտաժի ենթարկել Փաշաեւներին եւ նրանց հարող խմբավորումներին:

Վերջին անգամ «YAP» գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը բացահայտ խոսել է խորհրդարանական ընտրություններում երիտասարդներին նախապատվություն տալու դեմ: Կառավարող կուսակցության անդամ պատգամավորն ասել է, որ խորհրդարանը քաղաքապետարան չէ, եւ Միլլի Մեջլիսում պետք է տեղ տալ հասուն մարդկանց: Սակայն, հավատալի չէ, որ այս անգամ Փաշաեւները տեղի կտան: Լավագույն դեպքում, այդ խմբավորումը կարող է զիջել 1-2 պատգամավորական աթոռ: Նման դեպքում, առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ կլանների միջեւ անզիջում դիմակայությունն անխուսափելի է», -եզրահանգում է «Ազադլըգ»-ը:

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply