Ամերիկահայերը դատական հայց են ներկայացրել Թուրքիայի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2010 22:09

Ամերիկահայ փաստաբանները հուլիսի 29-ին Թուրքիայի կառավարության եւ թուրքական երկու բանկերի դեմ հայց են ներկայացրել Դաշնային դատարան` պահանջելով փոխհատուցում 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը` հղում կատարելով ամերիկյան «AP» գործակալությանը: Ըստ աղբյուրի` վերոհիշյալ երկու բանկերն են` Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկը եւ դեռեւս 1860-ականներից գործող թուրքական «Ziraat Bank» (գյուղատնտեսական) բանկը: Հայցվորներն են Կարբիս Դավույանը` Լոս Անջելեսից եւ Հրայր Թուրաբյանը` Նյու Յորքից:

Հայցում նրանք պնդում են, որ խախտվել են մարդու իրավունքները, ինչպես նաեւ միջազգային նորմերը: Նրանք պահանջում են փոխհատուցել իրենց անշարժ գույքի, հողերի, բանկային հաշիվների, անգին մշակութային եւ եկեղեցական գործերի կորստի համար: Փաստաբան Մարկ Գիրագոսի խոսքերով, սա իր բնույթով Թուրքիայի կառավարությանը պատասխանատվության կանչող առաջին հայցն է: «Գործում ներգրավված բոլոր փաստաբաններն ունեցել են բարեկամներ եւ հարազատներ, ովքեր դարձել են ցեղասպանության զոհ կամ տեղահանվել են իրենց բնակավայրերից, ինչը գործին որոշ սրություն է տալիս», -ասել է նա: Փաստաբան Բրայան Կաբատկեն էլ ասել է, որ հնարավոր է գործընթացը տեւի երեք տարի եւ հավելել, որ, միեւնույնն է, իրենք ամեն ինչ անելու են` առաջ գնալու համար:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply