Դեպի 2013 թ. նախագահական ընտրություններ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 4, 2010 9:15

2013 թ. Հայաստանում անցկացվելու են հերթական նախագահական ընտրություններ, 2012 թ.` նաև խորհրդարանական ընտրություններ: Մինչ ընտրությունները դեռևս 3 տարի կա, սակայն արդեն այսօր հայաստանյան ներքաղաքական ուժերի ծավալած գործունեությունը ստիպում է ենթադրել, որ նրանք բոլորն էլ արդեն շատ ակտիվ կերպով սկսել են պատրաստվել թե’ խորհրդարանական և թե’ նախագահական ընտրություններին` կոնսոլիդացնելով իրենց ուժերը:

Քաղաքագետներն արդեն սկսել են կանխատեսումներ անել, թե քաղաքական գործիչներից ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը: Այս համատեքստում հետաքրքիր է, որ 2008 թ. նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից շատերը, ըստ երևույթին, չեն առաջադրվելու հաջորդ ընտրություններում, քանի որ անցած երկու տարիների ընթացքում սկսել են հարել այս կամ այն քաղաքական ուժին և հետևաբար` աջակցել այդ ուժի ղեկավարին:

Եթե փորձենք մեկ առ մեկ քննարկել անցած ընտրություններում առաջադրված թեկնածուների` վերջին երկու տարիներին ծավալած գործունեությունը, պարզ կդառնա, թե ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը հաջորդ ընտրություններում և ովքեր` ոչ:

Սերժ Սարգսյան: Առաջադրվելով 2008-ի ընտրություններում և դառնալով երկրի նախագահ` վերջինս փորձեց և այսօր էլ փորձում է վերացնել հասարակական դժգոհության այն ալիքը, որը ձևավորվել էր դեռևս նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին և փոխանցվեց նաև իրեն, քանզի Սարգսյանը Քոչարյանի նախընտրած թեկնածուն էր երկրի հաջորդ նախագահի պաշտոնում և ընդհանրապես Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մեջ մշտապես եղել են նույն թիմում: Սարգսյանին հաջողվեց իր կողմը գրավել քաղաքական շատ ուժերի, որոնց մի մասը մինչև 2008-ի ընտրությունները նույնիսկ ընդդիմանում էին նրան և հայտարարում, որ որևէ համագործակցություն Սարգսյանի թիմի հետ հնարավոր չեն համարում (Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան և այլն):

Ու թեև այսօր նախագահ Սարգսյանի վարած հատկապես արտաքին քաղաքականությունը բավական դժվարությունների է հանդիպել (հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության հետ կապված), սակայն խնդիրները ծագել են ոչ հայկական կողմի պատճառով, և անձամբ ողջունելի եմ համարում նախագահ Սարգսյանի վարած հենց արտաքին քաղաքական գործունեությունը:

Այլ հարց է, որ Սարգսյանն այսօր բավական լուրջ խնդիրներ ունի լուծելու ներքաղաքական դաշտում: Մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը, բնակչության չբարելավվող սոցիալական վիճակը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ այսօր հասարակության մի զգալի հատվածի մեջ առաջացրել են դժգոհության մեծ ալիք: Այս դժգոհությունների վրա հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել, այլապես դա կարող է վճռորոշ լինել առաջիկա նախագահական ընտրություններում,  քանի որ Սարգսյանի առաջադրումը կասկածներ չի հարուցում, բացառությամբ այն դեպքի, եթե արտակարգ ինչ-որ իրադրության պայմաններում Սարգսյանը հրաժարական չտա: Այս հարցում երկրի նախագահին մեծապես կարող է աջակցել վարչապետը, որի գործունեությունը, սակայն, առավել խիստ քննադատության ու դժգոհությունների առիթ է  տալիս հասարակության շրջանում, ու թեև վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման հենց առաջին ամիսներից առ այսօր անընդհատ խոսակցություններ են պտտվում նրա հնարավոր պաշտոնանկության մասին, ինչպես երևում է, նախագահ Սարգսյանը վստահում է գործող վարչապետին, և դժվար թե մինչ առաջիկա ընտրությունները երկիրը նոր վարչապետ ունենա:

Ինչևէ, գործող նախագահն այսօր  անկասկած համարվում է առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի գլխավոր թեկնածուներից մեկը, և մյուս թեկնածուները լուրջ գործունեություն պետք է ծավալեն գործող նախագահին հակակշիռ դառնալու համար:

Լևոն Տեր-Պետրոսյան: ՀՀ առաջին նախագահը 1998-ի հրաժարականից հետո հեռացել էր մեծ քաղաքականությունից, և գրեթե ոչ ոք չէր մտածում, որ նա կարող է վերադառնալ և լուրջ դեր ունենալ երկրի քաղաքական զարգացումներում: Տեր-Պետրոսյանն իրոք լուրջ դեր ունեցավ: Այլ հարց է` դրակա°ն էր այդ դերը, թե° բացասական: Ինչքան էլ որ իր իշխանության տարիներին Տեր-Պետրոսյանը լուրջ սխալներ էր գործել, այնուամենայնիվ նա համարվում էր երրորդ հանրապետության առաջին նախագահը, և այդ գործում նրա վաստակը ոչ ոքի կողմից չէր անտեսվում ու այսօր էլ չի անտեսվում: Սակայն 2008-ին կրկին վերադառնալով քաղաքականություն և առաջադրելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` Տեր-Պետրոսյանը մի քանի ամիսների ընթացքում խիստ ապակառուցողական գործունեություն ծավալեց` ներկա իշխանություններից հոգնած հասարակական մի զգալի զանգվածի շեղելով և երկրի ներքին դրությունը ապակայունացնելով: Այս համատեքստում, կարծում եմ, նույն մարտի 1-ի իրադարձությունների համար առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրի հենց Տեր-Պետրոսյանը: Սակայն նա ոչ միայն չի կրում այդ պատասխանատվությունը, այլև այսօր էլ շարունակում է իր քաղաքական գործունեությունը և 2013 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հավակնություններ ունի:

Միաժամանակ Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծած ընդդիմադիր ուժը` ՀԱԿ-ը, ներառում է խիստ տարբեր քաղաքական գաղափարախոսություն ունեցող և նախկինում նույնիսկ քաղաքական տարբեր բևեռներում գտնված ուժերի: Հենց այս է պատճառը, որ համախմբումը ՀԱԿ-ի շուրջ երկար չտևեց, և բազմաթիվ ուժեր ու առանձին քաղաքական գործիչներ այսօր այլևս չեն սատարում Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ի ներսում վերջին օրերին ծավալված քաղաքական սկանդալները հետևանք էին այն իրողության, որ Տեր-Պետրոսյանը, իր բնավորության համաձայն, ցանկանում էր լիակատար ու բացառիկ իշխանություն ունենալ ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի շուրջ համախմբված մյուս քաղաքական ուժերի վրա: Եվ ինչքան էլ Տեր-Պետրոսյանին սպասարկող մամուլը փորձի վստահեցնել, որ ՀՀՇ-ի շուրջ ծավալված սկանդալները իշխանությունների ձեռքի գործն են, անհավատալի, որ որևէ իշխանություն կարող է ներքին խնդիրներ ստեղծել քաղաքական ուժի ներսում, եթե այդ ուժը գործում է միահամուռ ու համախմբված: Հենց այս է պատճառը, որ թեև ՀԱԿ-ն այսօր դեռ գործում է, դե ֆակտո պատմության գիրկն անցած քաղաքական կառույց է, և Տեր-Պետրոսյանի միակ հույսը հաջորդ ընտրություններում թերևս երկրի ներքին իրավիճակը կրկին ապակայունացնելով` իշխանությունը վերցնելու փորձն է լինելու, ինչն այսօր արդեն դատապարտված է ձախողման, քանզի դժվար թե նախորդ ընտրություններում Տեր-Պետրոսյանին աջակցող հասարակական զանգվածը «երկրորդ անգամ նույն գետը մտնի»:

Չի կարելի իշխանավարման տարիներին ստեղծել հակաժողովրդավարական իշխանություն և հետո երկրում տիրող բոլոր մեղքերը հաջորդ իշխանությունների վրա բարդելու և դրա վրա քաղաքական գաղափարախոսություն կառուցելու փորձ անել: Ժողովուրդն ամենապրագմատիկ քաղաքական ուժն է և չի մոռանում ու չի ներում անցյալում գործած սխալները:

Արթուր Բաղդասարյան: 2008 թ. նախագահական ընտրություններին հանդես գալով ընդդեմ գործող իշխանության` Բաղդասարյանը ընտրություններից անմիջապես հետո նախագահ Սարգսյանի կողմից նշանակվեց որպես նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և անցավ իշխանական ճամբար: Սա պատճառ դարձավ, որ Բաղդասարյանի կողմից ղեկավարվող «Օրինաց երկիր» կուսակցությունը կորցներ անդամների մի զգալի զանգված, որոնք, դժգոհելով Բաղդասարյանի քայլից, լքեցին ՕԵԿ-ի շարքերը: Բաղդասարյանը մինչ այդ էլ հայտնի էր քաղաքական հայացքների կտրուկ փոփոխությամբ. Ժամանակին, լինելով Ազգային ժողովի նախագահ, նա անսպասելի հրաժարական ներկայացրեց և անցել էր ընդդիմության շարքերը: Այս ամենը չէր կարող անհետևանք մնալ, քանզի անընդհատ փոփոխվող քաղաքական հայացքները հասարակության մեջ խիստ բացասական կարծիք են ստեղծում ցանկացած քաղաքական ուժի և գործչի նկատմամբ:

Թեև, ըստ երևույթին, կարելի է կանխատեսել, որ հաջորդ նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, սատարելու է գործող նախագահին, մանավանդ որ այդ մասին օրերս մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Բաղդասարյանն, ըստ երևույթին, իր քաղաքական հավակնությունները պահում է այսօր դեռևս հեռավոր թվացող 2018 թ. նախագահական ընտրությունների համար, քանզի լավ հասկանում է, որ հաջորդ ընտրություններում չի կարողանալու լուրջ հակակշիռ լինել գործող նախագահին: Հնարավոր է նաև այն տարբերակը, որ գործող իշխանությունները Բաղդասարյանին պատրաստում են որպես երկրի նախագահի հաջորդ իշխանական թեկնածու, իհարկե, Սերժ Սարգսյանի հնարավոր երկրորդ իշխանավարումից հետո: Այս դեպքում էլ է պարզ դառնում, թե Բաղդասարյանն ինչու է 2013 թ. ընտրություններում պաշտպանելու գործող նախագահի թեկնածությունը:   

Րաֆֆի Հովհաննիսյան: Իր հինգ տարվա անորոշ «Ժառանգությամբ» Հովհաննիսյանն անկայուն քաղաքական վարք է դրսևորում հատկապես 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ «Ժառանգությունը» մեկ հանդես էր գալիս Տեր-Պետրոսյանին սատարելու հայտարարություններով, մեկ էլ սկսում էր առանձին գործել: Կուսակցության վերջին համագումարում Հովհաննիսյանն ընդհանրապես քննադատեց և’ իշխանություններին, և’ ՀԱԿ-ին` փորձելով իր ղեկավարած ուժը ներկայացնել որպես այլընտրանք: Այնուհետև դրանից օրեր անց հայտարարեց, թե չի բացառում խորհրդարանական և հետո նաև նախագահական ընտրություններում ընդդիմադիր որևէ ուժի (նաև` ՀԱԿ-ի) հետ միացյալ հանդես գալը: Թեև տերպետրոսյանական մամուլը վերջին շրջանում սկսել է Հովհաննիսյանին մեղադրել, թե նրա կուսակցությունն իբր իշխանությունների պրոյեկտն է (ինչը չի կարելի բացառել, եթե հիշենք, թե ինչպես 2007 թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» միայն վերջին պահին կարողացավ հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների 5%-ը, և այն ժամանակ, որպես այդպիսին, միակ ընդդիմադիր ուժն էր խորհրդարանում), այնուամենայնիվ, կարծում եմ, որ 2013 թ. նախագահական ընտրություններին «Ժառանգությունը» կներկայացնի իր թեկնածուին հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, որովհետև ինչպես Հովհաննիսյանը, այնպես էլ Տեր-Պետրոսյանը սեփական հավակնություններով չափազանց տարված քաղաքական գործիչներ են, և նրանցից մեկն իր թեկնածությունը չի հանի հօգուտ մյուսի (ինչքան էլ որ 2008-ի ընտրություններին «Ժառանգությունը» հայտարարեց Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին): Այսինքն` պետք է սպասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում կունենանք նախագահի ևս մեկ թեկնածու` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի:

Վարդան Օսկանյան: Երկար տարիներ (2000-2008 թթ.) զբաղեցնելով երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը` Օսկանյանն իր պաշտոնանկությունից հետո դարձավ գործող իշխանություններին ընդդիմադիր և այսօր անվերապահորեն համարվում է առաջիկա նախագահական ընտրություններում երկրի նախագահի հնարավոր թեկնածուներից մեկը: Այդ մասին է խոսում նաև այն, որ Օսկանյանը ակտիվ կերպով համալրում է իր քաղաքական թիմը (այդ թվում` իր կողմից ստեղծված «Սիվիլիթաս» հիմնադրամը) և ամեն կերպ ջանում է առաջիկա ընտրություններում նախագահի այլընտրանքային թեկնածուի դիրքերից հանդես գալու համար: Սա է վկայում նաև այն, որ Օսկանյանը ընդդիմանում է թե’ գործող իշխանություններին և թե’ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ-ին: Սակայն Օսկանյանը Տեր-Պետրոսյանի պես փորձում է աչք փակել իր քաղաքական անցյալի վրա և մոռանալով, որ երկար տարիներ եղել է երկրի արտգործնախարարը և արտաքին քաղաքականության մեջ երկրի նախագահից հետո առաջին պատասխանատուն, անընդհատ գործող իշխանություններին մեղադրում է նույն հայ-թուրքական հարաբերությունները և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը սխալ ուղղությամբ տանելու համար: Այս ամենով հանդերձ, չի կարելի բացառել, որ Օսկանյանը կարող է բավական «լուրջ» թեկնածու լինել առաջիկա ընտրություններում:

Այլընտրանքային թեկնածու: Անկախ վերը քննարկված բոլոր թեկնածուներից, այսօր պահի թելադրանք է համարվում այլընտրանքային քաղաքական դեմքի հրապարակ գալը, որն իրավամբ կվայելի համաժողովրդական աջակցություն և առաջիկա նախագահական ընտրություններում իրավամբ հակակշիռ կհանդիսանա գլխավոր թեկնածուներին: Այլ խնդիր է, որ այօր քաղաքական հորիզոնում այդպիսի թեկնածու չի երևում, իսկ նախագահական ընտրություններում ըստ արժանվույն հանդես գալու համար հարկավոր է արդեն այսօրվանից լրջագույն գործունեություն ծավալել` կոնսոլիդացնելով հնարավորինս շատ քաղաքական ուժերի և ստանալով հնարավորինս մեծ հասարակական զանգվածի աջակցությունը:

Սակայն դեռևս չի կարելի բացառել այլընտրանքային թեկնածուի հանդես գալը: Ժամանակը ցույց կտա, թե ովքեր են լինելու երկրի հաջորդ նախագահի ամենաիրական թեկնածուները, և թե նրանցից ով է ստանձնելու երկրի ամենապատասխանատու պաշտոնը:

Մրցավազքն արդեն սկսված է:

Դիտվել է 3622 անգամ:
Print Friendly

Leave a Reply