Գայլաձորի հունի փոփոխությամբ Սևանի մակարդակը տարեկան 12 սմ-ով պակաս կբարձրանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 30, 2010 16:02

«Արգիճիի ջրերի հաշվին տարեկան Սևանը բարձրանում է 12 սմ-ով,- ասում է բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը,- Արգիճիի վտակ Գայլաձորի հունի փոփոխությունը  նշանակում է տարեկան 12 սմ-ով պակաս բարձրացնել Սևանի  մակարդակը»: Բնապահպանը նշում է, որ Գայլաձորի ջրերի հոսքը փոխելու դեպքում Սևանա լիճ լցվող ամենահորդառատ, մաքուր և սառնորակ  գետը կվերածվի կոյուղագծի, որ դեպի լիճ կտանի հարակից բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը:

«Նախագահն ասում էր` Մենք պարտք ենք Սևանին և պետք է այդ պարտքը վերադարձնենք: Իսկ ինչպես հասկանանք այն, որ Սևան լցվող ջրերի հոսքը փոխում են»,- ասում է  SOS Արգիճի նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանը:

Գալստյանը նշում է, որ գետի հունի փոփոխության դեպքում կվտանգվեն Կարմիրգրքում գրանցված իշխանը, բեղլուն, բոջակը, որոնք ձվադրում են Արգիճիի վերին հոսանքներում: Ոնչացման եզրին կհայտնվեն նաև Արգիճիի շրջակայքում աճող հայկական հովտաշուշանը, ավելուկը, մանուշակը, վայրի սխտորը: «Մեկ-երկու տարի հետո այդ գեղեցիկ տարածքը կվերածվի անապատի»,- ասում է Գալստյանը:

SOS Արգիճի նախաձեռնող խմբի անդամներ Վարդան Գալստյանը և Պայծառ Աղաբաբյանը նշում են, որ Գայլաձորից երբևէ ջուր չի հոսել դեպի Վայոց Ձոր` չնայած բնապահպանության նախարարության պնդումներին: «Շինարարության վայրում որևէ ազբեստից խողովակ չկա, ինչպես պնդում է բնապահպանության նախարարությունը: Կան ցինկից խողովակներ, որոնք սովետական չեն,  առնվազն 5-6 տարվա պատմություն ունեն: ,- ասում է Գալստյանը,- բացի այդ, այնպիսի ինժեներական կառույց են ստեղծում, որով գետն ամբողջությամբ կհոսի դեպի Վայոց Ձոր»:

Նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը քննարկում է միայն Մարտունու 5 համայնքների և Վայոց Ձորի Աղնջաձորի ոռոգման ջրի ռեսուրսները, որպեսզի վերջնական եզրակացություն տա` շինարարությունը պետք է շարունակվի, թե ոչ, իսկ  Սևանի հարցը աչքաթող է արված: «Հանձնաժողովում ընդգրկված չեն  մեր համայնքների ներկայացուցիչներից և ոչ մեկը, չկան նաև էկոլոգներ: Ո՞վ և ի՞նչ հիմունքներով է հարցը քննելու»,- ասում է Գալստյանը:

Աղաբաբյանը նշում է, որ հանձնաժողովի ունեցած տվյալներում իրենց համայնքների հողերի մակերեսը զգալիորեն կրճատված է:  Աղաբաբյանն ասում է, որ իրենց տվյալներով ունեն  6850 հա ոռոգելի տարածք, մինչդեռ հանձնաժողովի տվյալներով` 5 համայնքները միասին ունեն 2705 հա ոռոգելի տարածք:  2705 հա ոռոգելի տարածքից փաստացի ոռոգվում է միայն 950 հա-ն, իսկ 1764-ը չի ոռոգվում ջուր չլինելու պատճառով, մինչդեռ Աղնջաձոր համայնքն ունի 270 հա հող, որից փաստացի ոռոգվում է 110 հա, իսկ 160 հա-ն չի ոռոգվում: «Դեռ 2004-ին բնապահպանության նախարարությունը արգելեց Վերին Գետաշենի համար ոռոգման ջրանցք կառուցել Արգիճիի վրա` պատճառաբանելով ջրի սղությունը, իսկ հիմա եղած ջուրն էլ են կտրում,- ասում է Աղաբաբյանը` հավեվելով, որ իր տղան, օրինակ, տնամերձ հողամաս ունի, սակայն չի մշակում, քանի որ ոռոգման ջուր չկա,-ստիպված իմ հողամասից եմ մի կտոր տվել, որ մշակի, ընտանիք պահի»:

Բնապահպան քնարիկ Հովհաննիսյանը մատնանշում է, որ խիստ գաղտնի է պահվում իրական ինֆորմացիան, թե ի վերջո ինչ է կառուցվում Գայլաձորի վրա: Նրա խոսքով` ակտիվ շշուկներ են պտտվում, ըստ որոնց կամ հէկ է կառուցվում, կամ շշալցման գործարան: Բնապահպանը երկու տարբերակն էլ հնարավոր է համարում:

«Քանի դեռ Գայլաձորի վրա կառուցված ամբարտակները կան, գետի վրա միշտ սև ամպեր կուտակված կլինեն»,- ասում է Գալստյանը` հավելելով, որ նախաձեռնող խումբը հերթապահություն է իրականացնում Գայլաձորի մոտ, որպեսզի բնակիչներից գաղտնի շինարարությունը չշարունակվի:

Թեմայի մասին տես նաև ԱՅՍՏԵՂ

Դիտվել է 3169 անգամ:
Print Friendly

Leave a Reply