6 զինծառայող է զոհվել Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2010 13:38

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 1 լեյտենանտի ու մեկ սերժանտի, Այնուհետեւ նա նույն զենքով սպանել է դեպքի վայրին մոտեցած եւս երեք զինծառայողների եւ ինքնասպան եղել։
«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկությունների համաձայն, Այվազյանը այս քայլին դիմել է, քանի որ սպանված սպաները իր ընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ համապատասխան ծառայություններին խստագույնս ցուցումներ են տրվել դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

Այս միջադեպից ընդամենը 1 օր առաջ՝ հուլիսի 27-ին, Հայաստանի Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը։ Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն «Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցում նշված է, որ 2009 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանի զինված ուժերում մահվան 42 դեպք է արձանագրվել, որոնցից 11–ը ինքնասպանություն է եղել։ 7 մահվան դեպք տեղի է ունեցել բռնությունների հետեւանքով:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply