Յոգայի սխալ ուսուցումը վնասակար է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 30, 2010 0:55
«Հայաստանում աղանդները քողարկվում են յոգայի անվան տակ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը` նշելով, որ յոգայի անվան տակ աղանդավորները տարածում են Ագնի յոգա, Կրիշնիա, Բժագավար յոգա: «Սրանք հնդկական կրոններ են, որոնք մարդկանց տանում են իրենց ետեւից»,- ասաց նա: Յոգայի նման «պարապմունքները», ըստ ֆեդերացիայի նախագահի, անցկացվում են անգամ տներում:
Հ. Բաղդասարյանի հավաստմամբ` Հայաստանում չափազանց քիչ են յոգայի «իսկական» ուսուցիչները, եւ ֆեդերացիան այժմ զբաղվում է ուսուցիչների վերապատրաստմամբ: «Հայաստանում հիմնականում առկա են յոգայի հետ կապված մակերեսային գիտելիքներ, իսկ դա որքան օգտակար, կրկնակի վնասակար է սխալ ուսուցանման դեպքում»,- նշեց ֆեդերացիայի նախագահը` ընդգծելով, որ մարդիկ երբեմն խառնում են յոգան ու շեյփինգը: Նրա խոսքով` չափազանց կարեւոր է որակավորված ուսուցիչների մոտ պարապել, իսկ այդպիսիք հանրապետությունում շատ քիչ են: Հ. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի յոգայի ֆեդերացիան ներկայումս կազմակերպում է յոգա-տուրեր:
Այժմ ավարտվել է այս տարվա առաջին յոգա-տուրը, որն անցկացվել է Մոսկվայից հրավիրված հայ մասնագետի կողմից` Հանքավանում: Նախատեսվող հերթական երկու տուրերը կանցկացվեն Աղավնաձորում, ապա կրկին Հանքավանում` 15- 20 հոգանոց խմբերով: Նշենք, որ Հայաստանի յոգայի ֆեդերացիան գործում է արդեն մեկ տարի:






Facebook
Tweet This
Email This Post
