Դիմում Հանրային խորհրդին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2010 22:55
ՀՀ Հանրային խորհրդի հարգելի՛ նախագահ,
Հարգելի՛ խորհրդականներ
Այս տարվա ապրիլից սկսած՝ հայրենական կառավարության՝ լեզվի և կրթության ոլորտներում օրենսդրական մտադրված փոփոխության նախաձեռնությունը զանգվածային արդար ցասումի ու բողոքի ալիք է առաջացրել։ Հայության ու հայոց անկախ պետության ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցները տագնապի մեջ են՝ ի տես միատարր ազգաբնակչություն ունեցող երկրի ներսում այդ բնակչությանը պետական մակարդակով ուծացնելու ձեռնարկումների։ Ցավալի է, երբ կառավարության ղեկավարը հեռուստատեսությամբ հղում է կատարում մասնագիտական տեսակետից խոցելի ուսումնասիրության վրա, որը իրականացվել է մեծամասնությամբ խնդրին անիրազեկ մարդկանց միջավայրում։ Այստեղ մենք կարևորում ենք կենտրոնական հեռուստակայաններով ամբողջական տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը` դեմ և կողմ արտահայտվողների մասնակցությամբ։
Խորհրդային կարգերի ամբողջ ժամանակահատվածում Հայաստանում պետական լեզուն հայերենն էր։ Ինչո՞ւ չպիտի անկախ հռչակված Հայաստանում գործի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը։ Հենց նշված հոդվածը, ի պաշտպանություն հայոց պետական լեզվի, թույլ չի տալիս լեզվի օրենքի փոփոխություն։ Առնվազն տարակուսելի է, որ իրենց կոչումով այդ օրենքը պաշտպանելու կոչված վարչապետն ու ԿԳ նախարարը դժգոհում են այն բանից, որ նույն օրենքը խանգարում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելուն, փոխանակ իրենց ոչ միայն դժգոհությունը, այլև նպատակային ձեռնարկումներն ուղղեն հանրապետության տարածքով մեկ ապօրինաբար վերաբացված բազմաթիվ օտարալեզու դպրոցների դեմ, փոխանակ սանձեն մեր քաղաքները ողողած օտարանուն ու օտարագիր ցուցանակների ու գովազդների անսանձ տերերին։ Իսկ լեզվի օրենքն իրոք օտարամոլ ոտնձգությունները խանգարելու համար է ընդունվել։ Եթե այս տարրական բանը չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս բարձրաստիճան պաշտոնյաները, ապա պիտի փոխվեն իրե՛նք, ո՛չ թե օրենքը, որովհետև հիշյալ փոփոխությունը, որ դժբախտաբար ընդունել է Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ, այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան պետության՝ հայրենիքի անթաքույց դավաճանություն։
Մենք տեղյակ ենք, որ Հանրային խորհուրդ են հասնում նաև օրենսդրական այդ փոփոխությունը գովերգող շինծու նամակներ։ Վստահ լինելով Հանրային խորհրդի՝ այս հարցում որդեգրած վճռականությանը՝ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի, Վանաձորի մտավորականների և «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի համատեղ ժողովն իր զորակցությունն է հայտնում այդ խորհրդին` հորդորելով համաձայնեցված գործողություններով մեկընդմիշտ փակել մեր անկախ պետության հիմքերը խարխլող նախագծերի ճանապարհը։ Հավատացած ենք, որ Հանրային խորհուրդը բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու նվիրյալների աջակցությամբ կհասնի այն բանին, որ Ազգային ժողովում տեղի չունենա լեզվի ու կրթության օրենսդրական փոփոխության երկրորդ ընթերցում, և կառավարությունը կհրաժարվի իր ձախավեր մտադրությունից, որը պախարակում է հայությանը թե՛ իր, թե՛ բոլոր ազգերի աչքին։
Ինչ վերաբերում է միջազգային չափանիշով բարձրակարգ դպրոց ստեղծելուն, ապա բնավ դեմ չենք. բոլո’ր դպրոցները թող համապատասխանեցվեն այդ չափանիշին` հայոց պետական լեզվով. սա` նաև ի լուր «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողղների։
Նահանջելու տեղ չունենք։ Մինչև հիմա մեր նկատմամբ սպիտակ ջարդի քաղաքականություն են իրականացրել օտարները, այսօր դա իրագործել են փորձում մեր արյունակիցները՝ զոհասեղանին դնելով հայ ազգի ինքնությունը։ Հանուն այդ ինքնության ու նրա պահպանության, հանուն Հայաստանի անկախության ու Սահմանադրության պաշտպանության՝ պայքարելու ենք գիշերուզօր։
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի,
Վանաձոր քաղաքի մտավորականների,
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի
համատեղ ժողովի մասնակիցներ ք. Վանաձոր, 28. 07. 2010 թ.
Չաթինյան Գևորգ Ենոքի, ՎՊՄԻ-ի պատմության ամբիոնի դասախոս, ազատամարտիկ
Ջաղինյան Նինա, ՀՀ Գրողների եւ լրագրողների միությունների անդամ
Անթառնյան Լենա, ՀԳՄ անդամ
Կռոյան Նարինե, ՎՊՏՔ դասախոս, արձակագիր
Ղևոնդյան Արա, նկարիչ
Գասպարյան Խորեն, ՀՀ Գրողների եւ լրագրողների միությունների անդամ
Գյուլզադյան Դավիթ, բ.գ.թ, դոցենտ
Էդվարդ Արզումանյան, ուսանող
Դավթյան Նելլի, լրագրող
Սարգսյան Լեուն, լրագրողների միության անդամ
Մուրադյան Ռաֆայել, Ազգային նոր պահպանողական շարժում
Քապյան Աննա, Ազգային նոր պահպանողական շարժում
Հովհաննիսյան Արմեն, լրագրող
Ապատյան Արամ, ծրագրավորող






Facebook
Tweet This
Email This Post
