Հաագայի դատարանի վճռի արձագանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 29, 2010 18:15

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին հրապարակեց Կոսովոյի կողմից հռչակված անկախության օրինականության վերաբերյալ իր վճիռը, ըստ որի` անկախության հռչակագրի ընդունումը չի հակասում միջազգային իրավունքին: Դատարանի վճիռը խորհրդատվական բնույթ ունի: Ինչպես նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում, դատարանի այս որոշման կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է կողմերին երկխոսություն սկսելու և սադրանքներ թույլ չտալու կոչով:

Նույն աղբյուրը հիշեցնում է, որ 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր ինստիտուտներն ընդունել են Սերբիայից անկախանալու մասին հռչակագիր, որը միանշանակ չի ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից: Այդ կապակցությամբ 2008 թ. հոկտեմբերի 8-ին Գլխավոր վեհաժողովը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, դիմել է Միջազգային դատարան հարցի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքով:

Միջազգային դատարանը դեկտեմբերի 1-ից 11-ը դռնբաց նիստում լսեց հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի 30 շահագրգիռ անդամ երկրների ներկայացուցիչներին: Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ համարում են, որ Կոսովոյի կողմից անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին, ներառյալ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թ.1244 բանաձևի դրույթներին: Կոսովոյի ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, որ հռչակագրի ընդունմամբ ավարտվում է երկրամասի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացը և իրագործվում ազգի ինքնորոշման իրավունքը: Այս տեսակետին համաձայնեց 69 պետություն, այդ թվում` ԱՄՆ-ն, Գերմանիան, Ալբանիան, Սաուդյան Արաբիան: Արդյունքում 15 դատավորներից բաղկացած Միջազգային դատարանը 2010 թ. հուլիսի 22-ին կայացրեց իր հայտնի որոշումը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության` դատարանի խորհրդատվական եզրակացությունը, ըստ էության, «իրավաբանական խորհուրդ» է, որից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը և Անվտանգության խորհուրդը կարող են օգտվել սեփական որոշումներ կայացնելիս:

Ակնհայտ էր, որ այս որոշմանը հետևելու էին տարաբնույթ արձագանքներ: Մասնավորապես, հուլիսի 23-ին ռուսական «Վզգլյադ» պարբերականը գրել է, որ «Կոսովոյի ինքնահռչակված անկախության օրինականության մասին Միջազգային դատարանի վճիռը թևավորեց ամբողջ աշխարհի անջատողականներին»` հավելելով, որ դատարանի որոշումն աշխարհը կրկին բաժանեց երկու մասի: «Պրիշտինայի սուվերենության կողմնակիցները հայտարարում են այս դեպքի «ինքնատիպության» մասին, սակայն ամբողջ աշխարհի անջատողականներն արդեն հավատացել են տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց ինքնորոշման իրավունքի առաջնայնությանը: Այժմ շատ բան կախված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դիրքորոշումից»,- գրել է «Վզգլյադը»` նշելով, որ աշխարհում նմանատիպ խնդիրներ ունեն 19 ինքնահռչակ միավորներ: Պարբերականը մեջբերել է թե’ որոշման կողմնակից և թե’ որոշմանն ընդդիմացող պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները, այդ թվում, մասնավորապես, ընդգծելով, որ ՌԴ ԱԳՆ-ն համակարծիք և համերաշխ է պաշտոնական Բելգրադի հետ. «Կոսովոյի անկախությունը չճանաչելու վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է»: Թերթը, անդրադարձ կատարելով «կոսովյան հետքերին», ներկայացնում է դատարանի որոշմանը հետևած ոգևորությունը Լեռնային Ղարաբաղում և մեջբերում ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հայտարարությունը «Մենք ոչ մի բանով Կոսովոյից վատը չենք և նույն պայմաններում ենք հռչակել անկախությունը: Դա մեզ իրավունք է տալիս դիմելու միջազգային դատական ատյաններ` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով»: Միաժամանակ նշվում է, որ սերբ լրագրողների տվյալներով` ԱՄՆ-ն արդեն պատրաստում է Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը և այդ երկրի անկախության ճանաչումը  պաշտպանող սեփական բանաձևը, սակայն Մոսկվայում կարծում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Վաշինգտոնի շանսերը` նման փաստաթղթի անցկացման առումով, զրոյական են, հաշվի առնելով այն փաստը, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ երկրների կեսից զգալի թվով պակաս երկրներ:

Ռուսաստանյան մեկ այլ` «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը նույնպես ընգծում է, որ Միջազգային դատարանը Կոսովոն համարում է առանձնահատուկ դեպք, ինչն ի սկզբանե երկրամասի անկախության կողմնակիցների` ԱՄՆ-ի և Եվրամիության մի շարք երկրների հիմնական փաստարկն էր: Թերթը, հղում անելով դիտորդներին, նշում է, որ թեև դատական որոշումը խորհրդատվական բնույթի է և պարտադիր ուժ չունի, այդուհանդերձ կարող է հանգեցնել քաղաքական լուրջ հետևանքների: «Նախ` տվյալ որոշումը պատմական նախադեպ է, որը կարող է ազդել անջատողականության խնդիրների հետ առնչված այլ երկրներում` Ռուսաստանում, Իսպանիայում տեղի ունեցող գործընթացների վրա: Երկրորդ` Սերբիան և ԱՄՆ-ն ծրագրում են Կոսովոյի խնդրի վերաբերյալ այլ երկրների տեսակետների համար դիվանագիտական պայքարի նոր փուլ սկսել»,- գրել է «Նեզավիսիմայա գազետան»: Նշվում է նաև, որ Սերբիան մտադիր չէ ձեռքերը ծալած նստել և փորձելու է իր դիվանագետների միջոցով հնարավորինս կանխել Կոսովոյի անկախության ճանաչումը մինչ այժմ չճանաչած պետությունների կողմից, նաև բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի աշնանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանության արժանացնի Բելգրադի բանաձևը: Ըստ թերթի` Սերբիան կփորձի մինչև Վեհաժողովի բացումը խափանել առնվազն ևս 40 երկրների կողմից երկրամասի ճանաչման հասնելու վերաբերյալ Կոսովոյին ԱՄՆ-ի տված խոստումների կատարումը: Հակառակ դեպքում, ի լրումն ՄԱԿ-ի անդամ 192 պետություններից Կոսովոյի անկախությունը ճանաչած ներկայիս 69 երկրներին, ևս 40-50-ի կողմից հնարավոր ճանաչումը կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնի բանաձևի կողմնակիցների թիվը կհասնի 110-120-ի:

«Պաշտոնական Վաշինգտոնը շատ գոհ է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից. այն համահունչ էր Միացյալ Նահանգների՝ վաղուց արդեն հայտնի դիրքորոշմանն առ այն, որ Կոսովոյի անկախացումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հուլիսի 25-ին Վաշինգտոնում կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխպետքրատուղար Ֆիլիպ Գորդոնը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ ընդգծել է. «Դատարանի ընդունած որոշումը սերտորեն կապված էր Կոսովոյի առանձնահատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր և ոչ` այլ տարածաշրջանների կամ պետությունների, ու նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար»: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները սերտորեն աջակցում և անհրաժեշտ է համարում Սերբիայի և Կոսովոյի միջև հետագա կառուցողական երկխոսությունը, Ֆ.Գորդոնը ասել է. «Այդ երկխոսությունը, սակայն, չպետք է ծավալվի Կոսովոյի կարգավիճակի շուրջ։ Միացյալ Նահանգների համոզմամբ, այդ հարցն այլևս լուծված է»:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բնականաբար, վերջին օրերին ակտիվորեն մեկնաբանվում է նաև Արցախում ու Հայաստանում: Այդ  որոշման վերաբերյալ հուլիսի 23-ին համատեղ հայտարարությամբ հանդես եկան Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը, իսկ հաջորդ օրը` արտաքին գործերի նախարարությունը: Վերջինի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այդ որոշումն ունի չափազանց կարևոր իրավական, քաղաքական  ու բարոյական, ինչպես նաև համընդհանուր նախադեպային նշանակություն և իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու դրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը»։

«Անկասկած, Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի նման հեղինակավոր կազմակերպության որոշման ընդունումից հետո նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Դա կարևորագույն որոշում է, և մենք միայն ուրախ կլինենք, եթե այն օգնի ԼՂՀ-ի ճանաչմանը: Սակայն, անկախ այս ամենից, մենք շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված մեր աշխատանքը»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ և ՀՀ լրագրողների մասնակցությամբ հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանի համոզմամբ. «Մենք հիմա ստանում ենք նոր գործիք և նոր հնարավորություն պայքարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար, որովհետև վճիռը, անկախ նրանից, թե ինչ պայմաններում է կայացվել, արդար է և համապատասխանում է մեր շահերին»: Հուլիսի 23-ին, դեռևս մինչև ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հայտնի հայտարարությունը, դաշնակցական պատգամավորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր նաև. «Երբ մի գերտերություն` ԱՄՆ-ն, ասում է, որ անկախ այդ վճռից, ես ողջունելու եմ Կոսովոյի անկախությունը, սա արդեն մտահոգիչ է: Այդ դեպքում նշանակում է, որ միջազգային մակարդակի դատական վճիռներն այլևս արժեզրկվում են»: «Միջազգային իրավունքը, ինչպես քրեական օրենսգիրքը, կա’մ աշխատում է բոլոր քաղաքացիների համար, կա’մ չի աշխատում ընդհանրապես: Երբ օրենքի առջև բոլորը հավասար չեն, ուրեմն այդ օրենքը չկա, ուրեմն սկսում է գործել ջունգլիների իրավունքը, լոկալ իրավունքը»,-համոզմունք է հայտնել Վ. Հովհաննեսյանը:

«Սա աննախադեպ որոշում էր և դրական կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման վրա, – կարծիք է հայտնել ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ-ի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` հավելելով,- որոշումը ցույց տվեց, որ կարող է Ալբանիա անկախ պետության պարագայում մեծապես ալբանացիներով բնակեցված Կոսովոն էլ դառնալ անկախ: Այսինքն` հօդս են ցնդում Ադրբեջանի քաղաքական վերնախավի բոլոր այն պնդումները, որ եթե կա անկախ Հայաստանի Հանրապետություն, ապա էլ ինչու է աշխարհին պետք անկախ Ղարաբաղը»:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2040 անգամ:
Print Friendly

Leave a Reply