Գյումրիի արվեստագետների աշխատանքները Նկարիչների միությունում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 29, 2010 16:42

Դիզայներ Զարուհի Մնացականյանն իր երկու մոդելների հետ

Այսօր Նկարիչների միությունում բացվեց Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանողների և շրջանավարտների ստեղծագործությունների ցուցահանդես:

Ներկայացված են 20 հեղինակի ավելի քան 80 աշխատանք:

23-ամյա դիզայներ Զարուհի Մնացականյանն, օրինակ,  ոգևորված է կուբիզմով և Պիկասոյի կամ Մալևիչի կտավներում պատկերված ծավալներն ու հարթությունները փորձել է օգտագործել հագուստի մեջ: Նրա մոդելները երեքն էին՝ կանաչի, նարնջագույնի ու դեղինի համադրությամբ կուբիստական հագուստով:

«Ինձ շատ է գրավում կուբզիմը, ու այդ մտածողությունը փորձել եմ արտահայտել հագուստով,- ասում է նա,- օգտագործելով ինչ-որ քուղեր կամ գուբկայի կտորներ՝ փորձել եմ ստանալ ծավալներ, արտահայտել ֆակտուրաներն ու հարթությունները»:

Վահագն Ղուկասյանն արդեն շրջանավարտ է ու բացի իր դիպլոմային աշխատանքից ներկայացրել էր ևս 7-8 գեղանկար: Նա ասում է, որ, թեպետ պոպ-արտ չի սիրում, բայց ցուցասրահի դիմացի պատի վրա ազդեցիկ ծավալներ զբաղեցրած իր դիպլոմային աշխատանքը որոշակի նմանություն ունի պոպ արտի հետ:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ ոճի մեջ եմ ստեղծագործում,- ասում է Վահագնը,- իմ կարծիքով, դա նոր ոճ է, որի առանձնահատկություններից են գույների ուրախությունն ու պայծառությունը, իսկ որ ամենակարևորը իմ համար՝ անկեղծությունը»:

Արվեստաբան Արման Գրիգորյանը, ով ասում է, թե հնարավորինս աշխատում է հետևել ակադեմիական սերունդի աշխատանքներին ու դիպլոմներին, Վահագնի աշխատանքը դիտում է որպես արվեստի գործ:

«Երևանի հետ համեմատած՝ Գյումրին շատ լավ ա աշխատում,- ասում է  նա,- օրինակ Երևանի այս տարվա գեղանակարի դիպլոմային աշխատանքները բոլորն էլ շատ վատն էին, իսկ  Վահագնի աշխատանքը լրիվ նորություն է: Այստեղ են նախորդ տարիների ավարտած էլի շրջանավարտներ կան, որոնք դաս են տալիս արդեն, և էդ  պահն էլ եմ հավանում Գյումրիի ակադեմիայի մասնաճյուղի,  որ իրենց լավ դիպլոմ արած և լավ ուսանող նկարիչները հետո դասավանդում են»:

Արվեստագետ Նազարեթ Կարոյանը ևս Գյումրիի արվեստի դաշտի իրավիճակն ավելի հետաքրիքր է համարում, քան Երևանում. «այն ավելի բաց է ու անկաշկանդ»:

Չափազանց զարմանալի է արվեստագետների այս պնդումը, որ Երևանից դուրս ավելի հետաքրիքր ու բովանդակալից արվեստ է ստեղծվում, քանի որ, սովորաբար, մայրաքաղաքներից են հոսանքները գնում դեպի ավելի հեռու տեղակյաված շրջաններ: Կարոյանն ասում է, թե պետք չէ կյանքում տրամաբանություն փնտրել. «Կյանքը տրամաբանությամբ չի շարժվում, տրամաբանությունը մարդկանց գլխում է , բայց դա չի նշանակում, որ գլխներից դուրս ամեն ինչ տրամաբանական է»:

Նրա գնահատմամբ՝ այս հարցում Գյումրիի առանջացիկ ու ինքնակարգավորվող մեխանզիմը կարող է տեղավորվել անտրամաբանական համարվող երևույթների  շրջանակներում:

«Իհարկե, միգուցե, սա համարվի մի փոքր չափազանցություն, որովհետև Երևանը մեծ նշանակություն ունի, կարևոր դեր է կատարել և կատարում և չի կարելի անտեսել, բայց ես արձանագրում եմ ընդամենը ընթացիկ իրավիճակը»,- ասում է նա:

Կարոյանի կարծիքով՝  երևանյան արվեստի դաշտում քաղաքական կոնցեպտուալ հետաքրքրությունների իմաստով  բավական հետաքրքիր իրադարձություններ են կատարվում,  բայց ստեղծագործական պրոցեսը իբրև ձևերի արտահայտություն՝ Գյումրիում շատ ավելի լավ է:

«Միգուցե Երևանում ընթանում են ընդերքային ու նկուղային պրոցեսներ, որոնք այսօր տեսանելի չեն կամ ներկայացնում են Հայաստանի վաղվա արվեստը, այդ կտրվածքով սա կարելի է դիտել որպես փուլերի տարբերություն»,- ասաց նա:

Դիտվել է 1939 անգամ:
Print Friendly

Leave a Reply