Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ վեց երկրաշարժ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 29, 2010 15:20
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները հուլիսի 22- 28-ը Հայաստանի եւ հարակից տարածքներում գրանցել են 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ. առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Գավառ քաղաքից 12 կմ դեպի հարավ-արեւմուտք, երկրորդը` հուլիսի 26-ին, Աշոցք քաղաքից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ինչպես տեղեկացրին ծառայությունից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ վեց երկրաշարժ:
Թուրքիայի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ. առաջինը` հուլիսի 22-ին 4 բալ ուժգնությամբ Պատնոս քաղաքից 27 կմ դեպի հարավ-արեւելք, երկրորդը` հուլիսի 24-ին 3 բալ ուժգնությամբ Չալդրան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արեւելք, իսկ երրորդը` հաջորդ օրը, 3-4 բալ ուժգնությամբ Կարս քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հուլիսի 25-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանի Ղազախ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Վրաստանի Նինոցմինդա քաղաքից 3 կմ դեպի հարավ:
Հուլիսի 28-ին Ադրբեջանի Գորանբոյ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է վեց ուժեղ երկրաշարժ: Հուլիսի 22-ին Վանուատու կղզու Լուգանվիլ քաղաքից 115 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն: Հաջորդ օրը Ֆիլիպպինների Մինդանաո կղզու Կոտաբատո քաղաքից 115 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել են 7.3, 7.6 եւ 7.4 մագնիտուդով երկրաշարժեր:
Հուլիսի 24-ին նույն քաղաքից 135 կմ հարավ-արեւմուտք գրանցվել է եւս մեկ սեյսմիկ իրադարձություն` 6.5 մագնիտուդով: Հուլիսի 25-ին Տոնգայի Հիհիֆո քաղաքից 105 կմ դեպի հյուսիս-արեւելք գրանցվել է 6.0 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ: Այս երկրաշարժերի հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
