Հայաստանը էլիտային սերմացու կարտադրի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2010 14:54

ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ծրագրի իրականացման նպատակով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» փորձարարական ՍՊԸ-ից ձեռք բերել և ՀՀ ներկրել աշնանացան ցորենի երկրում չգրանցված մի շարք սորտերի և գրանցված «Կրասնոդար 99» սորտի 950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ միջոցով կազմակերպել սերմացուի ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ՍՊԸ և Հայաստանում էլիտային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սերմացուի խնդիրը լուծվելու է պետության և գյուղատնտեսության մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ։ Պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Հիմնախնդրին քաջածանոթ են նաև մարզպետները, ում երաշխավորությամբ հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։ Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի նախկին հրամանագրերից մեկում լրացումներ կատարելու հրամանագրի նախագծին, որի նպատակն է արդյունավետ դարձնել ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, բարձրացնել պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ։
ՀՀ կառավարությունը հաստատել է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման կարգը: Այս փաստաթղթով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, վերը նշված հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծանում է ՀՀ ֆինանսների նախարարության դերակատարությունը, ինչպես նաև` պատասխանատվությունը։
Լրացում և փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, կառավարությունը պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60,500.0 հազար նախատեսված գումարից 7,220.0 հազար դրամը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ և Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին պարտավորեցրել ՀՀ մարզպետների ներկայացրած հիմնավորված առաջարկների հիման վրա սահմանված կարգով կազմակերպել քարաթափերի տեղամասերում ստիպողական քարաթափերի ծրագրերի մշակումը և իրականացումը։ Մարզպետներին հանձնարարվել է ծրագրով նախատեսված համալիր աշխատանքի իրականացումն ընդգրկել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։
Գործադիրը հաստատել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության, տարածման և օգտագործման 2011թ. տարեկան ծրագիրը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա նշված ոլորտում իրականացնել նպատակային ծրագրեր, պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքները և ապահովել դրանց կենսունակությունը։
Կառավարությունը սահմանել է հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողության հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստը արձանագրելու կարգը։ Որոշմամբ կանոնակարգվել են այն հնարավոր դեպքերը, որոնք հիմք ընդունելով հարկային պարտավորությունների հաշվարկման վաղեմության ժամկետի հաշվարկը կկասեցվի, ինչը հարկային մարմնին հնարավորություն կտա նշված հիմքերը վերանալու դեպքում օրենքով սահմանված կարգով հաշվարկել հարկային պարտավորությունը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից արխիվապահոցների վերակառուցման նպատակով «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 79309.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը և նշել, որ դրա իրականացմամբ առաջիկա առնվազն 10 տարվա համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը։
ՀՀ և ՄԶԸ միջև 2005թ. կնքված վարկային համաձայնագրով նախատեսված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար շահագործելու, 2006թ. կնքված «Թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման համար ճապոնական դրամաշնորհով ավտոմեքենա` նույն ծրագրի աշխատանքն սպասարկելու նպատակով։ Կառավարության որոշմամբ վերը նշված 13.171.355,7 դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկան սեփականության իրավունքով հանձնվել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, իսկ 3.680.000,0 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան ամրացվել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին։

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply