Ուղևորություն հայրենիքից հայրենիք

ԷՍՍԵ | | July 31, 2010 13:41

Աղթամար կղզին և Սուրբ խաչ եկեղեցին

Նախանցած շաբաթ երեք դասընկերներիս հետ «Անի տուր» գործակալության հերթական խմբի կազմում մեկնեցի Արևմտյան Հայաստան:

Անշուշտ, բոլոր ազգերն էլ ինքնատիպ են, և հայերս բացառություն չենք: Բայց թերևս մեր ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն ինչից երկու հատ ունենք` երկու հայրենիք` իրական և պատմական, հայի երկու տեսակ` հայաստանցի հայ և սփյուռքահայ, երկու գրական լեզու` արևելահայերեն և արևմտահայերեն, երկու ուղղագրություն`  աբեղյանական և դասական, երկու կաթողիկոս և այսպես շարունակ:

Հայաստանից հարևան Թուրքիա մտնելու համար հայտնի պատճառներով նախ պիտի Վրաստան մտնես ու անցնես Հայաստան-Վրաստան, Վրաստան-Թուրքիա զույգ-զույգ անցակետերով, ժամերով արևի տակ սպասես  քո հերթին ու համբերես, մինչև մաքսակետերի աշխատակիցները բարեխղճորեն ավարտեն իրենց նյարդայնացնող ստուգումները: Մտածելու ժամանակ շատ

Ագռավաքարը և Մհերի դուռը, որի վրա հիմա քուրդ երեխաներն իրենց անուններն են գրում` նետահարված սրտիկներով

ունես, ու մտովի թափառում ես ժամանակի ու տարածության մեջ: Միտքդ ինչ   ասես չի գալիս` սկսած պատանեկան տարիների սիրուն երազանքների քաղցր վերհուշներից մինչև մեր օրերի միապաղաղ անցուդարձերը, զգացմունքային զեղումներից մինչև չոր ու ցավեցնող քաղաքական ընդհանրացումները:

– Իմացեք, որ սա շատ դժվար ճամփորդություն է,-  նայելով խմբի սրտնեղած անդամներին, մանավանդ ամենատարեց կանանց` զգուշացնում է  «Անի տուր» գործակալության նախագահ Վոլոդյա Առուշանյանը,- հազարավոր կիլոմետրեր ենք անցնելու, ծրագիրը շատ խիտ է, որպեսզի հնարավորինս շատ բան տեսնեք, ճանապարհների մեծ մասն էլ վերանորոգման ընթացքի մեջ է, անհարթ, ահավոր փոշի է բարձրանում, եղանակն էլ շատ շոգ է, ավելի հոգնեցնող, բայց հիշեք, որ սա սովորական ճամփորդություն չէ, այլ ուխտագնացություն, ուրեմն մի կողմ դրեք սովորական զբոսաշրջիկի պահանջկոտությունը և դժվարություններից մի տրտնջացեք:

Սա Սևակն է, որ չի մոռացել իր հայկական ծագումը և կարողանում է հայերեն խոսել: Նա ապրում է Մուշի մերձակա գյուղերից մեկում և վաստակում է հարսանիքներին երգելով: Միայն իրեն հայտնի հնարքով միշտ իմանում է Մուշ այցելած հայկական խմբերի մասին ու հանդիպում նրանց: Լայն ժպիտով ու տխուր աչքերով այս մարդը հրաժեշտի պահին ասաց. «Մերոնքը շատ բարև կանես»

Խնդրեմ, մտածեցի, պարզվում է, որ հայերիս երկվությունը բնորոշ է նաև զբոսաշրջությանը, մենք կա՛մ սովորական զբոսաշրջիկ ենք, եթե մեկնում ենք ուրիշ երկրներ, կա՛մ ուխտագնաց, եթե մեկնում ենք հարևան երկրի այն հատվածը, որ մի ժամանակ Արևմտահայաստան էր կոչվում: Ու հիշեցի այն ծանոթներիս, որոնք արդեն անցել են այս ճանապարհները: Զբոսաշրջիկներն ուրիշ երկրներից տպավորություններ ու հուշանվերներ են բերում, ուխտագնացները` գոհունակության ու ափսոսանքի խառը, խոսքի չվերածվող զգացումներ և մի-մի բուռ հող` պապերի ու տատերի ապրած քաղաքներից կամ գյուղերից` նրանց գերեզմաններին շաղ տալու համար:

Խառնիճաղանջ մտքերի արանքում անընդհատ աչքս ընկնում է  ջղային ետուառաջ քայլող համալսարանական դասընկերոջս` ամերիկացի Թորոս Թորոսյանին (երբ Իրաքից եկավ սովորելու, նրա անուն-ազգանունը Անդո Թորոս Խոսրով էր, ներկա-բացակայի ժամանակ դասախոսները կարդում էին ու հարցնում. «Լավ, սրանցից ոչ ոք ներկա չէ՞»): Նորից տաք ու հաճելի զգացումներով եմ լցվում` հիշելով ջահելության տարիներն ու մտածում եմ` ինչ հետաքրքիր է.

Սուլուխի կամուրջը Եփրատի վրա: Բոլոր զբոսաշրջիկներն անխտիր աշխատում են թրջվել Եփրատի ու Վանա լճի ջրերով: Դա ասես մկրտվելու պես արարողություն է: Բայց արժե զգուշացնել, որ լավ է Վանա լիճը մտնել կղզու ափին, քանի որ լողափին դա հնարավոր չէ պարզ պատճառով. ջրի վրա կղկղանքի կտորներ են լողում: Մի՞շտ է կոյուղին այսպես բացահայտ բաց թողնվում բնության այդ հրաշալիքի մեջ, թե՞ հատուկ մեր «պատվին» էր, չգիտեմ

Արևելյան Հայաստանի,  այսինքն` իսկական ու իրական հայրենիքիս մեծ մասը մանրամասն տեսել եմ մյուս արտասահմանցի համակուրսեցուս` այն ժամանակ բեյրութահայ, հիմա դարձյալ ամերիկացի Մինաս Գոճայանի շնորհիվ: Ամեն շաբաթ-կիրակի ուտելիք էինք վերցնում, լուսանկարչական ապարատները, ավտոբուսով մեկնում հերթական շրջանն ու առավոտից երեկո  հուշարձանից հուշարձան չափչփում սարերը: Հիմա Արևմտյան Հայաստանն էլ տեսնելու եմ Թորոսի շնորհիվ: Երկու դասընկերուհիներս` Թամարն ու Անահիտը, մոտենալով ասես կարդում են մտքերս.

– Ճիշտ եմ ասում, Թորոսը պատճառ չլիներ, մենք էլի եկողը չէինք, էլի հետաձգելու էինք` վա~յ գործերս, վա~յ հետո… Հետո, հետո, էլ ե՞րբ հետո: Չէ, ամբողջ կյանքում Թորոսին շնորհակալ ենք լինելու:

Վերջապես սահմանն անցնում ենք ու երկվությունը, ավելի ճիշտ մեր ներքին երկփեղկվածությունն ավելի ու ավելի է խորանում: Քանի դեռ ճանապարհին ես, քանի դեռ միկրոավտոբուսի  պատուհանից  նայում ես շարժանկարի պես իրար հաջորդող բնության հրաշալի (մեղմ ասած) տեսարաններին, թվում է, թե ոչ մի տեղ էլ չես մեկնել, սա դեռ քո երկիրն է, քո հարազատ տեղանքը, քո բնության շարունակությունը, միայն թե ավելի մեծ մասշտաբների, ավելի շքեղ, ավելի հզոր:

Բայց հենց որ բնակավայր ես մտնում, հասկանում ես, որ սա ուրիշ երկիր է, տրամագծորեն ուրիշ, որ ոչ մի կապ չունի հայի ու հայկականության հետ. կա՛մ հետամնաց քրդական գյուղեր են` աթարի դեզերով, հողածածկ քողտիկներով ու ոչխարի սուր հոտով, կա՛մ արևելյան քաղաքներ (Կարս, Էրզրում, Մուշ, Էլազիգ (Խարբերդ), Դիարբեքիր

Էզրումում և մյուս քաղաքներում պաղպաղակ վաճառողներն այսպիսի հաղթանդամ տղամարդիկ են: Բանն այն է, որ այստեղ պաղպաղակը յուրահատուկ ձևով են պատրաստում, նախ ջանասիրաբար հարում են դազգահների հատուկ բաժանմունքներում, որ ֆիզիկական մեծ ուժ է պահանջում, այնուհետև, երբ պաղպաղակը լավ քարանում է, կախում են և տապարով կտրատում: Իսկ հարելու համար նախատեսված թիակով պարբերաբար հարվածում են վերևում կախված զանգերին, ըստ երևույթին այդպես հաճախորդների են գրավում

(Ամիդ), Սիլվան (Տիգրանակերտ), Բիթլիս, Վան, Բայազետ ևն)` անճաշակ գույներով ներկված նորակառույցներով, առավոտյան քունդ կտրող ու երեկոյան քնեցնող նամազի ծորուն ձայնով, այս ու այն կողմ վեր ցցվող մինարեթներով, թեյարաններում ցածր, անթիկնակ աթոռակներին նստոտած ու ծույլ հայացքով քեզ ուղեկցող տղամարդկանցով, ամառվա խեղդող շոգին գլխաշորերով, մինչև կրունկները հասնող բարակ վերարկուներով (պլաշչներով) ու ամաչկոտ, թաքուն ժպտացող  կանանցով, հյուրանոցներում  ու խանութներում սպասարկող տղամարդկանց  շողոմ սիրալիրությամբ, խանութներում «էստի համեցեք» կանչող, կոշիկ մաքրող և սպասարկման այլ վայրերում աշխուժորեն դրամ վաստակող անչափահասներով և ամենուրեք, բառի բուն իմաստով ամեն քայլափոխի Աթաթուրքի` «թուրքերի հոր» արձաններով ու նկարներով, այնպես, ինչպես մի ժամանակ մեզանում «Լենին պապիկի» մշտական ներկայությունն էր:  Ոնց էլ շրջվես, Քեմալի ծակող հայացքն է. սա  Թուրքիան է, սիրելիս, Թուրքիայի քրդաբնակ հատվածը, վաղուց ի վեր: Այստեղ դու քո պապերի հայրենիքում ես, ճիշտ է, բայց ընդամենը  «էրմանի» զբոսաշրջիկ ես, որին բաժին հասած բարեհաճությունը սոսկ երկրի բյուջեն առատորեն հարստացնող օտարերկրացուն  վերապահվող հյուրընկալություն է:

Բայց Քեմալի ծակող հայացքի մեջ ուրիշ խորհուրդ էլ կա, որ նրան երկրպագողները երբեք չեն հասկանա. նա գիտի, որ ես լինեմ, իմ թոռները թե թոռներիս թոռները, մանկուց  մեր երևակայության մեջ փայփայելու ենք այն ամենը, ինչ թողել են այստեղ մեր պապերը, երազելու ենք, երազանքով գալու ենք ու փորձելու ենք հասկանալ` եթե այս ամենը վաղուց ի վեր մերը չէ, բա ինչո՞ւ մեզ օտարի պես չենք զգում, ինչո՞ւ են մեր հատուկենտ մնացած հուշարձանները անտեր ու նեղացած

Բոլոր ցուցանակներն այստեղ միայն թուրքերեն են (սա ի գիտություն իմ օտարասեր հայրենակիցների), այնպես որ, եթե ուզում ես հասկանալ, թե որտեղ ես գտնվում կամ ինչ հաստատություն ես մտնում, նախապես պետք է մի քիչ թուրքերեն սովորես կամ անպայման թարգմանչի ուղեկցությամբ շրջես: Բայց այս մեկը դժվար չէր հասկանալ, պարզ գրված էր` «Արմինե» (Մուշ)

թվում, ինչո՞ւ են հանկարծ մի քանի րոպեով կենդանանում, երբ մերոնք իրենց հետ բերած մոմերն են վառում, խունկ ծխում ու «հայր մեր» աղոթում, ի՞նչ է սա, խաբկա՞նք, սենտիմենտալությո՞ւն, թե՞ հոգեբանորեն բացատրվող բնականոն զգացողություն: Ինչո՞ւ է երկիրն այսքան ամայի, անսովոր ամայի, ինչո՞ւ են բնակավայրերն իրարից այսքան` տասնյակ կիլոմետրերով հեռու, եթե այս բերրի հողերը չէիք մշակելու ու շենացնելու, ապա ինչո՞ւ քշեցիք բնիկներին. սրանք, ի՞նչ է, բնական ու տրամաբանական հարցե՞ր են, թե՞ քաղաքական անգրագիտություն:

Չէ, ծանր, ծանր ուղևորություն է: Եվ խոսքս բնավ ֆիզիկական դժվարությունների մասին չէ, այլ հոգեկան հակասական ու ներսից կրծող ապրումների, որոնք, ինչքան էլ պատրաստված լինես, չես կարող հաղթահարել: Շարունակ քայլում ես անցյալի ու ներկայի, երբեմնի փառքի ու ներկա կորստի ցավի միջով, ու շարունակ ուղեղդ մի հարց է քրքրում` ո՞նց, ախր ո՞նց, ո՞նց կարելի էր կորցնել այս ամենը:

Առաջին ու վերջին դաժան հարվածները ստանում ես Կարսում, ուր ոտք դնելուց հետո մի պահ կորցնում ես ռեալության զգացողությունը. հենց որ աչքդ հեռացնում ես նորակառույցներից, քեզ թվում է, թե Գյումրիում ես, այնքա~ն նման շինություններ են, նույն ճարտարապետությունը, նույն ձեռագիրը: Բայց միանգամից սթափվում ես, երբ տանում կանգնեցնում են մի փլատակի մոտ ու ասում, որ դա Չարենցի հայրական տունն է: Իսկ երբ Առաքելոց

Անիի կանգուն մնացած հատուկենտ եկեղեցիներում, ահա, իրենց բիզնեսն են զարգացնում քուրդ տղաները

եկեղեցին մտնելիս քեզ զգուշացնում են, որ մզկիթ ես մտնում և անպայման պետք է կոշիկներդ հանես, հուզմունքդ հասնում է գագաթնակետին: Հետո, մեկ-երկու օր հետո ես հասկանում, իհարկե, որ  այստեղ կանգուն են մնացել միայն կամուրջներն ու բերդերը, իսկ վանքերն ու եկեղեցիները կա՛մ պայթեցվել են (շատ հաճախ ոսկի որոնողների ձեռքով), կա՛մ կիսավեր վիճակում ծառայում են որպես խոտի պահեստարան, կա՛մ վերածվել են մզկիթի: Բացառությունը Աղթամարի Սուրբ խաչն է, որ այժմ ծառայում է որպես թանգարան:

Վերջին գիշերն անցկացնում ես Կարսում ու վերադարձից առաջ քեզ տանում են թանգարան, որի  ցուցանմուշները մեր պատմության մասունքներն են` այնքան ծանոթ մեր թանգարաններից … ու քնքշորեն պահպանվող այն զրահամեքենան, որում կնքված պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը` Լենինի ու Ստալինի թեթև ձեռքով, Թուրքիային նվիրաբերեց գրեթե այնքան տարածք, ինչքան ունենք այժմ:

Տունդարձին միկրոավտոբուսում ծանր լռություն է, ոչ ոք չի խոսում: Հաստատ գիտեմ, որ բոլորին նույն խոհերն են տանջում. այն, ինչ տեսանք վերջին երկու օրը` Բայազետը, Իգդիրը, Արարատը, Անին, Կարսը, Սուրմալուն, մերը կլինեին, իսկական, ոչ թե պատմական հայրենիքի մասը, եթե 1921 թ. հոկտեմբերի 13-ին չկնքվեր այդ չարաբաստիկ պայմանագիրը:

Այս փլատակը Չարենցի հայրական տունն է Կարսում, այստեղից է նա ամեն օր գիմնազիա գնացել, այստեղ է հղացել իր առաջին բանաստեղծությունները. հիմա այն վերածվել է աղբանոցի, կանգուն մնացած պատերի հետևում փուշ ու տատասկ է աճում

Լավ, հասկանալի ու բացատրելի է Աթաթուրքի պաշտամունքն այս երկրում, նա իր ժողովրդի համար արեց այն, ինչ հավանաբար շատ քիչ առաջնորդների է հաջողվել: Պատերազմում պարտված երկրի  ղեկավարին հաջողվեց այդ պարտությունից հետո, ընդամենը բոշևիկների  հետ սիրախաղեր տալով, այդքան տարածքներ կորզել, որոնք հավետ բաց վերք են մնալու մեզ համար: Հասկանալի ու բացատրելի է, որ ամենուր նրա արձանն են կանգնեցնում ու փառաբանում նրան: Բայց մենք էլ ախր 70 տարի շարունակ նույն Լենինի արձաններն էինք տնկում, ու բոլոր մանուկներն անխտիր թոթովում էին, թե «Լենին պապին մեռել է, մեզի ավանդ թողել է…»: Դաժան, դաժան, պատմություն է, բայց այսքա՞ն դաժան:

Արժե՞ր այս ցավը կրկին ու այսքան շոշափելի ապրել: Արժեր:  Իհարկե արժեր: Արժե, որ բոլորս գնանք ու տեսնենք, թե ինչ ենք կորցրել, մանավանդ ներկայիս իշխանությունները, ու հասկանանք, որ այլևս սխալվելու ու թույլ լինելու տեղ չունենք, բոլոր չափաբաժինները սպառվել են, բոլոր սահմաններն անցել ենք, հասկանանք, որ այն, ինչ մնացել է, սիրելը քիչ է…

Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 3132 անգամ:
Print Friendly

Leave a Reply