Ստանդարտների ազգային ինստիտուտը` ԻՍՕ Խորհրդի անդամ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2010 13:23
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունն ունի 162 անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է «SARM» անվանումով և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման ոլորտում, ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ` 2011-2012 ժամանակաշրջանի համար:
Ներկայումս ԻՍՕ-ի Խորհրդի 2011-2012թթ. համար նախատեսված կազմը բաղկացած է հետևյալ երկրների ստանդարտացման մարմիններից` Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Կորեայի Հանրապետություն, Կանադա, Նորվեգիա, Իտալիա, Մալայզիա, Իսլանդիա, Ղազախստան, Մալթա և Հայաստան:
Հարկ է նշել, որ այդ ընտրությունը դյուրին չէր: Այդ աշխատանքները սկսվել էին դեռևս 2009թ. սկզբներին: Բազմաթիվ հանդիպումներ, բանակցություններ, Ինստիտուտի աշխատանքների ներկայացում, միջազգային շփումների ակտիվացում, միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացում և այլն: Արդյունքում հիմնվեցին ամուր կապեր գրեթե բոլոր երկրների հետ:
Ընդհանրապես, միջազգային համագործակցությունը Ինստիտուտի գործունեության առավել կարևոր ուղղություններից է, ինչը բխում է նաև «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով նրան վերապահված գործառույթից:
Սկսած 1997թ.-ից ինստիտուտը ԻՍՕ-ի լիիրավ անդամ է, իսկ 2008թ.-ից նաև Ստանդարտացման Եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) միացող անդամ է:
Ստանդարտների ազգային ինստիտուտը մասնակցում է ԻՍՕ 35 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցից 17-ին` դիտորդի կարգավիճակով: Ինստիտուտը նաև ԻՍՕ-ի Համապատասխանության գնահատման (CASCO), Զարգացող երկրների (DEVCO) և Սպառողների շահերի պաշտպանության (COPOLCO) քաղաքականության մշակման երեք կոմիտեների անդամ է:
Այն ներկայումս մեծածավալ ստանդարտացման աշխատանքներ է կատարում ԻՍՕ-ի տեխնիկական հանձնաժողովներում, որոնք ընդգրկում են Հայաստանի տնտեսության համար գերակա համարվող այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, սննդամթերքը, տեղեկատվություն և փաստաթղթավորում, ֆինանսական ծառայություններ, տերմինաբանություն, ջրի որակ, ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական, մանրէաբանական, կենսաբանական մեթոդներ, ոսկերչություն, հանքարդյունաբերություն, որակի կառավարում և որակի հավաստում, էկոլոգիական կառավարում, տեղեկատվություն առողջության վերաբերյալ, տուրիզմ և հարակից ծառայություններ, ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգ, սպառողական ապրանքների անվտանգություն, օգտագործված արտադրանքի արտասահմանյան առևտուր և այլն:
Այս բոլոր աշխատանքների շնորհիվ Հայաստանը ներկայումս զգալիորեն բարձր վարկանիշ ունի միջազգային ստանդարտացման ասպարեզում: Թերևս դրանով էլ հենց պայմանավորված էր այս տարվա հաջողությունը և ընտրությունը ԻՍՕ-ի Խորհրդի կազմում: Ընդ որում, այդ ընտրությունը կատարվում է հատուկ ընթացակարգով: Բավարար չէ, որ որևէ երկիր պարզապես առաջադրի իր թեկնածությունը: Անհրաժեշտ է նաև, որ այդ առաջադրումը պաշտպանեն ԻՍՕ-ի անդամ ևս երեք երկիր: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Ստանդարտների ազգային ինստիտուտն առաջադրվեց ավելի քան 50 երկրի կողմից, ինչն արդեն իսկ լուրջ գրավական էր հաջողությամբ ընտրվելու համար:
ԻՍՕ-ի Խորհուրդը ԻՍՕ-ի գլխավոր ասամբլեայից հետո ԻՍՕ-ի երկրորդ վերադաս ղեկավար մարմինն է, որը գումարվում է տարեկան երկու կամ երեք անգամ, որպեսզի քննարկի և որոշում կայացնի ԻՍՕ-ի աշխատանքների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Այն նաև որոշումներ է ընդունում ԻՍՕ-ի ղեկավարման ֆինանսական արդյունքների, կազմակերպչական և կառուցվածքային հարցերի, ինչպես նաև գլխավոր ասամբլեայի կողմից հանձնարարված հարցերի քննության վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
