Ադրբեջանահայերը պատրաստվում են դիմել Մինսկի խմբի համանախագահներին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 29, 2010 12:52
Ադրբեջանահայերի համայնքը պատրաստվում է դիմել Մինսկի խմբի համանախագահներին: Հայ փախստականների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հունիսի 26-ի հրապարակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Վերջիններիս թվում է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի անսամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` շեշտելով, որ իրենք հետեւողականորեն կպայքարեն իրենց իրավունքների պաշտպանության համար: «Ադրբեջանը միշտ ցավագին է արձագանքել մեր համայնքի ակտիվությանը: Նրանք մտածում են, որ եթե գերեզմանները անգամ ոչնչացրել են, ադրբեջանահայեր չկան»,- ասաց Գ. Այվազյանը` շեշտելով, որ ադրբեջանահայերը ադրբեջանցիների բարբարոսություններից ամենատուժած կողմերից մեկն են: «Ադրբեջանցիները պատերազմում են անգամ մեռած հայերի հետ»,- հավաստիացրեց ադրբեջանագետը` շեշտելով, որ վերջիններս իրենց մամուլում մինչեւ այժմ նախանձով են վերաբերվում հայերի Ադրբեջանում նախկինում զբաղեցրած դիրքերին:
Ադրբեջանահայ փախստականները Ադրբեջանում թողել են ներկայիս շուկայական գներով միայն յոթանասուն մլրդ դոլար արժողությամբ անշարժ գույք, իսկ բարոյական վնասը գնահատվում է եռեսուն մլրդ դոլար: «Եթե մեզ անվտանգության երաշխիքներ չտան, ապա պարտավոր են գույքային եւ բարոյական վնասը փոխհատուցել»,- ասաց Ադրբեջանահայերի անսամբլեայի նախագահը` շեշտելով, որ իրենց տրամադրվածությունը մարտական է եւ իրենք կազմակերպված ու վճռական են տրամադրված իրենց օրինական իրավունքը պաշտպանելու համար:





Facebook
Tweet This