Այսօր «ինքնասպան» եղած լեյտենանտի հոգեհանգիստն է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 29, 2010 11:33
Այսօր երեկոյան ժամը 7-ին Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում մահացած հրաձգային դասակի հրամանատար, լեյտենանատ Արտակ Նազարյանի հոգեհանգիստն է: Հասցեն՝ Բ2 թաղամաս, Բաբաջանյան 129, երկրորդ մուտք, 31 բն. 7-րդ հարկ: Նա լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է:
Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության՝ Արտակը ինքնասպան է եղել, սակայն այդ վարկածի հետ համաձայն չի ոչ ոք: lragir.am-ը գրում է, որ փորձագիտական կենտրոնում կատարված լեյտենանտի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում դեմքի վրա կիսալուսնաձև վնասվածքներ, իսկ թևերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Բոլոր վնասվածքները ստացվել են կենդանության օրոք, մահվանից 6 ժամ առաջ:
Դեպքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել քաղաքցիների շրջանում, իսկ Ֆեյսբուքում երեկ ուշ երեկոյան բացված «Չի´ կարելի լռել» խումբ մի քանի ժամում հավաքել է 208 անդամ, որոնք ուզում են բողոքի ակցիա կազմակերպել:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանն իր բլոգում գրում է «Հայաստանում ուժային կառույցների հետ շփվելը՝ վտանգավոր է դարձել: Դրանք անպատասխանատու են ու անվերահսկելի: Քաղմասից դուրս է բերվում ողջ-առողջ մարդու դիակ, կրթված սպան զոռբայության զոհ է դառնում: Հենց խոսում ես բանակի բարեփոխման անհրաժեշտության մասին՝ պատերազմի թեման են մեջտեող բերում ու ասում են, որ դրա ժամանակը չէ»:
Արտակ Նազարյանը մասնագիտությամբ արևելագետ էր՝ ուսուցանել է պարսկերեն: 2000-2001 թթ., երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ:






Facebook
Tweet This
Email This Post
