Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ | | July 28, 2010 23:17

Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Հուլիսի 28-ին Մոսկվայում վախճանվեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի  Արաքս Դավթյանը:
Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում:
1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:
Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող <<Վիոտիի անվան մրցույթը>> (1986թ.), որից անմիջապես հետո <Տրավիատայում> Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի  հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. <<Կարնեգի Հոլլ>>(Նյու Յորք), <<Գավո>>(Փարիզ) , << Գեբաու>> (Ամստերդամ), <<Սենթըր Հոլլ>>(Տոկիո) և այլն, համագործակցել է հանրահայտ արտիստներ` Ռիկարդո Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Հատկապես հիշարժան է Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմի>> (դասական երկացանկում համարվում է տեխնիկապես ամենաբարդ կատարելի ստեղծագործություններից մեկը) փայլուն կատարումը Ամստերդամի <<Գեբաու>> դահլիճում` 1988թ.:
Նշանավոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի  պրոֆեսոր), նաև Մոսկվայում, ուր աշխատեց մինչև կյանքի վերջը:
Արաքս Դավթյանը զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, ուներ լայն երգացանկ, որի մեջ մշտական տեղ ունեին   հայ, ռուս և արևմտաևրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործությունները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանն էր:
Արաքս Դավթյանը նաև բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն էր, ինչի վկայությունն է ճանաչված ռեժիսոր Ռուստամ Խամդամովի <<Վոկալ զուգահեռներ>> խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած փայլուն կերպարը:
Մեծատաղանդ երգչուհու և վաստակաշատ մանկավարժի հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի բազմահազար երկրպագուների և սաների սրտերում:

Արաքս Դավթյանի դին Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով: Վերջին հրաժեշտի վայրի և ժամկետի մասին հանրությանը կծանուցվի լրացուցիչ:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply