«Սա իմ երկիրն է. Հայաստան»-ը նաև անգլերենով

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 29, 2010 13:09

Լույս է տեսել Հռիփսիմե Սիմոնյանի «Սա իմ երկիրն է. Հայաստան» գրքի անգլերեն տարբերակը. հայերենը լույս է տեսել դեռ 2008-ին:  Հեղինակի խոսքով գիրքը կոլաժ է.  ամփոփում է Երևանի, Էրեբունի արգելոցի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուր-պանթեոնի, Խոր Վիրապի, Գառնի-Գեղարդի, Օշական-Բյուրականի, Էջմիածնի ու Զվարթնոցի, Աշտարակի, Ապարանի ու Արագած լեռան, ինչպես նաև այլ տեղավայրերի և մշակութային արժեքների մասին ողջ ինֆորմացիան:

Գրքում ներառված հուշարձաններն ու վայրերը, ըստ հեղինակի, ընտրվել են զբոսաշրջային այցելությունների թվով. «Ընդգրկված են ամենաշատ այցելուներ ունեցող հուշարձանները»:  Գիրքը նախատեսված է ինչպես իրենց հայրենիքը  ճանաչել ցանկացող  հայերի, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

Հեղինակը գիրքի բնաբան է ընտրել Րաֆֆու «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն» և Պլինիոսի  «Ամոթ է ապրել հայրենիքում և չճանաչել այն»  ասույթները:

«Ուզում եմ, որ ամեն հայ ճանաչի  Հայաստանը և հպարտությամբ ասի` սա իմ երկիրն է»,- ասում է Սիմոնյանը:

Սիմոնյանը, ով մասնագիտությամբ արվեստաբան է, գրքի վրա սկսել է աշխատել դեռ 1998-ից. Հայաստանում մոսկովյան տուրիստական ընկերության ներկայացուցիչը նկատել էր, որ ինֆորմացիայի պակաս կա, որը խոչընդոտում է գիդերի աշխատանքին: «Սկզբում որոշել էի պարզապես նյութեր հավաքել, որը գիդը կկարողանար օգտագործել զբոսաշրջիկների հետ աշխատելիս: Հետո ծնվեց գիրք գրելու գաղափարը»,- ասում է Սիմոնյանը, ով 10 տարիների աշխատանքից հետո հեղինակային հրատարակությամբ հանրությանն է ներկայացրել «Սա իմ երկիրն է. Հայաստան» գիրքը:

Հեղինակը նշում է, որ գիրքը գրելուց մեծ դժվարություն է ունեցել հատկապես վերջին 20 տարիներին վերաբերող ինֆորմացիա հավաքելիս. «Վերջին հայտնագործությունների, իրադարձությունների ու փոփոխությունների մասին գրքեր չկան գրված»:

Սիմոնյանը նշում է, որ իր գիրքը նաև իր մեջ նորույթ է պարունակում.  այստեղ հանրապետության տեսարժան վայրերը ներկայացված են ըստ երթուղիների` սկզբից մինչև վերջ, հանգրվան ու ելման կետ ընդունելով մայրաքաղաք Երևանը, 1-ին անգամ Պանթեոնը, Եռաբլուր-Պանթեոնը, Մետրոպոլիտենը, Վերնիսաժը ներկայացված են  որպես տուրիստական երթուղիներ,  գրքում ներկայացված են վերջին 20 տարիներին հանարպետությունում ու մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխությունները` հրապարակների, փողոցների, հաստատությունների անվանափոխումներ, տեղանունների և տերմինների բացատրության համար լայնորեն կիրառվել են լեգենդներ, ավանդույթներ, բանաստեղծություններ և այլն:

«Միայն հայերը չէ, որ պիտի իրենց հայրենիքի մասին իմանան, այլև օտարերկրացիները»,- ասում է Սիմոնյանը, ով առաջիկայում պատրաստվում է հրատարակել նաև գրքի ռուսերեն տարբերակը:  Նա արդեն իսկ գրքի մեկ օրինակ նվիրել է ամերիկյան Կոնգրեսի գրադարանին, գիրքը ձեռք են բերել Հայաստանում գործող մի շարք դեսպանատներ: «Դժվար է և գիրքը հեղինակել, և հրատարակել, հիմա էլ զբաղվել այն տարածելով»,- ասում է Սիմոնյանը, ով նշում է, որ ամեն մարդ իր երկրի համար պետք է իր ուժերի ներածին չափով լավ գործ անի:

Դիտվել է 2896 անգամ:
Print Friendly

Leave a Reply