Իրանի ռազմաօդային ուժերը կանցկացնեն լայնածավալ զորավարժություններ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2010 15:35
Շաբաթ օրը կսկսվեն Իրանի ռազմաօդային ուժերի «Երկնքի ֆիդայիններ» անվանումը կրող լայնածավալ զորավարժությունները, որոնք կշարունակվեն մեկ շաբաթ: Այդ մասին հաղորդել է իրանական Ֆարս գործակալությունը` վկայակոչելով Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի օպերատիվ հարցերով տեղակալ գեներալ Մոհամադ Ալավիին:
«Երկնքի ֆիդայիններ» զորավարժություններում, որոնք տեղի կունենան հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 7-ը, ծրագրվում է գործի դնել Իրանի բոլոր ռազմաօդային բազաները, այդ թվում` Մեհրաբադի, Թավրիզի, Համադանի, Դիզֆուլի, Բուշերի, Բանդար-Աբասի, Շիրազի եւ Սպահանի ռազմակայանները: Սրանք արդեն երկրորդ այսօրինակ վարժանքներն են»,- ասել է Ալավին: Գեներալի խոսքով` զորավարժություններին կմասնակցեն ինքնաթիռների 40-ից ավելի տեսակներ, այդ թվում` F-4, F-5, F-7 կործանիչներ եւ Սու-24 ռմբակոծիչ, անօդաչու ապարատներ, օդային լիցքավորողներ, ինչպես նաեւ կփորձարկվի ժամանակակից սպառազինություն, որով հանդերձված են ինքնաթիռները: Գեներալը նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը մարտավարական գործողությունների փորձարկումն է ժամանակակից զենքի օգտագործմամբ, ինչպես նաեւ Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի մարտունակության մակարդակի բարձրացումը: Իրանի բանակի ՌՕՈՒ-ի զորավարժություններն անցկացվում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման պայմաններում:
Երկուշաբթի Եվրամիության խորհուրդը արտաքին գործերի նախարարների մակարդակով պաշտոնապես հաստատել Է Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների փաթեթը: Նոր պատժամիջոցները նախատեսում են, մասնավորապես, երկրի նավթի-գազի հատվածում ներդրումների սառեցում, ճյուղային տեխնոլոգիաների եւ սարքավորումների հանձնման, ինչպես նաեւ պրոֆիլային ծառայությունների ցուցաբերման արգելք: Առեւտրի ոլորտում առաջարկվել Է արգելել այնպիսի արտադրանքի արտահանումը, որն Իրանը կարող Է օգտագործել ռազմական նպատակներով: Եվրոպացիները մտադիր են նաեւ սահմանել նոր այցագրային սահմանափակումներ եւ սառեցնել այն բանկային հաշիվները, որոնք պատկանում են «Իրանական հեղափոխական գվարդիայի» անդամներին: Բացի դրանից, առաջարկվել Է Իրանի բանկերին արգելել գործունեություն վարել Եվրամիության երկրներում, իսկ Իրանի Irisil ծովային բեռնափոխադրողին՝ մտնել միացյալ Եվրոպայի տարածքային ջրեր:
Եվրամիությունը կազմել Է նաեւ ավելի քան 40 իրանցի նշանավոր քաղաքական գործիչների «սեւ» ցուցակը, որոնց կարգելեն մուտք գործել Եվրամիություն: Բացառված չէ, որ Իրանը որոշել է հերթական անգամ ցուցադրել իր ուժն ի դեպս արեւմտյան երկրների, նախ եւ առաջ ԱՄՆ-ի կողմից ճնշումների շարունակման, որը նույնպես իր միակողմանի պատժամիջոցներն է սահմանել Իսլամական Հանրապետության նկատմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
