Արդարադատության համակարգի համար բանտարկյալը Ռեմբո է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 28, 2010 15:13

«Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն օրերս նամակ էր գրել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին:

Այս տարվա  հունիսի  7-ին Մհեր Ենոքյանն ու նրա խցակից Սողոմոն Քոչարյանը երկրորդ փախուստի համար դատապարտվեցին 7.5 տարվա ազատազրկման:

Նրանք փախել էին 2009 թ.  նոյեմբերի 27-ին և հայտնաբերվել դեկտեմբերի 18-ին: Սա նրանց արդեն 2-րդ փախուստն էր. առաջին փախուստը  եղել  է 2004 թ. դեկտեմբերի 9-ին  Գորիսի ՔԿՀ-ից:

Դատապարտյալները պնդում են, որ փախուստը միջոց է հանրության ուշադրությունը իրենց վրա բևեռելու  վրա, և ակնկալում էին, որ կվերանայվի սկզբնական դատավճիռները, որոնցով դատապարտվել են մահապատժի:

«Ի՞նչ միտք ունի փրկել մարդու կյանքը նման իրավիճակում,- գրել է Ենոքյանն իր նամակում,- որ շարունակի տանջվե՞լ:  Ես աչքեր ունեմ, բայց չեմ տեսնում կյանքը, ականջներ ունեմ, բայց չեմ կարող լսել կյանքը, ոտքեր ունեմ, բայց միայն պատից պատ եմ քայլում: Ավելի լավ է հաշմանդամ լինեմ` սայլակին նստած, բայց տեսնեմ և լսեմ իրական կյանքը,  լինեմ հարազատներիս հետ, հասարակության մեջ»:

Իշխանյանն ասում է, որ այցելել է դատապարտյալներին. «Նրանց վիճակը բավարար է»:

«ՀՀ նախագահ Ռ.Քքոչարյանը ամբողջ աշխարհին հայտարարեց, թե նախկին մահապարտներին «ներում» շնորհեց,, բայց պարզ տրամաբանական հարց է առաջանում, եթե չլիներ այդ ներում կոչվածը, ինչ պետք է անեին մահապարտների հետ,- շարունակում է Ենոքյանը,- պարզ և հասկանալի է, որ դրանք այսպես, թե այնպես վերնայավելու էին: Առանց այդ ներման էլ մահապատժի վճիռները փոխվելու էին, քանի որ նոր սահմանադրությամբ մահապատիժ չէր նախատեսվում: Դա ներում չէր»:

2003 թ. Հայաստանում մահապատիժը վերացնելուց հետո նրանց  պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման:

Մհեր Ենոքյանի հայրը՝ Դավիթ Ենոքյանն  «Անկախին» ասաց, որ հեռախոսով շփվում է որդու հետ: «Նա բավական սթափ վիճակում է, բայց այդ սթափության հիմքում արդեն բացակայում է հավատը,- ասում է հայրը,- նա չի հավատում այլևս, որ կյանքը վտանգելով փախուստի դիմելով  ու  առանց որևէ վնաս պատճառելու, որպեսզի ապացուցի, որ մարդասպան չի, ու ոչ մի արդյունք չստանալով` որևէ բան կփոխվի: Ես այդ գործն ամբողջությամբ անալիզի եմ ենթարկել: Դա այդպես չի եղել: Այժմ էլ քրեական օրենսգրքում ինչ-որ փոփոխություններ են կատարվում, ու ես դրանով եմ իրեն հույս տալիս, թե մի բան կփոխվի, բայց ներքուստ ես էլ չեմ հավատում»:

Մհերի հայրն ասում է, որ որդու միակ ցանկությունը հասարակությունում արժանի տեղ զբաղեցնելն ու ամուսնանալն է. «Ես շատ եմ վախենում, որ էլ չկրկնվի փախուստը»:

Ենոքյանն իր նամակում քննադատում է արդարադատության համակարգը՝ փաստեր բերելով, որ այդ համակարգը շատ խախուտ է:

«Ի՞նչ օրենքից ու  արդարադատությունից կարելի է խոսել, երբ 10 հոգի`  մեկուսարանի աշխատակիցներ, բանտարկյալի ձեռքերը հետևից կապած դաժանորեն ծեծում են, հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն  արձանագրում են բանտարկյալի մարմնի վրա եղած վնասվածքներ, գլխավոր դատախազությունն  ասում  է, թե նման բան չի եղել,- գրում է  նա,-  իսկ այդ նույն 10 աշխատակիցներն ասում են` «չի ենթարկվել, դիմադրել է», ու ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ աշխատակիցների վրա վնասվածքներ չկան:  Կամ չեն հարցնում` էդ ցանկանում եք ասել, որ բանտարկյալը Ռեմբո՞ն էր դառել և հարձակվել էր աշխատողների վրա, էն էլ ձեռքերը հետևից կապած»:

Այս տարվա մայիսի 25-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  «Նուբարաշեն»  ՔԿՀ հինգ  աշխատակցի դատապարտեցին 2-2.6 տարի ազատազրկման:

Դատարանը ապացուցված է համարել, որ Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի՝ ազատազրկման վայրից նոյեմբերի 27-ի  կատարած փախուստը հաջողվել է  Նուբարաշենե ՔԿՀ  աշխատակիցներ Աղասի Սմբատյանի, Սերժիկ Թամրազյանի, Սեդրակ Արթենյանի, Արա Աթաբեկյանի և Վանիկ Հարությունյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի պահանջները խախտելու և չկատարելու հետևանքով:

Հիմնավորվել է, որ պատիժ կրելու ընթացքում Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը, ուսումնասիրելով ՔԿ հիմնարկի աշխատակիցների աշխատանքը և համոզվելով, որ վերջիններս ծառայության նկատմամբ դրսևորում են անփույթ վերաբերմունք, չեն կատարում իրենց պարտականությունները, այն է՝ պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկվում, խցերից դուրս բերվելիս դատապարտյալներն անձնական խուզարկության չեն ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքում հսկողություն չի իրականացվում, 2009 թ. ամռանը ծրագրել են փախուստ կատարել ազատազրկման վայրից:

Որից հետո դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել առ այն, որ այդ 5 աշխատակիցների դեմ կայացված պատիժը մեղմ է, և նրանք արժանի են ավելի խիստ պատժի:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ ՔԿՀ անվտանգությունն ու փախուստի կանխարգելումը միայն աշխատողներով չէ, որ պայմանավորված է, այլ պետք է գործի անվտանգության պատշաճ համակարգ, որը գոյություն չունի:

«Ամեն ինչ այնտեղ գործում է  պապական մեթոդներով. փշալարեր, ցանկապատեր և այլն,- ասում է նա,- ոչ մի տեսախցիկ և նորացված համակարգ էլ չկա:  Ամեն ինչ հնամաշ է: Դա մեկ խնդիր: Երկրորդ` աշխատողների քանակը շատ քիչ է:  Բանտարկյալների համար օրական մեկ ժամ զբոսանք ու վերահսկողություն միաժամանակ է արվում, գումարած դրան սոցիալական շատ վատ վիճակը: Նախ ՔԿՀ աշխատողների աշխատավարձն է շատ ցածր այդ ծանր աշխատանքի համար, երկրոդ` այնտեղ հանգստի նորմալ պայմաններ չկան»:

Իշխանյանն ասումէ , որ միայն նման ծանր պայմաններում աշխատող մարդկանց վրա բարդել մեղքը, այնքան էլ ճիշտ չէ:

«Այո, նրանք մեղավոր են, սակայն  դատելուց հետո մի հատ էլ պահանջել, որ ավելի խիստ պատիժ սահմանվի, ճիշտ չէ,- ասում է նա,- նախ` խափանման միջոցը չպետք է լիներ որպես կալանք, երկրորդ` պատժաչափն էլ շատ խիստ է, մանավանդ որ, ես համոզված եմ, նրանց փախուստի մեջ ոչ մի պայմանավորվածություն ու միտումնավորություն չի եղել»:

Իրավապաշտպանն ասում է, որ Հայաստանը ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններ ունի, որոնցից մեկն էլ կալանավայրերերում տիրող վիճակի բարելավումն է, որը բացարձակապես չի համապատասխանում միջազգային չափանիշներին: «Դա շենքային պայմաններն են` գումարած գերծանրաբեռնվածությունը, խցերի վիճակը. բետոնապատ, մռայլ, էդ ամեն ինչը հոգեբանորեն ճնշում է մարդուն,- ասում է նա,- ու դա վերաբերում է ոչ միայն Նուբարաշենի ՔԿՀ-ին, այլև մնացած բոլոր ՔԿՀ-երին: 8 հոգու համար նախատեսված խցում քնում  են մինչև 14 հոգի, երբեմն ավելի շատ»:

Այդ մասին է հավաստում վերջերս կալանավայրերում դիտորդական առաքելություն իրականացրած 11 հոգանոց խմբի զեկույցը, որը ներկայացվեց  հուլիսի 16-ին:

«Բանտախցերը գերբնակեցված են,- ասաց  Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանը,-  Նույնիսկ ոմանք հրաժարվում են զբոսանքներից մաքուր օդում, որպեսզի կարողանան լրացնել քնի պակասը: Նույն վիճակն է նաև Կոշում, Սևանում, Էրեբունիում:  «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ամենամեծն է և կարող է ընդունել  840 մարդ: Եթե իրավիճակն այսպես մնա, ամեն տարի մի Նուբարաշեն պիտի կառուցենք»:

Դիտորդական խմբի անդամները նշեցին նաև, որ խցերում չկա արհեստական օդափոխության համակարգ, և մարդիկ զրկված են տարրական կենցաղային պայմաններից, ինչը կառավարության համապատասխան որոշման պահանջն է:

Առողջապահության մասնագետ Լարիսա Գասպարյանն իր զեկույցում անդրադարձավ ազատազրկվածների առողջության վրա ՔԿՀ-ների գերբնակեցման բացասական հետևանքներին: Նա ասաց,  որ ՀՀ արդարադատության նախարարության որոշումներով 1 ազատազրկվածի համար սահմանված է 4 քառակուսի մետր բնակտարածք,սակայն գերբնակեցման հետևանքով 30-35 քառ. մետրի վրա որոշ ՔԿՀ-ներում 19-21 մարդ է գտնվում: Ըստ մասնագետի` սուղ պայմանները, թթվածնի սակավությունը բերում են հիպոքսիայի, իսկ ամռանը` նաև հիպոթերմիայի, ինչի պատճառով ազատազրկվածները առողջական և հոգեկան լուրջ շեղումներ են ստանում:

Այսօր Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում գտնվում է 4850 ազատազրկված:

Դիտվել է 1778 անգամ:
Print Friendly

Leave a Reply