Շշալցման գործարա՞ն Գայլաձորի վրա
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2010 13:47
Հուլիսի 29-ին լրանում է Մարտունու տարածաշրջանի բնակիչների` Գեղարքունիքի մարզպետին առաջադրած 10-օրյա վերջնաժամկետը Արգիճիի վտակ Գայլաձորի հունի փոփոխման խնդիրը լուծելու համար: «Մարզպետը գրավոր պատասխան պիտի տա: Եթե չտա, կամ պարզվի, որ խնդիրը լուծված չէ և հունը պիտի փոխեն, նորից պայքարի դուրս կգանք, կփակենք Երևան-Վարդենիս մայրուղին»,- ասում է Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Պայծառ Աղաբաբյանը:
Աղաբաբյանն ասում է, որ 3 օր առաջ է այցելել Գայլաձորի վրա աշխատանքների իրականացման վայր: «3 օր առաջ ոչ Գեղարքունիքի մարզում, ոչ էլ Վայոց Ձորում աշխատանքներ չէին իրականացվում: Ինչ-որ հանձնաժողով է ստեղծվել, որ պիտի մեր և Վայոց Ձորի Աղնջաձոր համայնքի ջրային ռեսուրսներն ուսումնասիրի և որոշի` կշարունակվի շինարարությունը, թե ոչ,- ասում է տիկին Պայծառը,- Սակայն հավաստի աղբյուրներից տեղեկություն ենք ստացել, որ մի գործածար ուզում է Գայլաձորի ակունքում ջրի շշալցման գործարան կառուցել, այդ պատճառով էլ իրականացվում է այս ամենը»:
Պայծառ Աղաբաբյանը նշում է, որ Արգիճիի ջրով իրենց հողերը ոռոգող 5 գյուղերի բնակիչները վճռական են տրամադրված և կպայքարեն մինչև վերջ, քանի որ «կյանքի և մահվան հարց է լուծվում»: «9 հա հող ունեմ, մշակում եմ միայն 1,5-ը, քանի որ ոռոգման ջուրը չի բավականացնում: Գայլաձորի ջրերի հոսքը որ փոխեն, այդ էլ չեմ կարողանա մշակել, օրվա ապրուստից կզրկվեմ»,- ասում է տիկին Պայծառը` հավելելով, որ նման վիճակում է 5 գյուղերի 30 հազար բնակչությունը:






Facebook
Tweet This
Email This Post
