Լոնդոնի Հիթրոուն գլխավորել է աշխարհի ամենավատ օդանավակայանների վարկանիշը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 28, 2010 13:41

Լոնդոնի Հիթրոուն 80 երկրներից ավելի քան 2 հազար մարդու հարցման արդյունքում, որն անցկացրել է The Huffington Post էլեկտրոնային թերթը, ճանաչվել է աշխարհի ամենավատ օդանավակայանը` հավաքելով ձայների 19,1 տոկոսը:

Օդային այդ նավահանգիստը աշխարհում խոշորագույնն է համարվում սպասարկվող օտարերկրյա զբոսաշրջիկների թվով եւ ամենաբեռնվածը Եվրոպայում: Այստեղ աշխատում են 90 ավիաընկերությունների ներկայացուցիչներ, որոնց ինքնաթիռները թռչում են 170 ուղղություններով եւ տարեկան փոխադրում 67 մլն ուղեւորների, որոնց մեծ մասին, ինչպես պարզվել է, օդանավակայանը պարզապես գրգռում է:

Հիթրոուն «հռչակված է» առասպելական հերթերով եւ այդ առումով նշանակություն չունի, թե ուղեւորը 5 թերմինալներից որն է այցելելու: Դիտողությունների թվով երկրորդ տեղում է Լոս Անջելեսի LAX օդանավակայանը, որը 14,6 տոկոս ձայն է հավաքել: Այս օդային դարպասները բեռնվածության ցուցանիշով աշխարհում վեցերորդն են համարվում: Ընթերցողներն օդանավակայանի հիմնական «թույլ» կողմերը համարում են մեծ թվով մուրացկանների առկայությունը, երկար հերթերը, լեփ-լեցուն թերմինալները, մի թերմինալից մյուսն անցնելու հետ կապված դժվարությունները եւ ընդհանուր թափթփվածությունը: Փարիզյան Ռուասի-Շառլ դե Գոլը ձայների 9,1 տոկոսով երրորդ տեղում է:

Օդային այս նավահանգստի հատակագիծը, որը նախագծվել է անցյալ հարյուրամյակի 70-ական թվականներին եւ տարեկան սպասարկում է ավելի քան 50 մլն ուղեւորների, դրանով տեղաշարժվելը խիստ դժվար խնդիր է դարձնում: 2005 թվականին The San Francisco Chronicle թերթի ընթերցողներն այդ օդանավակայանը վատթարագույնն էին համարել աշխարհում, իսկ 2007 թվականին նաեւ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) այն ճանաչել է ամենավատերից մեկը` մատնանշելով նման գնահատման գլխավոր պատճառը` սպասարկման ծայրահեղ ցածր մակարդակը: Չորրորդ տեղը վիճակված էր զբաղեցնելու Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանին, որը չի բավարարում 5,9 տոկոս հարցվածների պահանջմունքները: 151 ելքերով նրա 8 թերմինալները չափազանց անհարմար են դարձնում տեղաշարժն օդակայանի շենքով, ինչը գրգռում է շատ ուղեւորների: Չիկագոյի Օ’ Հարա-ն եւ Սիդնեյի Քինգսֆորդ Սմիթի անվան օդանավակայանը միատեսակ դուր չեն գալիս զբոսաշրջիկներին եւ 4,9 տոկոս ձայներով բաժանում են հինգերորդ եւ վեցերորդ տեղերը:

Օ’ Հարա-ն բեռնվածության ցուցանիշով չորրորդ օդանավակայանն է աշխարհում: Եթե հավատանք տրված գանգատներին, ապա նրա հիմնական խնդիրը երկար հերթերն են մաքսային հսկողության կետերի մոտ: Ինչ վերաբերում է Սիդնեյի օդանավակայանին, ապա նրա այցելուների դժգոհությունը հարուցում են կարճաժամկետ կայանման բարձր գները եւ ուղեւորների վայրէջքի նպատակով ավտոմեքենան կանգնեցնելու համար տեղի բացակայությունը:

«Հիթ-շքերթի» յոթերորդ տեղում Մայամիի միջազգային օդանավակայանն է (3,8 տոկոս), որից տպավորությունն այն է, որ այստեղ մշտապես շինարարություն է ընթանում, իսկ սպասասրահները միշտ լեփ-լեցուն են մարդկանցով: Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանը, որն առավել մեծ թվով արտասահմանյան ուղղություններ է սպասարկում, ստացել է բացասական արձագանքների 3,4 տոկոսը: Զբոսաշրջիկները գանգատվում են անհասկանալի ուղեցույցներից, հերթերի հետ հատվող ուղեւորահոսքերից եւ տհաճ սպասարկող անձնակազմից:

Սեւ ցուցակը եզրափակում է Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն ամերիկյան օդանավակայանը, որը 3,2 տոկոս քննադատական ձայն է ստացել: Այն աշխարհի ամենաբեռնված օդային նավահանգիստն է համարվում ինչպես ուղեւորաշրջանառությամբ, այնպես էլ բեռների թվաքանակով: Հարկ է նշել, որ ահավոր օդանավակայանների վարկանիշում տեղ են գտել նրանք, որոնք վիճակագրական առումով այսպիսիք են ճանաչվել, թեեւ, անկասկած, աշխարհում դրանց թիվը շատ ավելի մեծ է:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply