Կծաղկապատվի Թբիլիսյան խճուղուց Սևանի մայրուղի տանող ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2010 11:55

Երևանի քաղաքապետարանում երեկ  հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը զեկուցեց, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը չլվացված անվադողերով և բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկությունը արգելելու ուղղությամբ: Զեկուցվեց, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ընթացքում են շինհրապարակներին հարող մայթերի բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվեց հետևողական հսկողություն սահմանել, որպեսզի կառուցապատողները շինհրապարակներին հարող հատվածներում ապահովեն հետիոտնի անվտանգ անցուդարձը, անհրաժեշտության դեպքում ժամանակավոր մայթեր կառուցեն: Հանձնարարվեց նաև հետևողական լինել Երևանի ավագանու որոշման կատարմանը, ըստ որի, սեփականատերերը պարտավոր են բարեկարգել և կանաչապատել իրենց օբյեկտների հարակից տարածքները: Հրազդանի կիրճում գործունեություն ծավալած բոլոր տնտեսվարողները ևս պարտավոր են բարեկարգել, լուսավորել, կանաչապատել ու սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնել իրենց օբյեկտների հարակից հատվածներում, նշեց Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ ծաղիկներով կզարդարվի նաև Երևան մուտք գործող կարևորագույն ճանապարհներից մեկը` Թբիլիսյան խճուղուց Սևանի մայրուղի տանող ճանապարհը, որի միջնաշերտն ամբողջությամբ կծաղկապատվի, կանցկացվի ոռոգման նոր ցանց:
Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը զեկուցեց, որ Ուլնեցու փողոցի երկրորդ փակուղում գտնվող համար 4 և 6 բնակելի շենքերի կոյուղատար ցանցի ու  դիտահորերի վթարայնությունն ամբողջությամբ վերացված է: Նշված շենքերի բնակիչներն իրենց շնորհակալությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ տարիներ շարունակ բնակչությանը հուզող այդ խնդրին լուծում տալու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply