Մասնագիտական կողմնորոշում է ստացել 2 880 երիտասարդ եւ դպրոցական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2010 11:36
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն»-ի ծառայություններից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օգտվել է 2 հազար 880 երիտասարդ եւ դպրոցական, որից 1243-ը` մարզերից:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը, տարվա ընթացքում մասնագիտական կողմնորոշման հարցում կենտրոնն աջակցել է ոչ միայն իրենց մոտ այցելած երիտասարդներին եւ աշակերտներին, այլեւ տարբեր ծրագրերի շրջանակներում այցելություններ է կազմակերպել հանրապետության մարզեր:
Հ. Գեւորգյանը նշեց, որ շատ երիտասարդներ տեղեկացվածության պակաս ունեն, տեղյակ չեն, թե իրենց մասնագիտության առջեւ գործատուներն այսօր ինչ հմտություններ են դնում: «Դա խնդիր է, որ հանդիպում ենք շատ երիտասարդների մոտ: Մեր գնահատմամբ նրանցից շատերը կարծես շահագրգռված չլինեն աշխատանք փնտրելու հարցում: Նրանք սպասում են, որ իրենց բարեկամը կամ ծանոթն իրենց աշխատանքի տեղավորի»,-ասաց նա: Հ. Գեւորգյանի խոսքով, մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրներն առավել արտահայտված են մարզերում, որտեղ տեղեկատվության աղբյուրները համեմատաբար սակավաթիվ են, աշխատատեղերը` սահմանափակ: Մարզի զարգացման առանձնահատկություններին համապատասախան մասնագիտության ընտրությունը կարող է որոշիչ լինել մարզի հետագա զարգացման գործում եւ ապահովել մարզի երիտասարդների զբաղվածությունը հենց իրենց բնակավայրում: Կարեւորելով այս հանգամանքը` կենտրոնի կողմից տարվա ընթացքում ինտենսիվ աշխատանքներ են տարվել մարզերի պատանիների հետ մասնագիտության գիտակված ընտրության հարցում: Կենտրոնի մասնագետները ծառայություններ են մատուցել Սյունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում:
Կենտրոնի շահառուները տարվա ընթացքում հնարավորություն են ունեցել ստանալ անհատական խորհրդատվություն: Հոգեբանի կամ խորհրդատուի օգնությամբ կարողացել են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները մասնագիտության ընտրության, ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ աշխատաշուկայում առկա իրավիճակի վերաբերյալ: Երիտասարնդերին եւ դպրոցականներին աջակցման ծրագրերը շարունակվելու են: Հ. Գեւորգյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ կսպասարկեն եւս 2 հազար 500 անձի:






Facebook
Tweet This
Email This Post
