Երևանի անօթեւանների ժամանակավոր կացարանում 2006թ-ից մինչ օրս ապաստանել է 1168 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2010 11:29
Մայրաքաղաքի անօթեւանների ժամանակավոր կացարանում 2006թ-ից մինչ օրս ապաստանել է 1168 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Հակոբյանը, անօթեւաններին կացարան ուղղորդում են ոստիկանները, սոցիալական տարածքային կենտրոնների աշխատակիցները:
Մասնագետներն անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում անօթեւանների հետ, որի արդյունքում նրանք ընտանիքներ են վերադառնում, աշխատանքի ընդունվում, իսկ եթե ծերեր են լինում, տեղավորվում են տուն-ինտերնատներում: Ա. Հակոբյանի խոսքով, եթե հնարավոր է լինում, ապա անօթեւանները համապատասխան բուժում են ստանում տեղում, հակառակ պարագայում ուղղորդվում են բժշկական հաստատություններ: 2006թ-ից սկսած տուն-ինտերնատներ են տեղափոխվել 64, բժշկական հաստատություններում բուժվել 72, հարազատների մոտ վերադարձել 20, աշխատանքի տեղավորվել 22 մարդ:
Նախկինում կացարանում կարող էին բնակվել 30 անօթեւաններ, սակայն վերանորոգումից հետո հնարավորություն եղավ ապաստանել 60 մարդու: Ա. Հակոբյանը նշեց, որ չնայած կացարանը ներկայումս նախատեսված է 60 մարդու համար, սակայն անհրաժեշտության դեպքում ընդառաջում են դիմողներին եւ ժամանակ առ ժամանակ թիվն ավելին է լինում: Նշենք, որ անօթեւանների համար նախատեսված կացարանը գործում է 2006թ-ի հունվարից:






Facebook
Tweet This
Email This Post
