Ճանաչողական դասընթաց` Քարվաճառում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2010 21:25

Արցախի Քարվաճառի շրջանում ավարտվել է հուլիսի 20-ին մեկնարկած «Վերագտնված Հայաստան» խորագրով ճանաչողական դասընթացը, որին մասնակցել են 5 ուսանողներ` Երեւանից, եւս նույնքան ուսանողներ` Արցախից: «Սա փորձնական դասընթաց էր եւ հիմնականում ճանաչողական բնույթ ուներ: Գրեթե ամեն օր դուրս ենք գալիս ու փոքրիկ էքսկուրս անցկացնում Քարվաճառի հայտնի վայրերում, ծանոթանում տեղի հուշարձաններին եւ բնական հարստություններին»,-հայտնեց «Վերագտնված Հայաստան» դասընթացի պատասխանատու, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:

Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացել են հայոց նախաքրիստոնեական համակարգին, հայոց եկեղեցու դավանաբանական առանձնահատկություններին, հայոց պատմության կարեւոր եւ հետաքրքիր դրվագներին: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ այս ծրագիրն իրենք իրականացրել են Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ, եւ ցանկություն կա այն շարունակական դարձնելու:

Ա. Քանանյանը նաեւ նշեց, որ դասընթացը նախատեսված էր կազմակերպել Սփյուռքի երիտասարդության համար եւ հիմնականում հայրենաճանաչության գործառույթ պետք է իրականացներ: «Քանի որ այդ ծրագրի իրականացումը ժամանակ եւ մոտ 30 մլն դրամ գումար էր պահանջում, ուստի որոշվեց ավելի սեղմ փորձնական ծրագրով դասընթաց իրականացնել»,-ասաց Ա. Քանանյանը:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply