Հայտարարություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2010 21:15
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի(Հաագայի դատարան) որոշումը ճանաչել Կոսովոյի ժողովրդի իրավունքը անկախություն հռչակելու մասին: Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, անկախության հռչակումը չի հակասում միջազգային այլ ակտերին եւ հետեւաբար այն չի կարող համարվել անօրինական եւ հակասող միջազգային նորմերին: Հաագայի դատարանի որոշումը, մեր կարծիքով, վերաբերում է ոչ միայն Կոսովոյին, այլեւ նմանատիպ այլ հակամարտություններին եւ իրենց անկախությունը հռչակած բոլոր, այսպես կոչված, չճանաչված պետություններին: Քանի որ, ի դեպ դատարանի որոշման մեջ չի ասվում, որ այս որոշումը վերաբերվում է միմիայն Կոսովոյին, ինչը նշանակում է, որ այն վերաբերվում է բոլորին , հետեւաբար, հակառակ ոմանց, նախադեպային է: Դատարանի այս բացառիկ որոշումը հնարավորություն է տալիս ասել, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման խնդրի շուրջ հայկական կողմը պետք է առաջին հերթին ուշադրությունը դարձնի երրորդ երկրների կողմից նրա ճանաչմանը: Այսինքն Ադրբեջանի համառության,անհանդուրժողականության եւ ագրեսիվ պահվածքի պայմաններում, հայկական կողմը նաև օգտագործելով սփյուռքի լոբբիստական հնարավորությունները, պետք է անի հնարավորը այլ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու համար: Պարզ է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ անհեռանկարային են եւ հետեւաբար պաշտոնական Երեւանը պետք է գնա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու ճանապարհովª կոչ անելով այլ պետություններին հետեւելու այդ քայլին, քանի որ այդպիսով ապահովվում է ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը և բնականոն զարգացումը:






Facebook
Tweet This
Email This Post
