Երևանի կենտրոնում` հնոտիքի կույտում ապրող ՄԱՐԴԸ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 26, 2010 11:55

Բորիս Մատինյան

«Պատերին` անշնորհք ու նեղ, կախված էին մի քանի նկարներ: Սենյակի անկյունում լցված էր այն ամենը, ինչ ավելի կոպիտ էր ու արժանի չէր սեղանի վրա դրվելու: Թե ինչ կար կույտի մեջ, դժվար էր որոշել: Կույտից առավել նկատելի երևում էր բահի փայտե կոթն ու սապոգի հին կրունկը: Ոչ մի կերպ հնարավոր չէր գլխի ընկնել, որ այնտեղ մարդ է ապրում, եթե սեղանի վրա հին ու մաշված գլխարկ դրված չլիներ»:

Սա մի հատված է Գոգոլի «Մեռած հոգիներից»` Պլյուշկինի սենյակի նկարագրությունից: Երբ մտնում ես նկարիչ Բորիս Մատինյանի` Երևանի կենտրոնում` Տերյան փողոցում գտնվող երկսենյականոց բնակարանը, անմիջապես արթնանում է Գոգոլի` դպրոցական տարիներին ընթերցված երկի հիշողությունը:

Ամբողջ միջանցքը մինչև առաստաղ անկանոն իրար վրա լցված են տարբեր առարկաներ, որոնք հայտնի չէ, թե ինչի համար է տանտերը հավաքել: Առաջանում ես միջանցքից դեպի հյուրասենյակ տանող նեղ «կածանով»` մեծ դժվարությամբ ոտքերիդ չափով ազատ տարածք գտնելու փնտրտուքով: Մատինյանն առաջնորդում է «Անկախի» թղթակցին ու լուսանկարչին:

Մուտքի դուռը ներսից

Նկարիչ Բորիս Մատինյանը 63 տարեկան է: Նա նկարել սկսել է 13 տարի առաջ` լեդի Դիանայի մահվանից հետո:  «Սակայն դա ընդամենը պատրվակ էր,- ասում է նա,- նրա մասին շատ էր խոսվում, մասնավորապես այն, որ նա ոչ ստանդարտ անձնավորություն է, ու ես հասկացա, որ այսքան տարիներ սովորել ու աշխատել եմ, բայց ոչ մի բանի չեմ հասել»:

Մատինյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ապա Կապի տեխնիկումը: Երկար տարիներ աշխատել է Մինիստրների խորհրդում որպես հրահանգիչ, ապա տուրբազայում` գիդ: Ինչ-որ բանի հասնելը` նրա ձևակերպմամբ, նյութական արժեքների ստեղծումը չէ, այլ ձգտումը հասնելու ներքին հոգեվիճակի այնպիսի հաստատման, որից դու բավարարվում ես, երբ քո մտավոր ու ֆիզիկական ունակությունները գեներացնում են նոր արժեք, նոր արդյունք:

«Դու պետք է ապրես այն գործով, որն անում ես, լինես դրանով տարված ու ամբողջությամբ դրանով կլանված,- ասում է նա,- հակառակ դեպքում դու նման կլինես մի բանվորի, որը գործարանում դետալ է տաշում»: Բորիսը այդպիսի մարդ է համարում Միրեյ Մատյեին, Սոֆիա Ռոտարուին, Վլադիմիր Պուտինին, Դմիտրի Մեդվեդևին, Սերժ Սարգսյանին…

Նա ասում է, որ այս մարդիկ խորապես նվիրված են իրենց գործին ու ապրում են դրանով: Սենյակում դատարկ պատեր չկան. ամենուրեք նկարներ են փակցված, լիքը պահարաններ են և շատ տուփեր:

Մատինյանն ասում է, որ այդ տուփերը կիրառական արվեստի իր ստեղծագործությունները փաթեթավորելու և պահելու համար են: Որովհետև նա ոչ միայն նկարում, այլև ստեղծում է կոմպոզիցիաներ առաջին հայացքից անպետք թվացող իրերի որոշակի համադրությունից:

«Ցույց տվեք այդ իրերի մեջ մի բան, որ ձեր կարծիքով անպետք է, ու ես կասեմ, թե ինչի համար եմ օգտագործելու այն»,- ասում է Մատինյանը, երբ թափառող հայացքս նկատում է իրերի մեջից դուրս թռած հնամաշ տիկնիկի գլուխը կամ ժանգոտած ու դեն շպրտած սկուտեղը. նրանց կողքին անհամար քանակությամբ դարսված են տուփեր, թղթեր, բացիկներ, պնակներ, բանկայի կափարիչ կամ պարանի կտոր… Մատինյանի հայրը` Աշոտ Մատինյանը, եղել է տպագրիչ:

Բորիսի ասելով` ավագ սերնդի մարդկանց շրջանում նա հայտնի է եղել: Տերյան փողոցում գտնվող գրողների շենքի այդ տունը կոմունիստական կուսակցության որոշմամբ հատկացվել է նրա ընտանիքին: Եվ այստեղ ապրել է Բորիսն իր ծնողների ու քրոջ հետ: Նրա ծնողները մահացել են, իսկ քույրն ամուսնացել է: Բորիսն այդպես էլ չի ամուսնացել և մինչ օրս ապրում է միայնակ:

Բորիսի դրկից 70-ամյա տիկին Ջուլիետան, ով նույն շենքում ապրել է նույն թվականներից, ասաց, որ նախկինում այդ տունը եղել է բոլոր տների նման: «Ճիշտ է, նրանք մուտքի հարևանների հետ առանձնապես չեն շփվել, բայց առիթ ունեցել եմ նրանց տուն այցելելու, ու ոչ մի այդպիսի բան չի եղել»,- ասաց նա: Ամեն ինչ փոխվում է ցուրտ ու մութ տարիներից սկսած, երբ նրա ծնողներն արդեն չկային: Բորիսը գոյությունը պահպանելու համար առևտուր է անում Ֆիրդուսի շուկայում: Տիկին Ջուլիետան ասում է, որ այդ տարիներին Բորիսը շատ է տանջվել. «Թեկուզ հոգեբանական առումով, որ իրենք հայտնի ու հարգված մարդիկ էին, բայց աշխատանք չկար, ու նա ստիպված պիտի առևտուր աներ: Նա շատ սոված ու ցուրտ օրեր է անցկացրել»:

Բորիս Մատինյանը հարգում է Սերժ Սարգսյանին, Դիմիտրի Մեդվեդևին....

Ու Բորիսը սկսում է նկարել, որովհետև այդպես է տեսնում իր հոգևոր ու ֆիզիկական կարողությունների իրականացումը: Նա նկարել չի էլ սովորել: Նկարում է պահի ազդեցության տակ և ներշնչանքով. «Աստված է որոշում, թե ինչ պետք է նկարեմ, հո ծաղիկ չե՞մ նկարի, էնքան ծաղիկ նկարող կա»: Տիկին Ջուլիետան պատմում է, որ նկատել է, թե ինչպես է Բորիսն աստիճանաբար լցնում տունը:

«Քանի անգամ ասել եմ` մաքրի, ասել է` հա, կմաքրեմ, բայց եթե երկու տոպրակ թափեր, տեղը 4 տոպրակ կբերեր»,- ասում է նա: Ու տունն աստիճանաբար լցվում է այստեղից-այնտեղից հավաքված իրերով: Դա Բորիսին չի մտահոգում:

Սակայն նա տրամաբանորեն չկարողացավ բացատրել, թե ինչու էր պետք տունը ծանրաբեռնել. մյուս սենյակ ընդհանրապես մտնել հնարավոր չէր, որովհետև մինչև դուռն ու առաստաղը լցված էր, նաև բաղնիք-զուգարանը, խոհանոցն ու ծածկած պատշգամբը: Ասում է, որ ինքը ոչ ստանդարտ մարդ է և ապրում է ոչ ստանդարտ լինելու գիտակցությամբ:

«Ես փնթի մարդ չեմ»,- նկատելով տարակուսած հայացքս` կանխում է չտրված հարցս: Հետաքրքիր է, որ թեպետ տունը լցված էր ամեն տեսակ աղբով, ու տան օդը չափազանց ծանր էր, սակայն գարշահոտություն չէր: Որովհետև աղբը օրգանական չէր, ու խոհանոցում Բորիսը ոչինչ չի պատրաստում: Նա ուտում է պատրաստի կիսաֆաբրիկատներ, լողանում` սառը ջրով: Նա սափրված էր և մաքուր արտաքին ուներ, վրայից էլ հոտ չէր գալիս, ինչպես կարելի էր ենթադրել` տան վիճակը տեսնելով:

«Ես ոչ ստանդարտ մարդ եմ,- խոսքի մեջ անընդհատ կրկնում էր Բորիսը,- դե թող մեկը տանի ու 2000 հատ նկար տա մեկին. դա ոչ ստանդարտ քայլ չէ՞: Ուղիղ այդքան իմ ստեղծագործություններից նվիրելու եմ Սոչիի 2014 թ. օլիմպիադային»:

Նա պատասխան պաշտոնական նամակ է ստացել Սոչիի քաղաքապետարանից, որում հաղորդվում է, որ իրենք պատրաստ են ընդունելու Բորիսի նվերը` գալիք օլիմպիադայի կապակցությամբ:

Նվերի քանակը որոշել է Բորիսը` առանց որևէ տրամաբանական նշանակության, իսկ շարժառիթն այն է, որ նա իր կյանքի լավագույն տարիներն անցկացրել է Սև ծովի ափերին և այժմ այդ կերպ երախտագիտություն է հայտնում: Բորիսն ասում է, որ այդ տուփերը հենց նվերները փաթեթավորելու համար են, որովհետև շատ դժվար է այդպիսի պայմաններում դրանք պահելը. «Իսկ տուփերում ապահով մնում են»: Նա նաև որոշել էր իր աշխատանքներից նվիրել Լյուդմիլա Զիկինային ու Նադեժդա Բաբկինային, բայց քանի որ Զիկինան մահացել է, նրա փոխարեն կնվիրի Նադեժդա Կադիշևային. «Դա իմ մոր ցանկությունն էր, որ նրանց շատ էր սիրում»:

Բորիսի մայրը ռուս էր: Բորիսը շատ է սիրում նվիրել: Հատկապես սիրում է նվիրել աղքատ և տգեղ մարդկանց. «Նրանք զրկված են կյանքում, նրանք կոմպլեքս ունեն, որ գեղեցիկ չեն կամ աղքատ են,- ասում է նա,- միշտ ընկճված են և կյանքն ընկալում են ոչ լիարժեք»:

միջանցքից դեպի խոհանոց ճանապարհին

Բորիսի համար մարդու ցանկացած գործունեություն կապված է էներգիայի առկայության հետ: «Ունե՞ս էներգիա,- հարցնում է նա,-ուրեմն աշխարհը կնվաճես: Եթե մի բան ես ուզում անել, բայց ականջի հետև ես գցում կամ մտածում ես, թե չես կարող անել, ուրեմն էներգիա չունես»:

Ինչո՞ւ է Բորիսը միայնակ: Նա հիմա էլ չի աշխատում: Ստանում է 18 000 դրամ թոշակ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ վաճառում է իր ստեղծագործությունները: Հովանավոր էլ չի փնտրում: Ասում է, որ Աստված է իրեն օգնում: «Դու հո չգիտեի՞ր, որ գալու ես իմ տուն, Աստված ուզեց, ու դու եկար: Աստված յուրաքանչյուր մարդուն տալիս է իր բանաձևը, որը տարիների հետ մարդուն հայտնի է դառնում:

Իմ բանաձևն էլ այսպիսին է, որ չպետք է ամուսնանայի»: Իսկ սեքսը Բորիսը դիտարկում է էներգիայի տեսանկյունից: «Ի՞նչ է սեքսը,- հարցնում է նա ու պատասխանում,- էներգիայի արտազատում: Իսկ հետո՞. հետո դատարկ տարածություն: Սերը, ընտանիքն ու սեքսը տարբեր բաներ են»:

Բորիսն իր մասին ասում է, որ սլավոնական հոգի ունի և իրեն ձգում են սլավոնական կանայք: «Ինձ համար հայ աղջիկը, հայ կինը հասկանալի չէ,- ասում է նա,- միգուցե նրանք ավելի լավն են. ես չգիտեմ: Ուղղակի ինձ հասկանալի չէ այդ մոտեցումը: Ինձ հարազատ է սլավոնականը»:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply