Արցախի, Երեւանի եւ Սփյուռքի մոտ 30 երիտասարդներ կմասնակցեն Տիգրանակերտի պեղումներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2010 15:33

Օգոստոսի 10-15-ը Արցախի, Երեւանի եւ Սփյուռքի մոտ 30 երիտասարդներ կմասնակցեն Տիգրանակերտի պեղումներին: «Մեր նպատակն է հրավիրել այնպիսի երիտասարդների, ովքեր տեղյակ են պատմությունից, մասնագիտությամբ հնագետ են, քաղաքագետ կամ միջազգայնագետ: Այսինքն, մեր գերխնդիրը հետաքրքրող շրջանակներին հրավիրելն է»,-հայտնեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ ծավալուն պեղումները, հուշարձանի լրացուցիչ մաքրումներն ու լանդշաֆտային տեսքի պահպանումը, հանրությանը ներկայացնելու ողջ գործընթացը` հրատարակությունները, ինտերնետային կայքի ստեղծումը, պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներն ու ի վերջո` Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ստեղծումն այդ գործընթացի կարեւոր մասն են:

Այդ ամենի արդյունքում Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելուներ ունեցող, ինտերնետում համակողմանիորեն ներկայացված եւ հանրությանն առավել քաջածանոթ հուշարձանն է: Այս առումով Տ. Աթանեսյանն էլ կարեւորեց հուշարձանի նշանակությունը` հավելելով, որ պեղումների ընթացքում երիտասարդների եւ հավելյալ ուժի անհրաժեշտությունը խիստ մեծ է:

Տիգրանակերտի հետազոտական աշխատանքներին մասնակցում են հինգ հնագետ, երկու ճարտարապետ, Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների մեկ տասնյակ ուսանողներ, քառասունից ավելի բանվորներ: Պեղումներն ընթանում են միջնաբերդի տարածքում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի եւ Բազիլիկի եկեղեցուն կից հատվածներում: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած նմանատիպ մեկ այլ միջոցառում էլ իրականացվեց հուլիսի 15-23-ը: Էջմիածնից, Թբիլիսիից եւ Արցախից ժամանած 15 երիտասարդներ 8 օր շարունակ մասնակցեցին Հադրութի շրջանի Տող գյուղի «Մելիքական ապարանք»-ի պեղումներին:

Դիտվել է 1665 անգամ:
Print Friendly

Leave a Reply