Իրարամերժ կարծիքներ կրոնի շուրջ՝ Արարատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | August 23, 2010 9:57
Ասում են` անձրևից հետո սնկերը շատանում են, բայց Արարատ քաղաքում առանց անձրևի էլ սնկի նման գլուխ են բարձրացնում այս կամ այն ուղղադավան և ոչ ուղղադավան կրոնական խմբերը (մկրտականներ, բողոքականներ, Եհովայի վկաներ, մորմոններ…) ու մասնատում շուրջ 21000 բնակչություն ունեցող քաղաքը: Վատ է, թե լավ. խնդիրը դա չէ. պետք է պարզել պատճառը: Իսկ պատճառն ակնհայտ է. քաղաքում չկա Հայ Առաքելական եկեղեցի: Առաքելական եկեղեցուն պատկանող միակ գործող եկեղեցին, որ մոտ է քաղաքին, Արարատ գյուղում գտնվող Սուրբ Նշանն է:
Արարատ քաղաքի քաղաքապետարանում նշեցին, որ արդեն քաղաքում Հայ Առաքելական եկեղեցի կառուցելու նախագիծ կա և այդ ուղղությամբ աշխատանքներ պիտի սկսվեն: Իսկ մինչ այդ ծանոթանանք կրոնի հանդեպ քաղաքում առկա իրարամերժ կարծիքներին…
21-ամյա Անիի համար ատելի երևույթ է ամենատարբեր կրոնական խմբերի առկայությունը քաղաքում. «Մորմոններին ու եհովականներին դրսից հատուկ ֆինանսավորում են, որ մեզ մասնատեն` մեր առանց այդ էլ փոքր հանրապետությունը` սկսելով մարզերից, գյուղերից ու քաղաքներից…»: Իսկ 58-ամյա տիկին Ա.-ն, որ ապրում է Արարատ քաղաքում գործող «Եհովայի վկաներ» կազմակերպության հավաքատեղիի կողքին, սովորական է վերաբերվում այդ երևույթին: Նա նշեց, որ ինքը գնում է Հայ Առաքելական եկեղեցի, որովհետև ծնողներից այդ ավանդույթն է ժառանգել, ապա հավելեց. «Այդուհանդերձ ինձ չեն խանգարում կրոնական այլ կազմակերպությունները: Ուղղակի կուսակցությունների նման են դարձել, շատացել են: Իմ տան հարևանությամբ գործում է «Եհովայի վկաներ» կազմակերպության հավաքատեղին, ուր բազմաթիվ մարդիկ են գալիս: Բայց գուցե նրանք են ճիշտ, ես` սխալ, չգիտեմ»:
Փորձեցինք զրուցել քաղաքում գործող «Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավարի հետ: Շատերը գիտեին նրան որպես Կարո, որի տան դիմաց էլ գործում է կազմակերպության հավաքատեղին: Նրան հանդիպեցինք, բայց նրանց գործունեության մասին որևէ տեղեկություն չկարողացանք ստանալ. զարմանալի է, որ իրենց ուսմունքը շատերի մեջ տարածել ցանկացող ու այդ ասպարեզում զրուցելու մեծ ցանկություն ցուցաբերող եհովականներն այս անգամ լռեցին. միայն բարեհամբույր մերժում` առանց հիմնավորման: Իսկ Կարոյին օգնության եկած երևանցի Տիգրանը մեզ ուղղորդեց այնտեղ, որտեղից կկարողանայինք որոշակի տեղեկատվություն ստանալ կազմակերպության հայաստանյան գործունեության մասին: Հետքերը մեզ բերեցին Երևան:
«Եհովայի վկաներ»-ի մասին տեղեկատվություն կարող են տալ բացառապես կազմակերպության ղեկավար մարմնում. մյուսները չեն տիրապետում տեղեկատվությանը: Զրուցեցինք Հայաստանում այս կազմակերպությունը համակարգող մարմնի ներկայացուցիչներից երկուսի հետ հետ: ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության քարտուղար, հանրային տեղեկատվության պատասխանատու Տիգրան Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության ստեղծումն ու Հայաստանում նրա ծավալած գործունեությունը. «Թյուր է այն կարծիքը, թե «Եհովայի վկաներ» կազմակերպությունը հիմնադրել է Չ. Ռասելը: Նա եղել է «Դիտարան» ընկերության (կազմակերպության կառավարիչ մարմինն է) առաջին նախագահը: Կազմակերպությունը սկզբում կոչվել է «Սուրբ գրությունը ուսումնասիրողների խորհուրդ» և միայն 1931 թ. է ստացել «Եհովայի վկաներ» անվանումը. ինչպես Աստվածաշնչում է նշված, որ Աստծու ժողովուրդը պիտի կոչվի Աստծու անունով: Իսկ Հայաստանում մեր ուսմունքի մասին առաջին ծանոթությունը տվել է Վարդուհի Տերտերյանը: Նա ցեղասպանությունից հետո, կորցնելով իր որդիներին, տեղափոխվել է Ֆրանսիա և եղբորից ստանալով Աստվածաշնչյան ուսմունքի մասին մեր կրոնական գրականությունը` 1936 թ. եկել է Հայաստան ու սկսել մարդկանց հետ զրուցել իր հավատի մասին: 1955 թ., երբ նա մահացավ, Հայաստանում, որպես այդպիսին, չկային Եհովայի վկաներ: Միայն 1975 թ. Ռուսաստանից մի հայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան և սկսել է քարոզել: Այժմ Հայաստանում կան 10500 և ավելի «վկաներ», իսկ մոտ 24 000 մարդ մասնակցում է մեր հանդիպումներին: Ես զրպարտություն եմ համարում այն խոսքերը, որոնցով մեզ մեղադրում են հոգեորսության և դրա դիմաց տրվող գումարների մեջ: Հիսուսն ինքն էր ասում, որ ինչ-որ ձրի առել եք , ձրի էլ տվեք»:
Հոգեորսության և իրավական այլ հարցերի շուրջ իր տեսակետը հավելեց նույն կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ, իրավաբան Լյովա Մարգարյանը. «Մենք 1995 թվականից 14 անգամ դիմել ենք պետությանը` Հայաստանում գրանցում ստանալու համար և միայն 2004 թ. հոկտեմբերին ստացանք պետական գրանցում: Իսկ դիմումները մերժվում էին հիմնականում հետևյալ մեկնաբանությամբ, թե մեր կազմակերպության քարոզչությունը հոգեորսություն է, և այն երիտասարդները, ովքեր մեր ուսմունքի հետևորդներն են, հրաժարվում են զինծառայությունից: Վերջինս, սակայն, ես չեմ համարում, որ կապ ունի միայն մեր ուսմունքի հետ. մարդուն իր խիղճը թույլ չի տալիս ծառայել, ինչը դեմ չէ մեր Սահմանադրությանն ու Մարդու իրավունքների ու խղճի ազատության հիմնարար սկզբունքներին, ուրիշ հարց է, թե ինչպիսի այլընտրանքային տարբերակներ պիտի մշակվեն: Իսկ հոգեորսություն չի կարելի համարել այն, երբ մենք զրուցում ենք կրոնական այլ ուղղության պատկանող մարդու հետ, օրինակ` Հայ Առաքելական եկեղեցու հետևորդի հետ և ցույց տալիս Աստվածաշնչի ճշմարտացիությունը, այդպիսով նա իր ցանկությամբ է որոշում կայացնում` դառնա՞լ Եհովայի վկա, թե՞ ոչ»:
Իսկ թե որն են «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդները համարում հոգեորսություն, ըստ էության, այնքան էլ պարզ չէ. ըստ նրանց` հոգեորսություն է, երբ մարդուն նյութական շահագրգռությամբ կամ սպառնալիքով են ընդգրկում կազմակերպություն: Տիգրան Հարությունյանը ներկայացրեց նաև իրենց կազմակերպություն նոր մարդկանց անդամագրման կարգը. «Մեր քարոզչությունների ժամանակ մենք տնից տուն ենք գնում` մարդկանց ծանոթացնելով Աստվածաշնչի գաղափարներին, այնուհետև ցանկության դեպքում տալիս ենք «Իրականում ինչ է սովորեցնում Աստվածաշունչը» գիրքը, որը օգնում է ծանոթանալու Աստվածաշնչի հիմնական դավանանքին: Եթե մարդը ցանկություն է ունենում, կազմակերպում ենք նաև Աստվածաշնչի ուսուցման անվճար դասընթացներ: Այս ամենից հետո զրուցում ենք նրա հետ, եթե նա իրեն համարում է պատրաստ իր անձը նվիրաբերելու Աստծուն, ջրով մկրտվելու և իր գործերով ցույց է տալիս, որ ուզում է ապրել Աստվածաշնչյան գաղափարներով, անդամագրում ենք»:
Ողջ աշխարհում կրոնական հիմնական ուղղությունների հիմքերի վրա ստեղծվել են բազմաթիվ հոգևոր համայնքներ, որոնց ընդունված էտալ «աղանդ» անունը: Ստեղծված քաոսում թերևս դժվար է տարբերել` կրոնական որ համայնքներն են իսկապես ծառայում հոգևոր կյանքին, և որոնք են նյութական շահ հետապնդում կամ ուղղակի մասնավոր բիզնես են: Հայաստանում այսօր պետականորեն գրանցված է 66 կրոնական կազմակերպություն:
Յուրաքանչյուր պետության մեջ կրոնական կազմակերպությունները վերահսկող բազմաթիվ մեխանիզմներ են մշակվել: Դրանք հիմնվում են միջազգայնորեն ընդունված սկզբունքների վրա: ՀՀ-ում 2003-2004թթ. ի վեր այդ մեխանիզմը կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունն է: Վարչության պետ պարոն Վարդան Ասցատրյանը նշեց այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են կրոնական կազմակերպություններին առնչվող հարցերը քննելիս և ներկայացրեց այն գործընթացը, որից հետո տրվող փորձագիտական եզրակացության հիմքի վրա միայն կրոնական կազմակերպությունը իրավունք ունի անցնելու պետռեգիստրի կամ գրանցման փուլ. «2003 թ. դեկտեմբերին կառավարության որոշման համաձայն` ստեղծվեց կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը: Նրա գործունեությունը սահմանափակ է. կրոնական կազմակերպությունների առընչությամբ, մասնավորապես, տալիս ենք փորձագիտական եզրակացություն (տվյալ կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա) նախքան պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալը:
Կրոնական դաշտն այսօր բավականին ակտիվ է: Հոգևոր նոր համայնքները, որոնք ժողովրդի մեջ աղանդ անունով են հայտնի, մեզ համար սոցիալական նոր խմբեր են. խորհրդային տարիներին դրանք չկային կամ ֆորմալ չէին: Դրանք նոր երևույթներ էին, որոնք Հայաստանի անկախացման հետ մտան հասարակություն և սկսեցին իրականացնել մի գործունեություն, որը պետք է կառավարվի օրենսդրական, իրավական դաշտում: Այսօր ՀՀ-ում գրանցված է 66 կրոնական կազմակերպություն (առաջինը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն է, որը գրանցվել է 2004 թ. մարտին), սակայն օրենքով այդ կարգավիճակը չստացած բազմաթիվ չգրանցված կազմակերպություններ էլ կան»:
Հայ Առաքելական եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ հայր Հովակիմ վարդապետ Մանուկյանը պարզաբանեց աղանդ բառի իմաստը. «Արդյոք հնարավո՞ր է իրավական սահմանում տալ եկեղեցի, աղանդավորություն և հոգեորսություն հասկացություններին: Հարց է առաջանում` ինչպե՞ս են այս եզրերը օգտագործվելու կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին օրենքում: Եվ, վերջապես, հնարավո՞ր է այս տերմինների իրավական օգտագործումը: Նկատենք, որ հարցն առ այսօր առկախ է և հրատապ: Խնդիրն ավելի է բարդանում, երբ դեռ զարգացման փուլում գտնվող և այս բնագավառին առնչվող հայրենական օրենքները լրամշակման և խմբագրման են ենթարկվում` համապատասխանեցվելով միջազգային օրենքներին: Գոյություն ունի աղանդի մի քանի սահմանում: Դասական առումով աղանդ համարում են կրոնական այն ուղղությունը, որը շեղվում է կրոնական գլխավոր ուղղությունից և սխալ վարդապետություն է քարոզում: Այս սահմանումը ներկայումս կորցրել է իր նախկին իմաստը: Հայ իրականության մեջ գործում են կրոնական բազմաթիվ շարժումներ: Հայ հավատացյալը, անշուշտ, չի հրավիրել նրանց գալ և գործել այստեղ: Նրանք եկել են և մխրճվել մեր ժողովրդի կյանք: Մեր եկեղեցին անդամ է մի շարք էկումենիկ միջազգային կազմակերպությունների և բավականին լավ հարաբերություններ ունի աշխարհի ամենատարբեր կրոնական կազմակերպությունների հետ, պատրաստ է համագործակցել բոլոր այն եկեղեցիների հետ, որոնք չեն զբաղվում հոգեորսությամբ, այլ ցուցաբերում են կառուցողական մոտեցում, պատրաստ են համագործակցելու աշխարհում խաղաղություն հաստատելուն, մարդու իրավունքների պաշտպանության և ժամանակակից հիմնախնդիրների շուրջ լուծումներ գտնելու համար»:
Բոլորն էլ մատնանշում են մարդու իրավունքների և խղճի ազատությանը վերաբերող միջազգային սկզբունքները: Մեզանից յուրաքանչյուրը ընտրելու իրավունք ունի. ձգտենք, որ մեր յուրաքանչյուր ընտրություն առավելապես բանական հիմնավորում ունենա:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
