Վանուշ Խանամիրյան. «Նկարում եմ նույն էնտուզիազմով, ինչ պար բեմադրելիս»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 13, 2010 9:00

«Դեռ 60-ականներին` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում աշխատելու տարիներին, ընդմիջումների ժամանակ նկարելու փորձեր էի անում: Չզարմանաք, բայց այդ տարիներին նկարչության համար որպես ներկ ծառայում էր գրիմը, իսկ վրձնի դերում` ցուցամատս: Դե, ինչպե՞ս կարող էր նման ձևով նկարելը գոհացուցիչ և գեղեցիկ լինել: Մի խոսքով, այդ տարիներին նկարելու անհաջող փորձեր էի անում»,- կարոտով հիշում է ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:

Նրա ցուցամատի հարվածներից ծնված նկարները կոլեկտիվում ուրախ տրամադրություն են ստեղծել: Երբեմն ընկերները կատակել են` նրան առաջարկելով իր հեղինակած գործերի անհատական ցուցահանդես բացել: «Այդ տարիներին նկարել եմ շուրջ 50 նկար, ընկերներիս նման առաջարկությանն արձագանքում էի. «Հինգ կոպեկ վճարեք յուրաքանչյուր նկարիս համար, որցուցահանդեսի համար պահանջվող ծախսերը վաստակեմ»: Իհարկե, նման կատակները մեր օրվա անբաժանելի մասն էին: Փորձերից հետո միշտ հարցնում էին. «Վանո՛ւշ, էսօր ի՞նչ ես նկարել»,- պատմում է արտիստը:

Իսկ երբ Վանուշ Խանամիրյանը բալետի աշխարհից տեղափոխվեց պարի աշխարհ, ժամանակավոր դադարեց նկարել: Նրան նկարելու հաճելի զբաղմունքից կարողացան կտրել միայն պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր բալետմայստերի պաշտոնները:

«1968-1992 թթ.` 26 տարի, առավոտից իրիկուն զբաղված էի, օրս այնքան հագեցած էր անցնում. բեմադրություններ էի անում, համերգներով ելույթներ էինք ունենում տարբեր երկրներում, այնպես որ նկարելու ժամանակ չէի ունենում: Նույնիսկ մոռացել էի նկարելու հաճելի սովորության մասին»,- ասում է վարպետը:

Բայց չէր էլ կարող ենթադրել, որ նկարելու մոռացված հաճելի սովորությունն իր ժամանակին էր սպասում ու այս անգամ արդեն հեղինակած գործերին նոր շունչ ու եռանդ, նոր խոսք ու բնավորություն հաղորդելու մոլուցքի էր վերածվելու: «Շուրջ 10 տարի է, ինչ ղեկավարում եմ Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, վերսկսել եմ նկարել: Այս ընթացքում ազատ ժամանակս թույլ է տալիս, որ երևակայությանս հագուրդ տամ»,- ասում է Խանամիրյան արտիստը: Իսկ 82-ամյա արտիստի երևակայության ներշնչանքի աղբյուրը Արարատ լեռն է. գրեթե բոլոր գործերում ներկա է Արարատի պատկերը: «Շատ եմ սիրում Արարատը, ինչպե՞ս կարող եմ չսիրել, երբ այս պատմական լեռն անմիջականորեն կապ ունի յուրաքանչյուր հայի հետ: Բնակարանիս պատուհանից պարզ երևում է Արարատը, հավատացե՛ք` այդ պահին կարծես այդ մոգական լեռը ափիս մեջ լինի, ու ամեն անգամ նկարելիս այդ գեղեցիկ պատկերն ինձ ուժ է հաղորդում»,- խանդավառված պատմում է վարպետը: Այս տարիներին արտերկրում շրջագայելիս վարպետը Արարատի պատկերով նկարներ է նվիրել սփյուռքահայ ընկերներին, և այսօր հպարտանում է, որ նրանց տան պատերը զարդարված են իր ոչ արհեստավարժ, բայց սիրով տոգորված նկարներով: «Երբ համերգներով շրջագայությունների ենք լինում արտերկրում, մարդիկ հենց իմանում են իմ նկարելու շնորհի մասին, արագ մատիտ, գուաշ, թուղթ են բերում ու խնդրում, որ իրենց համար մի բան նկարեմ: Անկեղծ եմ ասում, այդ մարդիկ շատ են շոյվում, շատ են ուրախանում, որ Վանուշից մի փոքր մասունք են ունենում»,- ասում է պարարվեստի լեգենդը:

Վանուշ Խանամիրյանի հեղինակած գործերին ոչ միայն սփյուռքահայերն են սպասում, այլև այստեղ ապրող բազմաթիվ անհատներ: Վարպետը, իր նկարները շռայլելով, մարդկանց օրը տոնի է վերածում: «Շատ պարուսույցներ, ովքեր իրենց համերգներին ինձ հրավիրում են, մի բան են խնդրում, որ իրենց նվիրեմ իմ գործերից որևէ բան, ինձ միշտ ասում են. «Քեզանից ոչ մի բան չենք ուզում, միայն խնդրում ենք. երբ բեմ բարձրանաս մեզ շնորհավորելու, այդ պահին քո նկարներից որևէ բան մեզ նվիրիր, մենք անչափ գոհ ու շնորհակալ կլինենք քեզ»: Շատ եմ ուրախանում, երբ իմ այդ համեստ նվերով մարդկանց կարողանում եմ ջերմացնել»,- ժպիտով ասում է արտիստը:

Վանուշ Խանամիրյանը խոստովանում է, որ այս տարիքում նկարելու ձիրքը պատահականորեն չի բացահայտվել: Նա շատ նկարիչ ընկերներ է ունեցել, հաճախ է այցելել նրանց արվեստանոցները ու լուռ հետևել, թե ինչպես են ստեղծագործում, որ գույներն են ներդաշնակ միմյանց հետ, պատկերներ ստանալու գաղտնիքը որն է, և առհասարակ որոնք են նկարելու տեխնիկայի նրբությունները: Իսկ այս հարցում նրա նկարիչ-ուսուցիչներն են եղել Մարտիրոս Սարյանը և վերջերս կյանքից հեռացած Վարուժան Վարդանյանը:

Արտիստի հեղինակած նկարների առաջին դիտողը նրա ընտանիքն է` կինը` Վիկտորյան, և դուստրը` Գայանեն: «Աղջիկս երբեմն ինձ դիտողություն է անում` ասելով. պապա ջան, գույների համադրությունը հաջողված չէ, կամ ինչո՞ւ ես ամեն նկարիդ մեջ Արարատը պատկերում, ուրիշ բան նկարիր: Ես էլ ասում եմ. բալի՛կ ջան, ինչ էլ նկարեմ, միևնույն է, Արարատը նկարի բովանդակությունից անբաժան է լինելու»,- ասում է պարոն Խանամիրյանը: Իսկ նրա արվեստանոցը նրա բնակարանն ու աշխատավայրն են:

Վանուշ Խանամիրյանի համար ինչպես պարարվեստը, այնպես էլ նկարչությունը հոգու բավարարության աղբյուր են: Նա հաշտ է իր գունապնակի բոլոր գույների հետ: «Նկարելիս կտրվում եմ իրական աշխարհից: Անընդհատ խոսում եմ գույների, պատկերների հետ: Վստահ եմ, որ անգամ դպրոցականն է իմ համեմատ գերազանց նկարում, բայց այն, ինչ ես եմ անում, հավատացեք, այս հասակում ինձ գոհունակություն է պատճառում: Շատ եմ սիրում նկարչությունը, այն պարարվեստի հետ անմիջականորեն կապ ունի: Նկարում եմ նույն էնտուզիազմով, ինչպես պար բեմադրելիս»,- ասում է վարպետը:

Վանուշ Խանամիրյանը չի պատրաստվում իր նկարների անհատական ցուցահանդեսը կազմակերպել, անհարմար է զգում, պրոֆեսիոնալ չէ, բայց և չի պատրաստվում իր միջից հեռացնել թե՛ պար բեմադրելու, թե՛ նկարելու եռանդը:

Դիտվել է 4180 անգամ:
Print Friendly

Leave a Reply