Սեզարիա Էվորա կամ «Բոկոտն թագուհին»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 7, 2010 9:00

Այս մականունով է կնքել ժողովուրդն իր սիրելի երգչուհուն: Նրա մեղեդային բալլադները երաժշտությունը գնահատողներին խելքահան են անում: Դրանցում լսվում է ծովի աղմուկը, մայրամուտի ալիքների հանդարտ ճողփյունը, դրանցում պարզ երջանկությունն է և սիրո սպասումով լեցուն լուռ երեկոները: Ինքը Սեզարիան համարում է, որ դա դրախտի երաժշտությունն է, ուր վերադարձել է մարդը՝ ստույգ իմանալով, որ ամեն պահի կարող է այն կորցնել:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Բեմում երգում է 1958-ից, սակայն երգչական կարիերան բավականին ուշ է սկսել: Մինդելոուում  բոլոր նավահանգստային քաղաքների նման եռում է գիշերային կյանքը: Տարիներ շարունակ Էվորան երգել է  բարերում` արտասահմանյան հյուրերի համար: Նրա երգը սիրվել է, ու  Էվորան մտածել է՝ այն կսիրի  նաև լայն հասարակայնությունը: Նրա նախընտրած  երաժշտական ժանրը մորնան է. այն Կաբո Վերդեի համար նույնն է, ինչ տանգոն Արգենտինայի համար: Այս ժանրն արդեն մեկուկես դարի պատմություն ունի: Մորնան քնարական,  հուզական երաժշտություն է և ուղեկցվում է պարերով: Ժանրի հիմքում բանաստեղծությունն է, որը կարող է նաև գոյություն ունենալ իբրև ինքնուրույն  բանաստեղծական ժանր: Այն սիրո, թախծի, բաժանության, կարոտի, մահվան ու բնության գեղեցկության,  անպատասխան սիրո մասին է: Ինքը՝ Սեզարիան, 16 տարեկանում սիրահարվել է մի գեղեցկատես կիթառահարի, սակայն այդ պատմությունն ընդհատվել է. «Փորձեցի երաժշտությանը փոխանցել սերս, թախիծս ու կարոտս»:

« 80-ականների դադարը նրա համար էր, որ  գնահատեմ ստեղծագործությունս ու մեծ աշխարհ տանող դուռը բացեմ: 47 տարեկան էի, երբ ինձ առաջարկվեց հանդես գալ Փարիզում: Ճիշտ է, ինձ համարում են «մորնայի թագուհի», սակայն մորնան սեր է, իսկ սիրո մեջ տիտղոսակիրներ չեն լինում»,- ասել է նա:

Երգչուհու  ելույթների ժամանակ նույնիսկ  տղամարդիկ են արտասվում, նշանակում է, որ Սեզարիային հաջողվել է թակել նրանց հոգին տանող դուռը: Դա նաև ճանաչում է նշանակում:

Սեզարիան երկու երեխա ունի , ապրում է մոր հետ. «Ես միշտ ապրել եմ մորս հետ, դա իմ կյանքի օրենքն է»: Մի առիթով ասել է. «Տղամարդկանց  մուտքն իմ տուն խստիվ արգելված է»:  Եվ պարզաբանում է. «Դա կատակ է, ուղղակի դեռևս չկա այն տղամարդը, ով ինձ վստահություն կներշնչի, ես հակառակ սեռի հանդեպ պարտադիր պահանջներ ունեմ…»:

Սեզարիան շատ է  սիրում և գնում ոսկեղեն ու բացատրում է, որ դա ամենևին էլ ագահություն չէ, այլ կենսական պահանջ. «Ոսկի մանկուց եմ սիրում, ինչպես բոլոր աֆրիկյան կանայք: Չէ՞ որ աղքատ երկրներում մարդիկ այսօրվա կյանքով  ապրելու իրավունքից զրկված են, դրա համար էլ միշտ նեղ օրվա համար հետ են գցում. ի՞նչ իմանաս, թե հետո ինչ կլինի»:

«Ես միլիոնատեր չեմ, ինչպե՞ս կարող ես միլիոնատեր լինել մի երկրում, ուր այդքան շատ են աղքատները: Իմ գրեթե բոլոր հոնորարները նվիրաբերում եմ մանկական զանազան սոցիալական ծրագրեր իրականացնելուն»: Սեզարիան ֆինանսավորում է երկրի տարրական կրթությունը:

Նախկինում նա բեմ էր դուրս գալիս  ոտաբոբիկ, ծխախոտով ու կոնյակով: Այսօր կոնյակի փոխարեն միայն ջուր է խմում, սակայն ծխախոտից ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել: Իսկ բոբիկ է, որովհետև դրա մեջ խորհուրդ կա`  աղքատությունը, որում ապրում են նրա հայրենակիցները. դա  համերկրացի կանանց հետ համերաշխության  նշան է:

Նրան ճանաչում բերեց Besame Muchօ երգը, որը երգչուհու թալիսմանն է:

Հայաստանը Սեզարիայի համար Շառլ Ազնավուրի հողն է: Նա երազում է երբևիցե զուգերգով հանդես գալ Ազնավուրի հետ:

« Ереван», նոյեմբեր, 2009 թ.

Դիտվել է 2895 անգամ:
Print Friendly

Leave a Reply