Վիրջինիա Վուլֆ. միայնակ ինքդ քեզ հետ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 24, 2010 9:00

1941 թ. մարտի 28-ին Օուտս գետի երկայնքով թափառում էր մի տարօրինակ կին. նա ինչոր բան էր քթի տակ մրմնջում ու սարսափով նայում երկնքին: Լոնդոնի ռմբակոծությունից հետո փողոցներում հաճախ կարելի էր հանդիպել խելացնոր մարդկանց, ովքեր նախկինում հարգարժան լեդիներ ու ջենտլմեններ էին եղել: Անցորդներն ուշադրություն չէին դարձնում նրա վրա: Մինչդեռ հենց այդ օրը պետք էր նրան կանգնեցնել ու տուն տանել, որտեղ նրան սպասում էր ահաբեկված ամուսինը. Վիրջինիան պատրաստվում էր նետվել գետն ու վերջ տալ կյանքին:

Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թ. հունվարի 25-ին, Լոնդոնում: Երջանիկ մանկություն է ունեցել: Տան փոքրն էր. ուներ երկու եղբայր ու քույր: Ընտանիքը համերաշխ էր: Նրա հայրը գրաքննադատ Լեսլի Սթիվենն էր, որ իրեն առաջադեմ հայացքների տեր և տնային դաստիարակության ջատագով էր համարում: Ուրիշ ընտանիքներում ընդունված էր տղաներին փակ դպրոց ուղարկել, իսկ աղջիկները միայն լեզուներ էին սովորում, երաժշտություն և տնտեսություն վարելու հմտություն: Վիկտորիանական դարաշրջանում ծնողներին էր վերապահվում աղջիկների ընթերցանության ընտրությունը: Բայց ոչ Սթիվենների ընտանիքում. նրանց գրադարանը բաց էր բոլորի համար, և երեխաները կարող էին ազատ ընտրություն կատարել: Բացի այդ, Վիրջինիայի ծնողները հաճախակի հավաքույթներ էին կազմակերպում ու հրավիրում  ժամանակի  հետաքրքիր մարդկանց:

Սակայն այս ազատամտությունը, սերն ու շրջապատի  հոգատարությունը չպաշտպանեցին Վիրջինիային լուրջ ցնցումից: 1895-ին, երբ նա ընդամենը 13 տարեկան էր,  հյուր եկած զարմիկը փորձեց բռնաբարել նրան:  Վրա հասած ծառաներն  ազատեցին աղջկան: Սակայն այդ գիշերվա ապրումները խոր հետք թողեցին աղջկա ողջ կյանքի վրա: Նրա տառապանքներն անտանելի դարձան «առաջադեմ» ծնողների մեկնաբանությունների պատճառով. վերջիններս մեղադրեցին աղջկան  անզգուշության մեջ և խստիվ արգելեցին բողոքել որևիցե մեկին:

Վիրջինիան առաջին անգամ ինքնասպանության փորձ կատարեց մոր մահից հետո (վերջին ամիսներին մոր հետ պարզապես չէր խոսում):  Գուցե ժամանակի հետ նրանց փոխհարաբերությունները հարթվեին, սակայն մայրը մահացավ՝ այդպես էլ դստեր հետ չհաշտված: Վիրջինիան մեկուսացավ հասարակությունից, մի դեպրեսիային հաջորդում էր մյուսը: Նա  գրքերի մեջ էր հանգստություն փնտրում: Կամաց-կամաց սկսեց դուրս գալ իր կեղևից միայն 1904-ին, երբ արդեն 22 տարեկան էր: Հոր մահից հետո Վիրջինիան եղբայրների ու քրոջ հետ  տեղափոխվեց  բոհեմյան Բլումսբերի: Նրանց համեստ տանը կարծես գրական սալոն կազմավորվեց. թեյախմության էին գալիս հետաքրքիր մարդիկ: Վիրջինիան սկսեց ստեղծագործել «Թայմս» թերթի գրական հավելվածի համար: Նրա գրվածքները լայն ընդունելություն էին գտնում:

1906-ին մահացավ  սիրելի եղբայրը՝ Թոբին: Վիրջինիան երկրորդ անգամ ինքնասպանության փորձ կատարեց: Հետագայում նա գրեց «Ջեյքոբի սենյակը» գիրքը, որը նվիրված է եղբոր կյանքին ու մահվանը: Երբ 1907-ին քույրն ամուսնացավ,  Վիրջինիան եղբոր հետ տեղափոխվեց  Ֆիտցռոյսքվեր: Այս տանն են հետագա տարիներին տեղի ունեցել «բլումսբերյան խմբի» հանդիպումները, որի կազմում նկարիչներ էին ու գրողներ: Հինգշաբթի օրերին զրույցի էին գալիս ավելի ու ավելի շատ մարդիկ՝ հիմնականում Քեմբրիջի շրջանավարտներ: Մի նմանատիպ հավաքույթի ժամանակ Վիրջինիան ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Լեոնարդ Վուլֆի հետ: Նա իսկապես բարձր էր գնահատում փոխհարաբերությունների անկեղծությունը և ազատ կամքի դրսևորումը: Լեոնարդին չվանեց նաև  Վիրջինիայի` մարմնական մերձեցման հանդեպ զզվանքի մասին հայտարարությունը: Նրանք ամուսնացան 1912-ին ու ապրեցին  միասին 29 տարի: Նրանց տանը գործում էր գրական խմբակ:

Շուտով Վիրջինիան ամուսնու հետ հիմնեց «Հոգարդ պրեսս» հրատարակչությունը, որը գործում է մինչ օրս: Նա թարգմանեց ու Անգլիայում հրատարակեց ռուս դասականներին: Հրատարակեց նաև Զիգմունդ Ֆրեյդի լիակատար ժողովածուն: Իսկ ինչ վերաբերում է ամուսնության ֆիզիկական կողմին, մնաց անհայտ:

Լեոնարդն ապրում էր կնոջ համար անընդհատ վախի մեջ: Վիրջինիան անհավասարակշռված էր: Անկասկած, Վիրջինիան կայացավ որպես գրող ամուսնու շնորհիվ: Նրա  առաջին՝ «Ճանապարհորդություն սահմանից անդին»  վեպի վրա աշխատելու շրջանում Վիրջինիան կրկին  հոգեկան խանգարում ունեցավ  ու կրկին  ինքնասպանության անհաջող փորձ արեց: Իսկ 1915 թ. տարօրինակ  տեսիլքներ (հալյուցինացիաներ) առաջացան.  թվում էր, թե լսում է Հին Հունաստանում ձիթենու ճյուղերին նստոտած թռչունների դայլայլը: Նա համոզված էր, որ դրանք հենց այն ժամանակաշրջանում ու այն ծառերին նստոտած թռչունների երգն էր: Նա հասկանում էր, որ խելագարվում է:

1919-ին հրատարակվեց Վուլֆի երկրորդ վեպը՝ «Գիշերն ու ցերեկը», որին հաջորդեց «Ջեյքոբի սենյակը»: 1928-ին լույս տեսավ  հանրահայտ «Օրլանդոն»: Ինչ վերաբերում է կյանքի էմոցիոնալ կողմին, առանց որի հնարավոր չէ պարզապես ստեղծագործել, ապա Վիրջինիան, հրաժարվելով տղամարդկանցից, սիրահարվում էր կանանց: Նա ներկայիս իմաստով  լեսբուհի չէր, չնայած Պոլ Ռասսելն իր «100 գեյերի ու լեսբուհիների կյանքի համառոտ նկարագրությունը» գրքում տեղ է հատկացրել նաև Վիրջինիա Վուլֆին: Ուրիշ հեղինակներ նույնպես հանրահայտ համասեռամոլների շարքում հիշատակում են Վիրջինիայի անունը` մոռանալով, որ Վիրջինիայի համար զզվելի էր ֆիզիկական սիրո ցանկացած դրսևորում, նույնիսկ ձեռքսեղմումն էր նրա համար տհաճ: Այնպես որ կարելի է ասել` Վիրջինիայի սիրավեպերը երևակայական էին: Սակայն նա լրջորեն սիրահարված էր  Մեջ Վանին, ինչի արդյունքը «Միսսիս Դելոուեյ» վեպն էր: Հետո տարվեց Վայոլեթ Դիքինսոնով ու գրեց «Փարոսի վրա» վեպը: Ավելի ուշ նրա հետաքրքրությունը կոմպոզիտոր Էթել Սմիթով ծնունդ տվեց պատմվածքների ու էսսեների «Երբ անցնում է ժամանակը» ժողովածուին:

Իսկ նրա  կյանքի գլխավոր սերը դարձավ գրող, բանաստեղծուհի Սեքվիլ Ուեսթը, որ մի անգամ հայտարարեց. «Ես հավատում եմ, որ կգա մի ժամանակ, երբ սեռային տարբերությունները նվազագույնի կհասնեն և, ի վերջո, կվերանան, կառաջանա ամբիվալենտական ոչնչություն, որն իր մեջ կմիավորի թե՛ իգականը, թե՛ արականը: Նրանց «սիրավեպի»  արգասիքն էր «Օռլանդոն», որի գլխավոր հերոսը  XVI դարում ծնված մի տղամարդ է, որ հետո վերափոխվում է կնոջ և ապրում մինչև XX դարը՝ զարմանքով նկատելով, որ ոչ մի տարբերություն, փոփոխություն  իր մեջ չի զգում: Վիտա Սեքվիլ Ուեսթի որդին վեպի կապակցությամբ ասել է. «Սա գրականության պատմության մեջ ամենաերկար ու ամենահրաշալի սիրային նամակն է»:

Վիրջինիան նաև  բազմաթիվ էսսեների հեղինակ է և համարվում է ֆեմինիստական շարժման հիմնադիրներից մեկը:

«Միսսիս Դելոուեյ» վեպում գործողությունը տևում է ընդամենը մեկ օր: Այն ժամանակ դա  բավականին հանդուգն քայլ էր. ընդունված էր, որ կերպարի կյանքը պետք է նկարագրվեր սկզբից մինչև վերջ, հիմնավոր ու հերթականությամբ: Սակայն Վիրջինիայի շարադրանքն  անսովոր էր:

1940-ին Լոնդոնի ռմբակոծության ժամանակ  Վուլֆերի տունն ավերվեց: Վիրջինիայի դեպրեսիան սրվեց, վերադարձան հալյուցինացիաները: Վիրջինիան ու Լեոնարդը  տեղափոխվեցին Ռոդմելլ, ուր   նույնպես Վիրջինիան հանգիստ չգտավ: Նա շատ էր վախենում նացիստներից: Համոզված էր, որ Լեոնարդը` ազգությամբ հրեա, նոր վարչակարգի առաջին զոհը կդառնա: Ժամանակ առ ժամանակ նրա գիտակցությունը պայծառանում էր, սակայն դրանից նա ավելի  վատ էր զգում` հասկանալով, որ իր վիճակն անխուսափելի խելագարության է տանում:

1941-ի մարտի 28-ին Վիրջինիան գնաց գետի ափին զբոսնելու ու այլևս չվերադարձավ:

«Նրանք խելքահան արեցին աշխարհը» ժողովածուից

Դիտվել է 3166 անգամ:
Print Friendly

Leave a Reply