Ծեծել են Թիմուր Ցխուրբաթիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2010 15:06

Հուլիսի 24-ին “XXI  SECULARE” թերթի գլխավոր խմբագիր Թիմուր Ցխուրբաթին (որի հոդվածը իր երկրի քաղաքական իրավիճակի մասին կարող եք կարդալ մեր կայքում) ծեծի է ենթարկվել 10-15 հոգուց բաղկացած մի խմբի կողմից: 

Ըստ ձեռք բերված տեղեկությունների` խմբում եղել են նաև Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավորներ: Ներկայումս Թիմուր Ցխուրբաթին` բազմաթիվ վնասվածքներով և ուղեղի ցնցումով, գտնվում է Ցխինվալի հիվանդանոցում: 

Հուլիսի 17-ին Լեյդեն քաղաքում (Նիդեռլանդներ) Վրաց-օսական համաժողովում ընդունվեց ուղերձ Ժնևի խորհրդատվությունների մասնակիցներին, որում համաժողովը կոչ է անում աջակցություն ցույց տալ Վրաստանի և Հարավային Օսիայի խաղաղ բնակչության հիմնախնդիրների լուծմանը: 

Հուլիսի 23-ին արդեն որոշ ռուսական կայքերում հայտնվեցին հրապարակումներ, որոնք համաժողովի մասնակիցներին մեղադրում էին դավաճանության մեջ,   օսական հեռուստատեսության եթերում հայտարարություն արեց Հարավային Օսիայի նախագահի` հետկոնֆլիկտային կարգավորման գծով քաղնախագահ Բորիս Չոչիևը, որ նույնպես  մեադրում էր համաժողովի մասնակիցներին “ՀՕՀ-ի ազգային շահերի դավաճանության” մեջ:  

Նույն օրը երեկոյան մի քանի անձինք, այդ թվում և խորհրդարանի պատգամավորներ, հեռախոսով սպառնացին Ցխուրբաթիին և պահանջեցին “զրույց ունենալ իրենց հետ”: Մասնավորապես նրան զանգահարել է Կազիմիր Պլիևը: Ցխուրբաթին խորհուրդ տվեց սպառնացողներին հրապարակային երկխոսություն սկսել հեռուստատեսության եթերում: Ըստ ՀՕՀ-ի “ԶԼՄ-ների մասին” օրենքի` ՀՕՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտվելու պետական ԶԼՄ-ներից` հերքելու համար այն տեղեկատվությունը, որը վերաբերում է իր գործունեությանը: 

Հուլիսի 24-ին` մոտավորապես  ժամը 13-ին, Ցխինվալ քաղաքի կենտրոնում  Թիմուր Ցխուրբաթիի վրա հարձակվել է 10-15 հոգի, նրանց թվում` ՀՕՀ-ի խորհրդարանի պատգամավորներ Ալան Խասիևը, Կազիմիր Պլիևը, Դմիտրի Վանեևը: Նրանք ստիպել են Խասիևին նստել իրենց մեքենան: Երբ Թիմուրը հրաժարվել է  և հարցրել, թե բանն ինչ է, նրան անվանել են դավաճան և մեղադրել այն բանի համար, որ նա Հոլանդիայում ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել վրացիների հետ: Թիմուրը պատասխանել է, որ պատրաստ է հեռուստատեսության ուղիղ եթերով երկխոսության մեջ մտնել կամ նրանց հետ ոստիկանություն գնալ, կանգնել դատարանի առջև և պատասխան տալ իր յուրաքանչյուր խոսքի և յուրաքանչյուր արարքի համար` ըստ օրենքի տառի: “Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ ամեն ինչի համար պատասխան տալ”,- ասել է նա իր վրա հարձակվող մարդկանց: Վերջիններս համառորեն փորձել են նրան մեքենա մտցնել և առաջարկել են ամեն ինչ պարզաբանել քաղաքից դուրս, սակայն Թիմուրը կտրականապես հրաժարվել է նստել մեքենան: Նրանք փորձել են նրան ուժով մեքենան մտցնել: Պատռել են նրա վերնաշապիկը, հարվածներ են հասցրել դեմքին, ինչի հետևանքով Թիմուրը բախվել է անցնող մի մեքենայի, որի ճակատային ապակին ջարդուփշուր է եղել: Խումբը շարունակել է հարվածել Թիմուրին, նա վազել է դեպի մոտակայքում գտնվող Կարմիր խաչի գրասենյակը: Գրասենյակի պահակները երկար ժամանակ չեն բացել դարպասները, և Թիմուրը ստիպված է եղել  ներս թափանցել դարպասի վրայով` ցատկելով ՄԿԽ-ի պահակի տնակի տանիքի վրա: Այդ պահին խորհրդարանի պատգամավոր, ՀՕՀ-ի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Կազիմիր Պլիևը  հանել է ատրճանակը և նշան բռնել Ցխուրբաթիի վրա` ասելով. “Սպանե?մ քեզ”: Թիմուրը պատասխանել է` կրակիր: Սակայն կրակոց չի հնչել: ՄԿԽ-ի գրասենյակ է ժամանել ՀՕՀ-ի ՊԱԿ-ի ներկայացուցիչը և Թիմուրին տարել հիվանդանոց: Այդ մասին արձանագրություն կա հիվանդանոցի ընդունարանում: Բժշկի զննումից հետո պարզվել է, որ Թիմուրը ձեռքի կոտրվածք ունի, վզին` կտրվածք և շրթունքի պատռվածք: Հերթապահ վիրաբույժը կարեր է դրել վերքերին և  գիպսի մեջ դրել ձեռքը: Թիմուրը նաև պորտաճողվածքի կարիք ունի:

Դիտվել է 2443 անգամ:
Print Friendly

Leave a Reply