Հայաստանում ընդմիշտ չենք մնա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 5, 2010 9:00

Երևանի «Միկա» մարզասրահում կայացած բասկետբոլիստուհիների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը Մալթայի ներկայացուցիչներից հետո զբաղեցրել է  2-րդ տեղը և իրավունք ստացել  եկող տարի մասնակցելու B դիվիզիոնի առաջնությանը: Հատկապես մեծ էր մեր ընտրանու կազմում հանդես եկած երկու խաղացողների` Քրիստինե Քեփենեկյանի և Ամանդա Ջեքսոնի ներդրումը: Մրցաշարի ավարտից հետո թիմերի գլխավոր մարզիչների շրջանում անցկացված հարցման արդյունքով երկուսն էլ ընդգրկվել են խորհրդանշական հավաքականում: Իսկ Քեփենեկյանը ճանաչվել է լավագույն խաղացող: Օվկիանոսից անդին ուղևորվելուց առաջ զրուցեցինք երկու մարզուհիների հետ: Նրանք  խոսեցին մրցաշարի և իրենց մասին:

Ք. Քեփենեկյան Տասնմեկ տարի առաջ ենք ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ: Այժմ 24 տարեկան եմ: 2003-ին և 2007-ին Գլենդելի հավաքականի կազմում Երևանում մասնակցել եմ համահայկական խաղերին, ուշադրության արժանացել: Զանգահարեցին ու հրավիրեցին խաղալու Հայաստանի հավաքականի կազմում: Ես էլ կամեցա օգնել: Խաղում էի Կալիֆոռնիայի սիրողական թիմերից մեկում: Այժմ ուզում եմ որևէ պրոֆեսիոնալ ակումբում ընդգրկվել: ԱՄՆ-ում բասկետբոլի մրցավարությամբ եմ զբաղվում, սակայն մտադիր եմ ոստիկանական համակարգում աշխատանքի անցնել: Հայաստանի հավաքականում ինձ և ԱՄՆ-ից եկած Արփինե Ամիրխանյանին շատ լավ ընդունեցին: Ցանկալի էր, որ այս մրցաշարում առաջին տեղը գրավենք, սակայն եզրափակչի մեր մրցակիցը` Մալթայի հավաքականը, ավելի լավ խաղաց: Հանդիսականները շատ էին քաջալերում մեզ,  բայց դա չօգնեց: Շոգն էլ խանգարեց: Դժվար էր խաղալը, շնչահեղձ էինք լինում: Ես դիմակով եմ խաղում, քանի որ վերջերս` երևանյան մրցաշարի մեկնարկից երեք շաբաթ առաջ, քիթս կոտրվել էր: Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների ակումբի մասին քիչ բան գիտեմ: Սակայն եթե առաջարկեն, անպայման այդ թիմում կխաղամ: Հայաստանը ձգում է: Կուզենայի մի քանի ամիս այստեղ ապրել, սակայն մինչև կյանքիս վերջն այստեղ բնակվելու նպատակ չկա: Սովորել եմ դրսի կյանքին: Ի դեպ, Հայաստանում շատ բարեկամներ ունեմ, նրանք Կալինինոյում են, Նորաշենում չորս մորաքույրներս են, քեռիս, տատիկս: Մենք կաթոլիկ հայ ենք: Հայրս Երևանից է: Բարեկամներիս մեծ մասն էլ մայրաքաղաքում է բնակվում: Պապս Արևմտյան Հայաստանից է:

Ա. Ջեքսոն Ինձ հաճախ են հարցնում` «Հատիսի» կազմո՞ւմ է հեշտ խաղալ, թե՞ Հայաստանի հավաքականում: Երկու թիմերում էլ հավասար սիրով եմ հանդես գալիս: Դրանցում տարբեր խաղացողներ են: Դժվարանում եմ ասել, թե այդ թիմերից որն է ինձ համար ավելի հոգեհարազատ: Բայց հավաքականի խաղացողների հետ ավելի մտերիմ եմ, քանի որ ավելի երկար ժամանակ ենք միասին մարզվել, իրար հետ մնացել: Իսկ «Հատիսին» միացել էի վերջին խաղերի ժամանակ: Հայաստանի բնակիչներին շատ եմ հավանում, երևի դա նրանից է, որ բասկետբոլն այստեղ սիրում են, հասկանում: Ինձ փողոցում ճանաչում են, գովեստի խոսքեր ուղղում, հարցեր տալիս: Հաճելի է, երբ ուշադրության կենտրոնում ես: Եզրափակիչ հանդիպման ավարտից շատ առաջ ես 5-րդ զգուշացումը ստացա և ստիպված էի լքել խաղահրապարակը: Գիտեի, որ կանոնների խախտում կատարելու իրավունք չունեմ, բայց  չկարողացա ինձ զսպել, քանի որ այդ խաղացողը կոպտություն էր դրսևորում իմ հանդեպ: Կարճ ասած` հունից դուրս էի եկել: Եվ իմ այդ արարքով անելանելի վիճակում թողեցի Հայաստանի հավաքականին, փաստորեն այլևս թիմին հնարավորություն չմնաց փրկելու խաղը: Իմ կարծիքով` այս մրցաշարում Մոլդովայի հավաքականն ավելի ուժեղ էր, քան Մալթայի ընտրանին: Մոլդովուհիներն ավելի բարձրահասակ էին, ֆիզիկապես ուժեղ, բայց նրանց արժանի փոխարինողներ չկային: Ինչ վերաբերում է այն հարցին, թե չե՞մ պատրաստվում մնալ Հայաստանում, ամուսնանալ, կյանքս այստեղ շարունակել, ապա ասեմ, որ առայժմ այդպիսի մտադրություններ չունեմ: Բնակվում եմ ԱՄՆ-ի Օհայո նահանգում: Մեր տոհմում բասկետբոլիստներ չեն եղել: Ի դեպ, մեր ընտանիքը մեծ է` հինգ քույր ենք:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply