Դարձյալ նույն պատմությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 27, 2010 13:49

Օրերս Ջերմուկում ավարտվեց շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը, որին մասնակցեցին մինչև 18, 14, 12, 10 տարեկան խմբերի  շուրջ 200 խաղացողներ: Առաջին անգամ չէ, որ անցկացվում է այս ստուգատեսը, և առաջին անգամ չէ, որ այն համարվում է միջազգային: Սակայն տարիներ ի վեր նույն պատկերն է: Ինչպես ասում են` անունը կա, ամանում չկա:  Ուղղակի ծիծաղելի է այդ մրցաշարերը միջազգային համարել: Թվում էր, թե այս անգամ ստուգատեսը կազմակերպելիս հնարավորը կարվի, որպեսզի այն քիչ թե շատ արտասահմանցի շախմատիստների բերի Հայաստան, սակայն նման բան չեղավ:

Փաստն այն է, որ այդ մրցաշարը նախկինում արտասահմանի ներկայացուցիչներին գրեթե չի հրապուրել: Հավանաբար պատճառն այն է,  որ Ջերմուկը շատերին ծանոթ չէ, կամ ֆինանսներ չեն գտնվում, որպեսզի պատանիներին գործուղեն այս մրցաշարին: Եվ իրականում նախորդ մրցաշարերը միջազգայինի տպավորություն չեն թողել: Լավագույն դեպքում դրսից մի քանի խաղացող է եկել, որոնք հիմնականում մեր հայրենակիցներն են եղել: Իսկ այդ պայմաններում մրցաշարի կազմակերպումը հավասարազոր է հանցագործության:

Բանն այն է, որ թեև այս մրցաշարը կազմակերպում է Հայաստանի շախմատային ակադեմիան, հովանավորում  և ֆինանսներ է հատկացնում մեր երկրի  կառավարությունը:  Ընդ որում, միայն մրցաշարի  պարգևատրման հիմնադրամն այս տարի 2,5 մլն դրամ էր: Թվում էր, թե  տարեցտարի կավելանան արտասահմանից եկող շախմատիստները, բայց աստիճամաբար պատկերն ավելի անմխիթար է դառնում: Վերջին մրցաշարում այլ երկրների դրոշների ներքո խաղում էր ընդամենը 7 շախմատիստ: Նրանք ներկայացնում էին Ռուսաստանը, Ուկրաինան,  Գերմանիան, Իրանը: Ընդ որում, արտասահմանցիներից հայ չէր միայն իրանցի Ռեզա Մոհամեդը որը, ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր, հաղթեց 12 տարեկանների մրցաշարում: Ուշագրավ ևս երկու փաստ. ավագ տարիքային խմբում հանդես եկած 38 շախմատիստներից միայն մեկն էր արտասահմանից: Ցուցակում Սաթենիկ Գրիգորյանն էր, որ ներկայացնում էր Գերմանիան: Իսկ ահա 14 տարեկանների պայքարում ներգրավված 52 շախմատիստներից միայն երկուսն էին օտարերկրացի: Գոռ Պատինյանն Ուկրաինայից էր, իսկ Կլարա Հունանյանը` Ռուսաստանից: Փաստորեն, իրականում միայն մեկ այլազգի է խաղացել միջազգային կոչված մրցաշարում: Իսկ մնացած վեց խաղացողները, թեև արտասահմանյան տարբեր ֆեդերացիաներ էին ներկայացնում, իրականում հայ են: Այսինքն` վերջիններիս թվում էին նրանք, ովքեր բարեկամական կապեր ունեն Հայաստանում, ամառը եկել են հանգստանալու և ձեռքի հետ էլ մրցաշարի են մասնակցել:

Ուշագրավ է, որ կազմակերպիչները փորձում են բոլորին թյուրիմացության մեջ գցել: Օրինակ` մինչև 18 տարեկանների մրցաշարը շախմատի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացույցում  նշված է որպես միջազգային բաց մրցաշար: Ինչպես հայտնվեց,  միայն դրսից մեկ շախմատիստուհի էր գրանցված: Եվ մրցաշարը սկսվել էր, մի քանի տուր էլ` անցել, սակայն նա այդպես էլ մրցավայր ներկայանալու ցանկություն չուներ: Զարմանալի է, որ Գրիգորյանին ցուցակից հանելու մտադրություն էլ չկար: Նրան շարունակ ներգավում էին վիճակահանության մեջ և նոր մրցակից ընտրում, հետո էլ պարտություն գրանցում: Թե ինչու, հավանաբար դժվար չէ կռահել:

Ցավալի է, որ շարունակ թմբկահարվում է, որ  Ջերմուկում անցկացվում է շախմատի պատանեկան միջազգային մրցաշար, սակայն կազմակերպիչները, վատնելով  պետության հատկացրած միջոցները, այդպես էլ անկեղծություն չեն ունենում հրապարակավ  հայտնելու, թե ինչ վիճակ է, այսինքն` մրցաշարը միջազգային չէ: Ինքնըստինքյան հարց է ծագում, թե ինչու պետությունն այս ամենի համար պետք է ծախսեր անի, և ի՞նչ կարող է տալ այս մրցաշարը Հայաստանում շախմատի զարգացմանը:

Մեդալի մյուս երեսն այն է, որ մրցաշարի մասնակից երեխաները մուտքավճար են տալիս: Գուցե լավ է, որ ամռանը նրանք Ջերմուկում են լինում, սակայն պահանջվող ֆինանսներն էլ քիչ չեն` 10 օրվա համար 75-105 հազար դրամ: Իսկ այդպիսի գումարով  տղաներն ու աղջիկները ցանկացած առողջարանային վայրում կարող են հանգստանալ:

Այս տարի պատանեկան մրցաշարի անցկացման ժամկետը համընկել էր Ջերմուկում կազմակերպված շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի հետ: Թերևս միակ գրավիչ հանգամանքն այն էր, որ Ջերմուկում գտնվող պատանի շախմատիստները և շախմատիստուհիները հնարավորություն էին ստացել տեսնելու անվանի գրոսմայստերների և հետևելու նրանց պարտիաների ընթացքին: Սակայն դա փոքր սփոփանք կարելի է համարել: Այդ երեխաների համար ավելի օգտակար կարելի է համարել այն, որ նրանք հետևեն, օրինակ, Երևանում կազմակերպվող Հայաստանի շախմատիստների առաջնությանը, քան կանանց «Գրան պրի» մրցաշարին:

Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե այդ մրցաշարը մեր երկրին ընդհանրապես պետք չէ: Եթե այն պատշաճ մակարդակով կազմակերպվի, զգալի օգուտ կտա:  Մի՞թե այդքան անօգնական ենք: Ստացվում է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր հարևան երկրների այս մարզաձևի ֆեդերացիաների հետ ընդհանրապես կապեր չունի: Գուցե պետք է վերլուծություն անել, գուցե մրցաշարի կազմակերպման ժամկետը հարմար չի ընտրվում, կամ ֆինանսական խնդիրներ են առաջանում: Այս ամենը հարկ է պարզել:

Ի դեպ, մեր հարևանները սիրով կմասնակցեին: Մասնավորապես, Իրանում ներկայումս տարեկան մի քանի տասնյակ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների միջև միջազգային  մրացաշար է կազմակերպվում: Այսինքն` այդ երկրում խաղացող շախմատիստներ ունեն: Ընդ որում, Ջերմուկն Իրանին մոտ է, և այդ երկրի ներկայացուցիչներն անգամ ավտոտրանսպորտով կարող են մրցավայր հասնել: Հայաստանի շախմատիստները պարբերաբար հանդես են գալիս  Վրաստանում կազմակերպվող միջազգային մրցաշարերում: Մինչդեռ Վրաստանից անգամ մեկ մասնակից Հայաստան չի գալիս խաղալու: Ըստ երևույթին մեր հարևանները վստահ չեն, որ միջազգային  անվանվող հայաստանյան մրցաշարը պատշաճ մակարդակով է անցկացվելու, և, ցավոք, նրանց կասկածներն արդարացվում են: Ընդ որում, միջազգային մրցաշարի մակարդակն ավելի ցածր է, քան Հայաստանի պատանեկան առաջնության մակարդակը, քանի որ  մեր ոչ բոլոր ուժեղագույններն են մասնակցում:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ  շախմատիստներին  չի գայթակղում մի մրցաշար, որը պարգևատրման հիմնադրամ ունի:  Այն այնքան էլ մեծ չէ: Հաջողակները` 1-3-րդ տեղ գրաված շախմատիստները,   թերևս փոխհատուցեն մրցաշարին մասնակցելու ծախսերը: Ընդամենը: Այդ մրցանակներն այնպիսին չեն, որ խաղացողները եկամուտների մասին մտածեն: Բայց եթե երեխան իր ծնողի հետ  է մրցավայր ժամանում, իսկ մեծ մասը հենց այդպես էլ անում է, ապա նույնիսկ առաջին տեղը գրավողն իր կատարած ծախսերի փոխհատուցումը չի ստանա:

Ի դեպ, ամեն տարի այս մրցաշարի անցկացումից հետո որոշ լրատվամիջոցներ քննադատական խոսքեր են ուղղում այդ մրցաշարի կազմակերպիչների հասցեին: Սակայն  դրանից ոչ մի հետևություն չի արվում: Նշանակում է` ամեն տարի պետական փողերը քամուն են տրվում:  Հավանաբար Հայաստանի կառավարության ներկայացուցիչները  սա բարի գործ են համարում, կարծում են,  այդ միջոցները մեր երկրում շախմատի զարգացման համար են տրամադրվում, բայց իրականում  նման բան չկա, դրանք նպատակին չեն ծառայում: Իսկ թե ով է դրա մեղավորը, արդեն այլ  խոսակցության նյութ է:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply